• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ապրիլի 9-ից սկսած՝ ամեն օրը նախագծի իրագործման համատեղ ուսումնական աշխատանք

Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին

Հարգելի քաղաքապետ.
Ապրիլի 9-ին մենք սովորողների ու ծնողների, ուսուցիչների աշխատանքային խմբերով կմասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին, կիրականացնենք կրթահամալիրի դպրոցների շրջակա միջավայրի-բնակավայրի բարեկարգման, մաքրման, կանաչապատման, ծառատնկման մի քանի տասնյակ գործեր: Հիմա մենք աշխատում ենք այդ գործերի որոշման, դրանց նախապատրաստության վրա:
Մենք գլխավորապես կենտրոնանալու ենք 2015թ-ի դեկտեմբերին կրթահամալիրի և քաղաքացտիական նախաձեռնության կողմից 15-12-417 և 15-12-436  գրություններով ներկայացված, Ձեր նախաձեռնությամբ քննարկված,  Ձեր հավանությանն արժանացած «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի՝ Հարավարևմտյան զանգվածի Բ-1, Բ-4, Ադմիրալ Իսակովի թաղամասերի ուսումնական հաստատությունները միավորող հետիոտն-սայլակավոր-հեծանվաուղային անցումների բարեկարգման, դրանց երկարությամբ ձգվող տարածքների մաքրման ու կանաչապատման վրա: Նախագծի իրականացմանը 2016-ին առավելագույն աջակցություն ցուցաբերելու Ձեր խոստումը, ուզում ենք, որ այս շաբաթօրյակով վստահություն հաղորդի-կազմակերպի մեր կրթական համայնքին այնպես, որ ապրիլի 9-ից սկսած ամեն օրը նախագծի իրագործման համատեղ ուսումնական աշխատանք դառնա: 2016թ. հունիսի 5-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը», կդառնա բաց հարթակ մինչ այդ կրթական պարտեզում կատարված աշխատանքերի համար: Ապրիլի 25-ից կրթահամալիրում մեկնարկում է բնապահպանական ուսումնական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսը, որում կրթական պարտեզի խնդիրների քննարկումը առանցքային կլինի:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը և կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցը նախաձեռնել են համատեղ նախագծային ուսումնական արվեստանոցի ստեղծումը, որտեղ կրթական պարտեզի, կրթահամալիրի կրթական օբյեկտների ներքին ու արտաքին տարածքների բարեկարգման-կանաչապատման աշխատանքների նախագծումը կիրականացվի:
«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամն սկսել է կրթական պարտեզ քաղաքացիական նախաձեռնության իրականացման համար դրամական միջոցների հավաքագրումը: Քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, կրթահամալիրի կայքում հրապարակվում են ապրիլի 9-ի շաբաթօրյակի գործերն ըստ դպրոցների և խմբերի, լուսաբանվում է կրթական պարտեզի ողջ գործունեությունը սովորողների, ուսուցիչների, թաղամասի բնակիչների միջոցով:
Խնդրում ենք Ձեր հանձնարարությունը քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին, Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավարին՝ առավելագույն գործուն աջակցություն ցուցաբերել:
Ձեզ սպասում ենք ապրիլի 9-ի շաբաթօրյակին մեր կրթական պարտեզում:

Հարգանքով`
կրթահամալիրի տնօրեն՝  Ա. Բլեյան
քաղաքացիական նախաձեռնության ղեկավար՝  Ա. Մելքոնյան
Նոր դպրոցի ղեկավար՝ Ն. Նիկողոսյան
Դպրոց-պարտեզի ղեկավար՝ Տ. Բլեյան
Գեղարվեստի դպրոցի ղեկավար՝ Ք. Ներսիսյան
Հիմնական դպրոցի ղեկավար՝ Շ. Պողոսյան
Քոլեջի ղեկավար՝ Ն. Սարգսյան
Միջին դպրոցի ղեկավար՝ Մ Սարգսյան
Ավագ դպրոցի ղեկավար՝ Մ. Ասատրյան
Բնասերի դպրոցի ղեկավար՝ Խ. Հազարումյան
Մեդիակենտրոնի ղեկավար՝ Զ. Առաքելյան