• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էքսպոյից...

Ի՞նչ ասել է Դիջիթեք Էքսպո ցուցահանդես: Հըմ... Digitec նշանակում է digital + technologies = թվային տեխնոլոգիաներ, այսինքն՝ թվային տեխնոլոգիաների ցուցահանդես: Իսկ սա նշանակում է լիքը հետաքրքիր տեխնոլոգիաներ, ծրագրեր, նախագծեր, որոնք հավաքված են մի վայրում: Այնտեղ ներկայանում են տարբեր կազմակերպություններից` հայտնի, անհայտ...

Շատ տաղավարներ կային, որ շա՜տ հավանեցի: Օրինակ` Picsart-ի տաղավարը, նրանք ստեղծել էին հակագրավիտացիոն սենյակ, որտեղ հավես լուսանկարներ էին ստացվում, այս տաղավարում ոչ միայն այդ սենյակն էր լավը, այլև համով, շա՜տ համով թխվածքաբլիթներ կային, sticker-ներ կային ու բարի ժպիտով, ուրախ Picsartist-ներ, ովքեր ներկայացնում էին այս տարօրինակ տաղավարը:
Հետաքրքիր տաղավարների շարքից է նաև Ucom-ի տաղավարը: Էքսպոյի շենքում հազիվ թե կարողանայի անաղմուկ տեղ գտնել, սակայն արի ու տես, որ Ucom-ի տաղավարում հերիք չէ՝ աղմուկ չկա, մի հատ էլ թռչունների ձայն կա, որին էլ գումարվում են կանաչ խոտը, փայտե նստարանները... Չգիտեմ՝ ինչպես էին այդ ամենն արել, ինչ չարչարանքով, բայց շա՜տ լավ էր ստացվել...
Հետաքրքիր էր նաև Volo կազմակերպության տաղավարը, հետաքրքիր ծառ ունեին: Ու համեղ կեքսիկներ:
Շա՜տ հետաքրքիր կազմակերպություններ կային, սակայն բոլորի մասին չեմ կարող խոսել: Հիմա ավելի լավ կլինի, որ խոսեմ կրթահամալիրի տաղավարի մասին: Կրթահամալիրն էլ, միշտ մասնակցում է Էքսպոյին, ներկայանում է, սակայն ներկայացնում է ոչ թե որևէ թվային տեխնոլոգիա, այլ հենց այդ թվային տեխնոլոգիաների դերը կրթության մեջ, որպես արդյունավետ միջոց, ներկայացնում է իր առօրյան, կրթական շքերթները, «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը, նոր սպորտաձևերը (սուսերամարտ, նետաձգություն, հեծանվասպորտ, ձիասպորտ և այլն...), Մեդիաուրբաթները, երգերը-պարերը, ուսուցումը նոթբուք-նեթբուքերով... գրավիչ է, չէ՞, հնչում, միանգամից ցանկություն է առաջանում միանալու կրթահամալիրին, սովորելու այնտեղ, երգել, պարել, ուսումնասիրել, դառնալ կրթահամալիրի անդամ, մասնիկ...

Ու էսպես շատերը մոտեցան, հետաքրքրվեցին, հարցեր տվեցին, կրթահամալիրով հատկապես հետաքրքրվում էին մայրիկ-հայրիկները, տատիկ-պապիկները...
Մենք էլ պատմում էինք, ներկայացնում, հեռուստացույցով էլ ցույց էինք տալիս տեսանյութեր, որոնց հեղինակը Սեբաստացի TV-ն էր (tv.mskh.am), և որոնք կրթահամալիրի վառ առօրյայի մասին էին: Ներկայացնում էինք նաև մեր Ռոբոտիքսի ակումբը, որի տաղավարն առանձին էր, ակումբը ներկայացնում էր գույներ տարբերող ռոբոտ, որն ի միջի այլոց ծրագրավորել էին կրթահամալիրի սովորողները:
Կրթահամալիրի տարբեր դպրոցներից լրագրողներ էին գալիս, լուսանկարում, հարցազրույցներ վերցնում, նրանք շատ օպերատիվ էին աշխատում, նյութերն արագ պատրաստում էին, տեղադրում կայքում, լուսաբանում, կիսվում տպավորություններով: Ահա այն նյութերը, որոնք տեղադրվել են կայքում Էքսպոյի ընթացքում.

Կարծում եմ՝ դեռ էլի կտեղադրվեն...
Իսկ հիմա, որպես ուրախ վերջաբան, պատմեմ կրթահամալիրի տաղավար այցելած մի յուրահատուկ հյուրի մասին. խոսքս ShadowMatic-ի ստեղծողներից մեկի` Դաբաղյան Բագրատի մասին է, ով մասնակցել է մի խաղի ստեղծմանը, որի նմանը չկա աշխարհում, որը հայկական է, որը արժանացել է Apple Design Award 2015 մրցանակի... հիացած եմ այդ խաղով...
Եկավ մեր տաղավարի մոտ կանգնեց, ուշադիր նայում էր էկրանին, կրթահամալիրի տեսանյութերը... ես էլ սկսեցի կրթահամալիրը ներկայացնել: Ու պարզվեց, որ նա սովորել է մեր կրթահամալիրում...
Առիթից օգտվեցի` հրավիրեցի կրթահամալիր, հաստատ գիտեմ, որ մյուս սեբաստացիներն էլ ինձ նման հիացած են խաղով, խաղը ստեղծողների աշխատանքով, ավելի մանրամասն կիմանանք խաղի մասին, ստեղծելու ընթացքի մասին, Դաբաղյան Բագրատի մասին...

Ես էլի հպարտ եմ... որովհետև սեբաստացի եմ...

Լուսանկարի աղբյուրը` tv.mskh.am