• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խրոնիկական հոգնածության ախտանիշը

Կոնստանտին Շերեմետև

Խրոնիկական հոգնածության ախտանիշը

Մեր ժամանակներում ամենատարածված հիվանդությունը համարվում է խրոնիկական հոգնածության ախտանիշը։ Երբեմն այս հիվանդությունն անվանում են 21-րդ դարի ժանտախտ։ Ամերիկայում նույնիսկ կենտրոն են ստեղծել, որ թախծոտ անվանում ունի՝ «Խրոնիկական հոգնածության կենտրոն»։
Այս հիվանդության նշաններն են.

  • թուլության զգացումը
  • հեշտ հոգնելուն հակվածությունը
  • քնի խանգարումը
  • բորբոքունությունը
  • համայինզգացողությանկորստիհետքաշիավելացումը

Խրոնիկական հոգնածության հիմնական նշանն այն է, որ հոգնածությունը չի վերանում նույնիսկ երբ քեզ արձակուրդ ես կազմակերպում ու կիրակի օրը երկար քնում։ Այս հիվանդության շատ պատճառներ են թվարկվում, բայց իսկական պատճառը, կարծում եմ, ակնհայտ է։ Հակամարտություն մարմնի հետ

Որտեղի՞ց պիտի լինի հոգու և մարմնի ներդաշնակությունը,
եթե հոգին միշտ պատրաստ է մարմնի հաշվին փրկելու իրեն։
Ստանիսլավ Եժի Լեց
Հետաքրքիր է, որ խրոնիկական հոգնածության ամենից շատ ենթակա են միջին տարիքի կանայք ու գործարարները։
Թվում է՝ ի՞նչ ընդհանուր բան կա սոցիալական այդ երկու խմբերի մեջ։ Բայց հենց այստեղ է խնդրի բանալին։ Բժիշկները փորձում են հիվանդության աղբյուրը գտնել հորմոնալ հավասարակշռության խախտման կամ ինչ-որ անծանոթ ինֆեկցիայի մեջ։ Բայց ինչպե՞ս են վիրուսները գտնում հենց գործարարներին. չլինի՞ հարկայինի հաշիվներով։
Եթե տեղափոխենք պատճառն ու հետևանքը, ամեն ինչ տեղը կընկնի։ Սկզբում ինչ-ինչ խնդիրներ մարմնի հետ, իսկ որպես հետևանք՝ հորմոնալ հավասարակշռության խախտում և դյուրազգացություն վարակների նկատմամբ։
Բայց հիվանդության բուն պատճառն այն է, որ մարդը դադարում է նկատել իր մարմնի ազդակները, արհամարհում է դրանք։ Դրան նպաստում է քաղաքային կյանքի մերօրյա մշակույթը, և դրա նկատմամբ զգայուն են հատկապես սոցիալական երկու խումբ՝ գործարարներն ու միջին տարիքի կանայք։
Գործարարի մարմինն աննախանձելի վիճակում է։ Ժամանակակից գործարար աշխարհում համարվում է, որ գլխավորը աշխատանքն է, աշխատանքը և էլի՝ աշխատանքը։ Իսկ մարմինը գլխին վրադիր է։ Այդ կերպարը նույնիսկ օգտագործվում է «Հիվանդանալու ժամանակ չունեմ» լոզունգով գովազդի մեջ՝ հիվանդ մարդու պատկերով, ով կաշվից դուրս է գալիս առողջ երևալու համար։
-Ժամանակ չունեմ։ Պատասխանատու խորհրդակցություն ունեմ։ Պիտի ժամկետներում տեղավորվեմ,- այսպիսի մտքերով տարօրինակ կլիներ ուշադրություն դարձնելը մարմնի վրա։
Միջին տարիքի կանայք նույնպես աննախանձելի վիճակում են։ Նրանց գլխին է փլվում միանգամից կրկնակի ծանրաբեռնվածություն։ Մի կողմից նրանք լիարժեք աշխատող պիտի լինեն ու տքնեն ամբողջ աշխատանքային օրը։ Մյուս կողմից, երբ վերադառնում են ընտանիք, մինչև վերջ նրանց գլխին են լցվում նաև ընտանեկան հոգսերն ու երեխաների դաստիարակությունը։ Նրանք ընդամենը երկու տիպի հանգիստ ունեն. կամ տքնելով աշխատավայրում՝ հանգստանում են տնից, կամ տքնելով տանը՝ հանգստանում են աշխատանքից։
Դրա հետ միասին, համարվում է, որ մարմինը մի երկրորդական բան է, դրա համար էլ նույնիսկ բողոքել չեն կարող. մոտիկները պարզապես չեն հասկանա։ Կամ՝ ամենատարածված խորհուրդը.
-Դեղ կուլ տուր։
Բայց բոլոր դեղերը տանում են նույն բանին։ Նրանք անջատում են նեյրոնային ցանցերի զգայունությունը, և մարդն ավելի ու ավելի է հեռանում իր մարմնից։

Խրոնիկական հոգնածության ախտանիշը լքված մարմնի թախիծն է։

Մարմնի հետ ներդաշնակություն

Մեր մարմինն անընդհատ խոսում է մեզ հետ։
Այ, թե ժամանակ գտնեինք նրան լսելու։
Լուիզա Հեյ

Երբ ծնվել ենք, կյանքի հետ միասին մարմին ենք նվեր ստացել։ Հենց մեր մարմինը վերցնեն, կմեռնենք։ Ըստ էության՝ մարմինը միակ բանն է, որ ունենք։ Բնակարանները, մեքենաները, գանձերը մեզ պետք են ճիշտ այնքանով, որքանով դրանք մեր մարմնին հնարավորություն են տալիս ծաղկելու։ Եթե նյութական հարստության հետևից վազքի ընթացքում կորցնում եք մարմինը, դուք կորցնում եք ամեն ինչ։ Մարդու ինչի՞ն է պետք գեղեցիկ կոշիկը, եթե քայլել չի կարողանում։
Մարմինն արհամարելը նշանակում է ինքդ քեզ արհամարել։

Հենց նկատում եք մարմնի հետ հակամարտության նշաններ, կանգ առեք. Դուք արդեն շեղվել եք ճանապարհից։ Վերադարձեք ձեր մարմնին, զգացեք նրան, ընկերացեք հետը։ Պարզեք՝ ինչ է սիրում, ինչ է խնդրում ձեզնից։ Տվեք նրան իր ուզածը, և նա կհատուցի շատ ավելին։

Իսկական երջանկությունը միշտ գալիս է ներսից. Ձեր մարմնի ներսից։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը