• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջերմուկ աշխարհ

Նկարագրություն: 
Ջերմուկը ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում)։ Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից` պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց։ Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ 1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին` համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։ 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10 000 բնակիչ, շուրջ 2 000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց` ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով։ Հարկ է նշել, որ արևոտ ու պայծառ օրերի քանակով քաղաքը նախկին միութենական առողջարանների մեջ զբաղեցնում էր առաջին տեղերից մեկը: