• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երերույքի տաճար կամ Երերույքի Սուրբ Կարապետ վկայարան

Նկարագրություն: 
Երերույքի տաճարը կամ Երերույքի Սուրբ Կարապետ վկայարանը վաղ քրիստոնեական շրջանի` 4-5-րդ դարերի շինություն է, որն իր մեջ ունի անտիկ ճարտարապետության տարրեր: Տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ: Ըստ ժողովրդական ստուգաբանության` անվանումն առաջացել է 6 սյուների ճարտարապետական լուծումից, որի շնորհիվ հեռվից դիտողին թվում է, թե տաճարը երերում է: Երերույքը համարվում է Հայաստանի հնագույն և ամենաարժեքավոր կառույցներից մեկը: Հարավային պատին, արևելյան կողմում հունարեն փորագրված է 92-րդ սաղմոսի 5-րդ երգի 2-րդ մասը. «Սրբությունը վայել է քո տանը, Տեր, երկար օրեր»: 1908-ին Ն. Մառը պեղել է տաճարի ներսը, 1948-ին ամրացվել են նրա պատերը: 2010-2011-ին Երերույքում աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի և Ֆրանսիայից՝ Պրովանսի համալսարանին կից գործող “Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի” մասնագետները: Կատարված պեղումների ժամանակ տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ: Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ: Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրի Տոնապետյանը, 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում: Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել: Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում: Երերույքի տաճարը զգալի տուժել է 1988-ի ավերիչ երկրաշարժից, այժմ վթարային վիճակում է: