• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս ամենն անում ենք, որ նաև ուրիշներին հավեսի գցենք, ներգրավենք, փոխանցենք

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։

– Պարո՛ն Բլեյան, այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Որքանո՞վ է Հայաստանում ճիշտ ընկալվում օրվա խորհուրդը, ու որքանո՞վ են երեխաների իրավունքները պաշտպանված մեզանում:

– Ինձ համար հունիսի 1-ը եղել և մնում է երեխաների իրավունքների, որոնք սահմանված են միջազգային կոնվենցիայով ու նաև Հայաստանի համապատասխան օրենքով, պաշտպանության ու դրանց ստուգատեսի օր, այսինքն՝ որքանով են երեխաներն իրոք մեր գործողությունների, ուշադրության կենտրոնում:

Ես պետք է մեր դպրոցի օրինակով ասեմ, որովհետև չեմ ցանկանում գնահատական հնչեցնել մյուսների արած կամ չարած գործերին: Մենք ունենք ավանդական մի քանի բան ստեղծած, ու ես ուրախ եմ, որ այս տարի ոչ միայն բան չի փոխվել, այլ նաև մի բան էլ ավելի արվեց:

Մենք հունիսի 1-ը սկսում ենք ճամբարային կյանքով՝ ամբողջ կրթահամալիրը՝ իր 3 հազարից ավելի երեխաներով, անցավ երևանյան ճամբարների կազմակերպման, իրական ուսումնական ճամբարներ, որոնք սկսել ենք մայիսի 30-ից:

Այս տարի այստեղ երկու կարևորագույն փոփոխություն կատարվեց. մի մասում մտավ ազգագրությունը՝ որպես առանցք, և երկրորդը՝ որոշեցինք մեր ճամբարները բացել նաև մեր հայրենակիցների առաջ, երկու մարզ ենք ընտրել՝ Վայոց ձորի մարզի փոքրաթիվ երեխաներով 16 դպրոց, մենք նրանց նամակներ ենք գրել, արձագանքներն արդեն ունենք, նրանց հրավիրել ենք մեկ շաբաթ ապրել ճամբարային կյանքով: Այս կերպ փորձում ենք ցույց տալ, որ մեր ընտանիքում պաշտպանված են մարդասիրությունն ու երեխայասիրությունը՝ որպես արժեքներ:

Այդպես է նաև «Գագարին» նախագծի վեց դպրոցների՝ Զովաբերի, Ծաղկունքի, Դդմաշենի, Գեղամավանի, Վարսերի, Գագարինի համար: Հետո կլինեն ուրիշ ճամբարներ, բայց հունիսի 1-ը բոլոր դեպքերում տալիս է հնարավորություն, այսպես ասած, ընդարձակել մեր ճամբարները, հետո նախապատրաստվել գյուղական ճամբարների, երբ մեր երեխաներն են այցելում գյուղեր, ապրում գյուղացիների տներում՝ ծանոթանալով իրական Հայաստանին՝ իր խնդիրներով ու ամեն ինչով: Այս ամենն անում ենք, որ նաև ուրիշներին հավեսի գցենք, ներգրավենք, փոխանցենք, բայց, կրկնում եմ, ճիշտ չի լինի, որ ես գնահատական տամ այլոց աշխատանքներին:

 – Այս ամենն ասացիք սեբաստացիների մասով, բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանում երեխաների իրավունքների, թեկուզ հենց կրթության իրավունքը որքանո՞վ է պատշաճ իրացվում: Ծնողները գիտակցո՞ւմ են, թե երեխան ինչ իրավունքներ ունի, որ ձեռնամուխ լինեն դրանց պաշտպանությանը:

– Ինձ մի քանի բան կա, որ անհանգստացնում է ներկա իրավիճակում: Առաջինն այն հակաճաշակն է, որի մեջ երեխան մեծանում է: Այդտեղ շատ ակնհայտ է նաև հանրային ազդեցությունը: Սա շատ լուրջ, գուցե նաև՝ թիվ մեկ խնդիրն է: Մյուսը, որ կուզեի, որ երեխայի կյանքում այդ ոչ ֆորմալ կրթությունը տեղ ունենա: Ճամբարների մասին հատուկ ասացի, որովհետև երեխան այդտեղ սկսում է իր ժամանակի տերը լինել ու տնօրինել իր ժամանակը, բայց այնպես չէ, որ ինքն անում է վատ բաներ, չէ՛, ինքն անում է սիրելի բաներ:

Շատ լավ կլիներ, որ երեխայի ուսումը, կյանքը կառուցված լինեին հենց իր հետաքրքրության վրա, որովհետև շատ են խոսում մոտիվացիայից, բայց ամենամեծ մոտիվացիան հենց հետաքրքրությունն է, որովհետև այդ հետաքրքրությունն է խթանում քեզ, հավեսի բերում: Լավ կլիներ, որ հենց սրա վրա կառուցվեր, ոչ թե՝ պարտավորությունների, խստացումների:

Ամբողջ հունիս ամիսը կարող էր լինել ոչ թե քննական, այլ ուսումնական ամիս, երբ ուսուցիչները ֆորմալ դասերից ազատ են, Հայաստանով մեկ սկսեին գործել հայրենագիտական, ազգագրական ճամբարներ, ու կյանքում առաջանում են փոփոխություններ, կապեր: Կրթությունը պետք է զբաղվի իրական խնդիրների լուծմամբ, հակառակ դեպքում չի հասկացվում, ասում ենք՝ սովորենք «հետո»-ի համար, բայց ներկայով չզբաղվե՞նք, չփոխե՞նք, այդ խնդիրները չլուծե՞նք:

– Իսկ ինչո՞ւ ձեր նշած ձևով չի արվում:

– Մենք մեր կյանքի գլխավոր խնդիրների լուծման իրական մասնակիցը չենք:

– Այսինքն՝ իրականությունից կտրվա՞ծ ենք, իրականությունը չե՞նք գիտակցում, պարո՛ն Բլեյան:

– Այո՛, իրականության գիտակցում չկա: Անընդհատ ինչ-որ բաներ դառնում են ավելի կարևոր՝ հետևում թողնելով ամենակարևորը:

– Անճաշակությունը համարեցիք գլխավոր խնդիրը, որ խնդրեմ կմանրամասնեք՝ ո՞ր առումով նկատի ունեք:

– Օրինակի համար՝ ես չեմ կարողանում հասկանալ այս համատարած երաժշտական ճաշակը: Երբ տեսնում ես, թե ինչ ենք լսում ու երգում, ամաչում ես, ես, օրինակ՝ ամաչում եմ: Այդ անճաշակության լավագույն դրսևորումը հարսանիքներն են. ո՛նց կարելի է ունենալ Կոմիտաս՝ իր հարսանեկան այդ ամբողջ ծեսով, բայց ունենալ հարսանիքների այսպիսի խայտառակ ավանդույթ:

Մեր ծիսական կյանքն ախր այնքան մշակութային է, մաքրող, որ դրա միջոցով կարելի էր շատ հարցեր լուծել, ամբողջ հասարակությանը դրա միջոցով անցկացնել ու մաքրել, բայց արի ու տես, որ այդպես չէ: Մեր բոլոր ծեսերն այսօր օտարված են հասարակությունից, փոխանակ հակառակը լիներ:

– Գուցե հասարակությունը ձգտում է ավելի ժամանակակիցին, դրա համար է՞լ ավանդական ծեսերն այսօր պահանջված չեն:

– Մեր կրթահամալիրի 30 քանի տարվա օրինակը հենց դրա համար է լավ, որ ցույց է տալիս, որ ոչ միայն մատաղ սերնդին է ձգում մեր ավանդականը, այլ նաև իրենց ծնողներին: Ընդհանրապես, նաև պետությունն է դրա համար, պետական դպրոցն է դրա համար, բա ինչո՞վ պետք է զբաղվեին, բա ո՞վ պետք է այդ մշակույթն ու լեզուն փոխանցի գալիք սերունդներին: Ինչի՞ համար է բա պետությունը, հանրային դպրոցը:

Ժամանակին չունեինք ու երազում էինք այսօրվա մասին, հիմա էլ կան այդ պետությունը, դպրոցը, ու պետք է իր առաքելությամբ ու իմաստով գործի ամբողջությամբ: Գումարած նաև ընտանիքը, որովհետև ընտանիքն էլ իր կարևոր դերն ունի, բայց առանց պետական պաշտպանության մի տեսակ անպաշտպան է մնում ու խոցելի դառնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Լուսանկարը՝ Արփինե Սիմոնյանի