• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարորդին մեքենա վարել մի՛ սովորեցրեք

Կոնստանտին Շերեմետև

Վարորդին մեքենա վարել մի՛ սովորեցրեք 

Շփումը բարդ գոծընթաց է։ Բայց շփման բազմաթիվ սխալների մեջ կա մեկը, որ միանգամայն պարադոքսալ է. բոլորին սովորեցնելու ձգտումը։
Հաճախ եմ նամակներ ստանում, թե ես հղումները սխալ եմ անում, իմ կայքը սխալ է ու ընդհանրապես ինտելեկտից բոլորովին գլուխ չեմ հանում, բայց հանձն եմ առել սովորեցնելու։
Գուցե և այդպես է։
Բայց պարադոքս է։ Հեղինակները, չգիտես ինչու, միշտ մոռանում են նշել իրենց կայքը, չեն հիշատակում իրենց մասնագիտական փորձի մասին և երբեք հղումներ չեն անում իրենց հրատարակումներին, ըստ որոնց հնարավոր կլինի դատել տվյալ հարցի շուրջ իրենց իրազեկության մասին։ Դրա համար էլ այդ տեսակ խորհուրդները պարզապես անտեսում եմ։ Ի՞նչ իմաստ ունի անիրազեկ մարդկանց լսելը։
Բայց հարց է ծագում. Ինչո՞ւ են մարդիկ խորհուրդներ տալիս, առանց թեմային տիրապետելու։

Արհեստավարժ խորհրդատուները

Ինձ մի ասեք՝ ինչ անեմ,
և ես չեմ ասի՝ ուր գնաք։
Միխայիլ Ժվանեցկի

Խորհուրդներ տալու ցանկության հիմքում սեփական անձի մեծության ու անսխալականության զգացումն է։ Ո՞նց թե… Եթե ես ամեն ինչ գիտեմ ու բոլորից լավ, ո՞նց լռեմ։
Ավելին, արհեստավարժ խորհրդատուները ոչ միայն շրջապատին են սովորեցնում, այլև կիլոմետրով մեկնաբանություններ են գրում տարբեր բլոգներում ու ֆորումներում, ուր բոլորին սովորեցնում են ամեն ինչ։ Մի հարց. ի՞նչ արժե էդ խորհուրդը։
Պատասխանը պարզ է. եթե ձեր խորհրդի համար չեն վճարում, ձեր գիտցածի գինը զրո է։ Դրա համար էլ հանգիստ դրանք ձեզ պահեք
Դուք կարող եք համարել, թե գլուխ եք հանում ինչ-որ բանից, եթե մարդիկ պատրաստ են վճարելու ձեր գիտելիքի համար։ Ուրեմն, եթե դուք ձեզ համարում եք մասնագետ, փորձեք ձեր գիտելիքը վաճառել։ Այդպես դուք օգտակար գործ կանեք թե՛ ձեզ, թե՛ ձեր շրջապատի համար։
Ի՞նչ է լինում, որ, մասնագետ չլինելով, աջ ու ձախ խորհուրդներ եք տալիս։ Անհեթեթ բան է դուրս գալիս. որքան շատ ու հաճախ եք բոլորին սովորեցնում, էնքան շատ մարդ է ձեզ հիմար համարում ու ծիծաղում ձեզ վրա։
Հետևաբար, եթե ուզում եք շրջապատի հետ հարաբերությունները լավացնել, խորհուրդ տվեք միայն նրանց, ովքեր ձեզ խնդրում են։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը