• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ինտելեկտուալ զրույցները շարունակվում են

 Այսօր Կրթահամալիրի Կենտրոնում շատ սերտ միջավայրում տեղի ունեցավ Ամառային ինտելեկտուալ քննարկումների հերթական հանդիպումը։ Զրուցում էինք Կորտասարի «Ճաշից հետո» պատմվածքի շուրջ։ Խոսվեց ծնող-երեխա հարաբերությունների, սխալ կամ ճիշտ դաստիարակության, տաբուների, ծնողի կողմից երեխայի անձնական տարածք ներխուժելու և իրենցը պարտադրելու մասին։ Նաև կարծիք եղավ, որ Կորտասարը, հիշատակվող արարածին անորոշ ներկայացնելով, ի նկատի է ունեցել հերոսի երկրորդ «ես»-ը։ Կանգ առանք նաև փաստի վրա, որ Կորտասարը շատ բան է տեքստում անորոշ ներկայացրել, օրինակ՝ չի հստակեցրել նաև փոքրիկ հերոսի սեռը։ Ըստ ընկեր Հասմիկի՝ այսօրվա թեման ոչ այնքան փիլիսոփայական բնույթ ուներ, որքան մանկավարժական։ Միանշանակ, կյանքից հաճույք չստացող, իր շրջապատից վախեցած, ծնողների ու իրեն վստահված արարածի, նաև իր մահը կամեցող մարդը այդպիսին դառնալու որոշակի պատճառ պիտի ունենար։ Ըստ տիկին Նունեի՝ այդ պատճառը սիրո պակասն էր։ Սա հիանալի հնարավորություն էր ինքներս մեզ վերանայելու, մեր ծնողների ու մեր հարաբերությունները քննելու, ինքնադաստիարակվելու համար, քանի որ միայն այսպիսով կարող ենք ապագայում մեր զավակներին ոչ թե փոխանցել նախնիներից ժառանգած, կարծրացած դաստիարակությունը, այլ թույլ տալ, որ նրանք իրենց կյանքը ապրեն յուրովի։ 
   Հաջորդ՝ վերջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին, նույն ժամին, նույն վայրում։ Զրուցելու ենք բարոյականության, մասնավորապես կրոնական բարոյականության մասին՝ ըստ Մարսել Էմեի «Պոլդևյան առասպել» նովելի։ Պատմվածքն ընդամենը 11 էջ է, բայց էլեկտրոնային տարբերակով չկա ո՛չ հայերեն, ո՛չ ռուսերեն։ Այնպես որ, սպասում ենք ձեզ նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանում (կա 20-րդ դարի ֆրանսիական նովել» գրքում)։ Այդ օրը նաև կամփոփենք հանդիպումների շարքը, կփորձենք գնահատել անցնող հուլիսը։ Չմոռանաք, որ ձեզ սպասում ենք։

Աննա Գսպոյան