• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներառական կրթության ծրագրի իրականացման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողը կրթություն բոլորի համար՝ ներառական ուսուցման ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր)  ուսուցում է ստանում սույն կարգի համաձայն: Կարգի համար իրավական հիմք են ՀՀ ԿԳՆ կողմից սահմանված կարգով սովորողի վկայագրումը, ուսումնառության պայմանագիրը, ՀՀ ԿԳ նախարարության հետ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) կնքած պայմանագիրը, կրթահամալիրի  Զարգացման ծրագիրը: Ծրագրի տարեկան  ծախսերի նախահաշիվը և հաշվետվությունը կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Նախահաշվում սովորողի թվի փոփոխություն կատարվում է ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ` սեպտեմբերին և հունվարին, բացառիկ դեպքերում կրթահամալիրի խորհուրդի համաձայնությամբ արվում է ընթացիկ փոփոխություն:

Ծրագրում սովորողի ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման, պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը: Կրթահամալիրի բազմամասնագիտական խումբը (հոգեբան, լոգոպեդ) կատարում է երեխայի կրթական կարիքի նախնական գնահատում:
Սովորողի ներառումը կազմակերպելու համար Ծրագիրն ապահովում է ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր՝ ընտանիքի դպրոցահասակ անդամների կրթական կարիքը հոգալով կրթահամալիրի դպրոցներում, արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորում:
Դասարանի ընտրությունը կատարում է հանրակրթական դպրոցի ղեկավարը` նկատի ունենալով դասարանում հատուկ կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը:
Սովորողի համար կազմվում է անձնական գործերի փաթեթ՝ ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր, ԲՀԿ-ի կողմից տրված եզրակացություն, բժշկական փաստաթղթեր, անհատական ուսումնական պլան:
Սովորողի ուսուցումը կազմակերպվում է  անհատական ուսումնական պլանով, որի մշակմանը մասնակցում են դասարանի դասավանդողները, սովորողի ծնողը և այլ մասնագետներ։ Անհրաժեշտության դեպքում սովորողի համար անհատական ծրագրով կազմակերպվում է տնային ուսուցում։ Սովորողի անհատական ուսուսումնական պլանի կատարման համար դասավանդողների և այլ մանագետների կողմից կատարվում է հետազոտական ստեղծագործական աշխատանք (նոր ուսումնական նյութեր, մեթոդական մշակումներ), որի ծախսերը կատարվում են ծրագրի միջոցներով։
Կրթահամալիրի, այլ պետական և հասարակական կառույցների կողմից Ծրագրի դասավանդողների և այլ մասնագետների համար պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական զարգացման սեմինարներ, ծնողների համար` իրազեկման սեմինարներ, որոնց մասնակցությունը պարտադիր է:
Ծնողի հետ համագործակցությունը (ծնողի մասնակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը, անհրաժեշտության դեպքում` սովորողի դասերին, իրազեկման սեմինարներին, ծրագրով նախատեսված հարցումներին և այլ քննարկումների) պարտադիր պայման է:
Սովորողի ներառումը ապահովելու համար ստեղծվում կամ ձեռք են բերվում կարիքին համապատասխան պայմաններ (տեխնիկական սարքեր, սարքավորումներ, խոհանոցային, լաբորատոր սարքեր, հարմար կահավորանք և այլն):
Ծրագրի մասնագետները կարգի համաձայն իրականացնում են խորհրդատվություն, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում: Անհատական պարապմունքներ իրականացնում են խիստ անհրաժեշտության դեպքում շաբաթական երկու անգամ: Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում ծնողը կարիքը հոգում է դպրոցից դուրս:
Մասնագետին համապատասխան աշխատանքային պայմաններով ապահովում է դպրոցի ղեկավարը՝ հաշվի առնելով մասնագիտական պահանջները և մասնագետի ծառայությունից օգտվողների թիվը:
Իրենց դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն են ցույց տալիս համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի, ունեցող դասավանդողները:
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի կարիքին համապատասխան` կամ որպես սովորողի ընտրած մարզաձև կամ ֆիզիոթերապիայի պարապմունք:
Ապահովվում է  Ծրագրով երեխային հատկացվող բյուջետային գումարների ծախսումը ծախսերի տարեկան նախահաշվով, որի վերահսկումը իրականացնում է Խորհուրդը, իսկ սույն կարգի պահանջների համաձայն հաշվապահական հաշվառումը` կրթահամալիրի հաշվապահությունը:
Ծրագրի յուրաքանչյուր սովորողի (այն պահից սկսած, երբ ունի հատուկ կարիքը հաստատող ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր) ամսական (ուսումնական ամիսներին) հատկացվում է սննդի գումար` անկախ սովորողի բացակայություններից: Ծրագրի նախահաշվով որոշված սննդի գումարի տնտեսումներն ուղղվում են հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպմանը և պայմանների բարելավմանը, հատուկ կարիքների համար դասարանում-դպրոցում նյութական պայմանների ստեղծմանը և բարելավմանը:
Տրանսպորտային ծրախսերի գումար հատկացվում է այն սովորողներին, ովքեր երթևեկում են: Նախահաշվով որոշված ծախսային այս ուղղության տնտեսված գումարներն ուղղվում են Ծրագրի սովորողների մասնակցությամբ ուսումնական ճամփորդությունների, տնային ուսուցման կազմակերպմանը:
Ծնողի առաջարկով սովորողին տրվող ամսական սննդի և տրանսպորտի գումարը տրամադրվում է այլ ծախսերի կազմակերպմանը:
Անհրաժեշտության դեպքում Ծրագիրն աջակցում է սովորողի բուժման ծախսերը հոգալուն: