• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը Կոտայքի մարզում է

Նկարագրություն: 
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի 2014թ-ի մշակութային արշավների մեկնարկը տրված է: Մարտի 15-ին երգչխումբը՝ գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, մեներգիչ Սեյրան Ավագյանի մասնակցությամբ, «Սեբաստացիներ» հիմնադրամի նոր տնօրեն Առնոլդ Բլեյանի ուղեկցությամբ, համերգներով հանդես եկավ Կոտայքի մարզում: Առաջին ելույթը Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում էր: Երգչախմբին դիմավորեց Եղվարդի հոգևոր հովիվ Տեր Հովնան քահանա Մաթևոսյանը: Օրհնության արարողությունից հետո իրենց երգերով ողջունեցին նաև Եղվարդի արվեստի դպրոցի սաները: Եկեղեցու բակում հավաքվածները սիրով լսեցին կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ կատարումները: Շնորհակալության խոսք ասելուց հետո Տեր հայրն երգչախմբի անդամներին Նոր կտակարաններ նվիրեց, մենք էլ փոխանցեցինք երգչախմբի CD-ներն ու տեղեկատվական թերթիկները : Հաջորդ կանգառը՝ մի փոքր քայլարշավից, բարձունք հաղթահարելուց հետո, Ս. Թեոդորոս (Ղառղառավանք) խոնարհված վանքում էր: Գեղեցիկ տեսարան էր, ոգեշնչված էինք, մեր երգով փոխանցեցինք զգացողությունները: Ժամը 14.30-ին երգչախմբին արդեն սպասում էին Լուսակերտի եկեղեցում: Հանդիսականը ոգևորված էր, մի քիչ էլ հուզված, հայտնեց, որ էսպիսի մշակութային այցելությունների կարիք գյուղի բնակիչները շատ ունեն: Չնայած եկեղեցիներում ընդունված չէ ծափահարել, ծափահարեցին, շնորհակալություն հայտնեցին երգչախմբին, մաեստրոյին և կրթահամալիրի տնօերն Աշոտ Բլեյանին: Լավ մեկնարկ էր, այնպես, որ երգը չէր ընդհատվում, հետդարձի ճանապարհին ավտոբուսն էր դարձել բեմահարթակ. քսանչորս հոգանոց երգչախումբը, մաեստրոյի մենակատարությամբ, երգում էր ու երգում: Շնորհակալություն կրթահամալիրի դաշնամուրի ուսուցիչ Հասմիկ Մաթևոսյանին՝ մշակութային արշավի կազմակերպմանը աջակցելու համար: