• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում Աշոտ Բլեյանի հետ

Ճամբարում ամեն օրը լի է հետաքրքիր ու վառ պահերով։ Ամենից մեծ անհամբերությամբ սպասում էինք «Հանրակրթական էկոտուր 2015» ճամբարի բացման արարողությանը։

Առաջին օրվանից մենք պատրաստվում էինք դրան. սովորում էինք պարեր, պատրաստում երգեր՝ զբաղված էինք մշակութային գործունեությամբ։ Սպասված օրը եկավ . բացումը տեղի ունեցավ։ Հայ-վրացական համատեղ կատարումներ,թատերական էտյուդներ։Հուսով եմ բոլորին դուր եկավ այն, ինչ պատրաստել էինք համատեղ ու միահամուռ ուժերով։ Նախքան ընթրելը մենք սկսեցինք ակտիվ քննարկումները մեր սպասված հյուրի՝ տիար Բլեյանի հետ (մինչև հանդիպումը չգիտեինք ինչ է տիարը. դա էլ իմացանք)։

Քննարկումը հետաքրքիր էր ու բազմաբովանդակ։ Մենք զրույցը շարունակեցինք մինչև ուշ գիշեր. սակայն հաշվի առանք ճամբարի կանոնները։ Զրույցը սկիզբ առավ դպրոցական կյանքի քննարկումից. մենք կցանկանայինք, որ սեբաստացիների ազատ ու անկախ վիճակը, աշակերտ-ուսուցիչ շփումը գոնե կիսով չափ լիներ սովորական դպրոցներում։ Թեման առավել բուռն դարձավ, երբ դրան ավելացան սոցիալական, հասարակական ու բնապահպանական խնդիրները։ Մեզ՝ բնապահպաններիս, առավել հուզող թեման կարող էր լինել միանշանակ բնապահպանականը, սակայն Աշոտ Բլեյանի հետ զրույցը անցնում է առանց սահմանների և դա էր պատճառը,որ մեր զրույցը զուտ երկու բառ փոխանակելով չավարտվեց, այլ ծավալվեց մտահորիզոնի ամենախորը անկյունները՝ մեր մեջ առաջ բերելով նորանոր զգացմոունքներ ու հույզեր։Ու մտքումս ասում էի՝զիլ է։ Անսովոր մարդ է Աշոտ Բլեյանը։ Այս հետաքրիր բանավեճ-քննարկումը նա սկսեց մի պարզ հարցով. «Կարող եք ասել՝ ի՞նչ չտեսա այստեղ եկող ճանապարհին»։ Պատասխանները հետաքրքիր էին, սակայն ոչ ճիշտ։ Պատասխանը մեկն էր՝ նա չէր տեսել գետերում լողացողներերի։ Մեզ առաջարկած էկոլոգիական խնդիրներից ամենաանսպասելին կարող էր լինել միայն դա, սակայն ես խոստանում եմ, որ այս տարի մեր էկո թիմը կներկայանա հենց այդպիսի զեկույցով։ Մենք կպայքարենք մեր քաղաքով հոսող Հրազդան գետը մարդկանց առավել մատչելի դարձնելու համար,կլողանք նրա թարմացնող ջրերում և սեփական փորձը կկիսենք հրազդանցիների հետ։

Տիար Բլեյանը մեզ մոտ առաջ բերեց միասնական աշխատելու ձիրքը, նա նշեց ՝ կարող եք հասնել ինչ-որ բանի, եթե ձգտեք միասին լինել և հետզհետե ձեր փոքրիկ շրջանակը ընդլայնեք՝ ձեր մտածելակերպը մյուսների մեջ սերմանելով։Ես զրույցի ընթացքում շատ էի հակառակվում, հարցերս սեղմ էին, սահմանափակ, բայց հիմա իմ մեջ շատ բան փոխվեց։ Գլխումս շատ հացեր են պտտվում, որոնց պատասխանները նախկինում ունեի,հիմա կասկածում եմ,ուզում եմ փոխել, փոխվել, չլինել տասից ինը։ Համոզված եմ, որ հենց տիար Բլեյանի կրթական ծրագրերի արդյունքում են սեբաստացիների մեջ ձևավորվել այն որակները, որ նկատեցինք, սիրեցինք։

Շնորհակալություն մեր շատ սիրելի ընկերներ, որ այս մի քանի օրվա ընթացքում մենք մեզ օտար չզգացինք, այլ կարողացանք ազատ շփվել ու միմյանց հետ համագործակցել։ Կուզեի, որ նման պահեր ունենար յուրաքանչյուր աշակերտ։ Հորդորում եմ բոլոր հանրակրթական դպրոցների աշակերտներին ընդգրկվել նմանատիպ ծրագրերում և տեսնել եվրոպական ստանդարտներին համապատասխանող դպրոցի իսկական օրինակը։

Հրազդանի Խ.Աբովյանի անվան հ. 1 ավագ դպրոցի շրջանավարտ և բնապահպան Մարինե Հակոբյան