• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«ԴիջիԹեք 2015»-ի փոքրիկ գյուտարարները 10-11-ամյա աշակերտներ են

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը «ԴիջիԹեք էքսպո 2015»-ին ներկայացել է դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանցիների պատրաստած ռոբոտով, որը տարբերում է կարմիր, կապույտ և դեղին գույնի փոքրիկ գնդակները ու դրանք կրակում համապատասխան ամանի մեջ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց 11-ամյա Նազելի Տեր-Պետրոսյանը, իրենք ռոբոտը պատրաստել են երկու օրում, օգտագործել են մեկ լուսային սենսոր, երեք շարժիչ: «Մենք ռոբոտը պատրաստել ենք այնպես, որ այն դեղին, կարմիր ու կապույտ գույները տարբերում է իրարից և դրանք գցում յուրաքանչյուրի համար նախատեսված ամանի մեջ: Առաջին շարժիչը պտտեցնում է ռոբոտը՝ ըստ նրա դիրքի, կարմիր գույնը սկզբնական դիրքն է, այն մնում է առջևում, կապույտ գույնի համար պտտվում է ձախ, իսկ դեղինի դեպքում՝ աջ: Լուսային սենսորը որոշում է գույնը, երկրորդ շարժիչը հրում է գնդակը, իսկ մյուսն օգնում է գնդակին ընկել ամանի մեջ: Ու այդպիսով ռոբոտն աշխատում է»,-սարքի աշխատանքը նկարագրեց 11-ամյա աշակերտուհին:
 
Նրա թիմակից 10-ամյա Սերգեյ Սանախչյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում կպատրաստեն ռոբոտ, որը կտեղադրվի հատուկ գծային սխեմայի վրա ու կշարժվի՝ ըստ այդ գծերի: Բացի այդ՝ պատրաստվում են ստեղծել ռուբիկ-կուբիկ հավաքող ռոբոտ:
 
«ԴիջիԹեք 2015»-ն անցկացվում է հոկտեմբերի 2-4-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Միջոցառումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման պլատինե հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է: Եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ են միավորվել 170 ընկերություն 10 երկրից, ակնկալվում է 40 հազարից ավելի այցելու:
 
Աղբյուրը՝ http://armenpress.am/arm