Ինձ միշտ էլ դուր են եկել նախասեմինարյան այն 5-7 րոպեները, երբ մեկը մյուսի հետևից, կամաց կամաց հավաքվում են սեմինարի մասնակից դասավանդողները: Այդ 5-7 րոպեների ընթացքում իրար են փոխանցվում ողջույնի ջերմ խոսքեր, տեղեկություններ, որ չէին հասցրել միմյանց ասել: Այդ 5-7 րոպեների ընթացքում, եթե չես էլ հասցնում բոլորի հետ խոսել, ապա գոնե մի ժպիտով, բարի կամեցող հայացքով հասցնում ես ասել բոլորին: «Ուրախ եմ, որ ձեր հետ եմ, որ միասին ենք աշխատում»: Բարևելով Հասմիկ Ղազարյանին`անխոս շնորհակալություն հայտնեցի նրան՝ «Դպիր» մանկավարժական հանդեսում իմ վերջին հոդվածի խմբագիրը լինելու համար: Ռինա Շագինյանն էլ հիշեցրեց, որ փետրվարի 10-ին ժամը 12:00-ին «Գեղարվեստի հարթակ» ակումբի հյուրն է լինելու Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի կինը՝ Եկատերինե Բաքրաձեն: Երբ ներս մտավ Վահրամ Թոքմաջյանը, ողջույնի հետ միասին արագ տեղեկացրեց, որ շատ հնարավոր է իր ելույթով մասնակցի Իսպանիայում կայանալիք պատմության ուսուցիչների գիտաժողովին: Իրինա Ապոյանն ու Սիլվա Հարությունյանն էլ ասացին, որ երբևէ միասին չեն նկարվել:
Արդեն ժամը 15:15-է, սեմինարի սկիզբն է ազդարարում Գևորգ Հակոբյանը: Երկու հարց էր քննարկվելու սեմինարին. «Հունվարյան ճամբարի ամփոփում, ինքնագնահատում. խնդիրներ և գարնանային նախագծերով ստուգատեսի նկատառումներ»: Սեմինարավար Գևորգ Հակոբյանը առաջարկեց, որ դասավանդողներն իրենք գնահատեն իրենց հունվարյան գործունեությունը՝ նշելով և՚ դրականը, և՚ նկատված բացթողումներն ու առաջացած խնդիրները: Առաջինը ես խոսք վերցրեցի: Նշեցի, որ կրթահամալիրի առաջին գիտագործնական հավաքը հետաքրքիր էր ու հաջողված: Այն հետաքրքիր էր, նախ և առաջ, կրթահամալիրի դպրոցներում կազմակերպվող կլոր սեղան քննարկումներով, որոնց բովանդակությունը հագեցնում էին տասնյակ դասավանդողների ու սովորողների նախագծերը լուսաբանող պրեզենտացիաները: Կլոր սեղան-քննարկումները ավելի էին նշանավորվում ու իմաստ ստանում տարբեր դպրոցների և սովորողների խմբերի միմյանց փոխայցելություններով և ծնողների մասնակցություններով: Այս առումով առանձնացրեցի Հյուսիսային դպրոցում՝ Գեղարվեստում կազմակերպված կլոր-սեղան քննարկումը ներառական կրթության վերաբերյալ: Վարպետության դասերն ավելի նպատակային դարձնելու համար առաջարկեցի, որ կազմակերպիչները ավելի ճիշտ ընտրեն տվյալ վարպետության դասին համապատասխան լսարանը:
Սիլվա Հարությունյանն իր խոսքում նշեց, որ հաջողված էր իրենց ներկայացրած թարգմանչական նախագիծը, բայց հավաքի ժամանակ խնդիրներ էին առաջանում սովորողների ոչ բավարար քանակով մասնակցության պատճառով: Արսեն Գալստյանը և Հասմիկ Ղազարյանը նշեցին, որ հավաքի ժամանակ համագործակցել են «Հայ օտարագիր գրողներ» նախագծի շրջանակներում: Արսեն Գալստյանը նաև նշեց, որ խորհրդատվության ժամերը անարդյունավետ եղան, քանի որ դրանք նշանակվել էին ժամը 13-ից հետո, երբ սովորողների մեծ մասն արդեն տուն էր գնում: Ելենա Սարգսյանն իր խոսքում ավելի շատ կենտրոնացավ ճամբարային այլ գործունեությունների վրա. օրինակ, այն փաստը, որ իր ջոկատում միայն տղաներ էին ընդգրկված, մասնակցեցին Ագարակի աշխատանքներին:
Սեմինարի ընթացքում տիար Բլեյանը սենյակից սենյակ էր անցնում և խոսում տվյալ դպրոցում առաջացած կարևոր խնդիրների մասին, որոնց վրա ուշադրությունը պետք է կենտրոնացնել: Երբ նա մտավ Ավագ դպրոցի դասավանդողների սեմինարի համար հատկացված դասասենյակը, ասաց, որ հիմա իրեն մտահոգում է մեր 12-րդ դասարանցիների հարցը, ովքեր իրենցից անկախ պատճառներով, կարծես, այնքան էլ ներգրավված չեն կրթահամալիրային կյանքում: Բայց արդյո՞ք մենք բավարար ուշադրության ենք նրանց արժանացնում: Այս տարվա 12-րդ դասարանցիների կարգավիճակը նորություն է մեր հանրապետության կրթական համակարգում: Տիար Բլեյանը առաջարկեց կլոր սեղան կազմակերպել այս տարվա մեր շրջանավարտների հետ, լսել նրանց, ավելի մոտ կանգնել նրանց խնդիրներին և մշակել նոր անհատական պլաններ, որոնք կբավարարեն բոլոր 12-րդցիների կրթական պահանջները այս ուստարվա երրորդ շրջանում:
Սեմինարն այնքան հագեցած անցավ, որ երկրորդ հարցի քննարկումը տեղափոխվեց հաջորդ սեմինար: