• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմության դասավանդումը հիմնական դպրոցում. ինչ, ինչու, ինչպես (Մաս երկրորդ)

Պատմության դասավանդումը հիմնական դպրոցում. ինչ, ինչու, ինչպես

                             (Մաս երկրորդ)

 

                                                     Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը օգնում է հայտնաբերել այն:

                                                                                                                                                                       Դիստերվեգ

 

            Ուսուցչի և Աշակերտի ցանկացած  համատեղ աշխատանք`զրույց, խաղ, հետազոտություն և այլք, կրթության հիմնասյուներից է:Այդ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով մանկակրթությունը հազարամյակների ընթացքում ստեղծել է բազմաթիվ գործիքներ և գործիքակազմեր: Դրանցից է նախագծային ուսուցումը (իմա` նախագծային աշխատանքը):

          Չնայած նախագծային ուսուցումը գործնականում առկա էր դեռ նախնադար անվանվող դարաշրջանում (օր.` դեռահասի` տղամարդու կարգավիճակ ստանալուն նախորդող տեսական և գործնական քայլերի հանրագումարը), այնուամենայնիվ, հասկացության սահմանման և պարզաբանման պատիվը պատկանում է 19-րդ դարին: Հենվելով ամերիկացի իմաստասեր և մանկավարժ Ջոն Դյուիի (1859-1952) գաղափարների (http://dpir.mskh.am/sites/default/files/J.Duie__0.pdf) վրա Ուիլյամ Հերդ Կիլպատրիկը (1871-1965) դրեց նախագծային ուսուցման տեսության հիմքերը («Նախագծերի մեթոդը: Նպատակային ուղղվածության կիրառումը մանկավարժական գործընթացում»):  Դյուիի, ինչպես նաև Լայի, Թորնդայկի և մյուսների, հիմնական գաղափարներն էին` երեխան խանդավառությամբ իրականացնում է այն գործունեությունը, որն ընտրել է ինքը; իսկական ուսուցումը երբեք չի լինում միակողմանի, կարևոր են նաև երկրորդական, կողմնակի տեղեկությունները; կյանքը լաբորատորիա է; երեխայի գործունեությունը չի հունավորվում ուսումնական առարկայով և այդպես շարունակ (բավական է հիշատակել նախագծային ուսուցման համակարգի հիմնադիրների ելակետային նշանաբանը. «Ամեն ինչ կյանքից, ամեն ինչ կյանքի համար»): Այնուհետև Կարլ Ֆրեյն իր «Նախագծային մեթոդ» գրքում ձևակերպեց նախագծային գործունեության 17 քայլերը, իսկ Կոլլինգսն իր «Նախագծերի մեթոդով աշխատանքի ամերիկյան դպրոցի փորձը» գրքում` ուսումնական նախագծերի դասակարգումը: Ի դեպ, նախագծերի ժամանակակից դասակարգումն այսպիսին է` գործնական կողմնորոշված, հետազոտական, տեղեկատվական, ստեղծագործական, դերային(http://www.google.ru/url?sa=t&rct=j&q=метод учебных проектов –  образовательная технология xxi века.&source=web&cd=6&ved=0CEUQFjAF&url=http):

          Այսպիսով, եթե համառոտենք, նախագծային ուսուցման ելակետային դրույթներն են`

1.    Ուշադրության կենտրոնում աշակերտն է, նրա ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն աջակցելը;

2.    Կրթական գործընթացը կառուցվում է սովորողի համար անհատական իմաստ ունեցող գործունեության տրամաբանությամբ;

3.    Աշխատանքի անհատականացված տեմպն ապահովում է յուրաքանչյուր սովորողի ելքն իր զարգացման մակարդակի վրա

4.    Համալիրային մոտեցումն ուսումնական նախագծերի մշակմանը նպաստում է աշակերտի հիմնական բնախոսական և հոգեբանական գործառույթների հավասարակշռված զարգացմանը;

5.     Բազային գիտելիքների խորը, գիտակցված յուրացումն ապահովվում է տարբեր իրավիճակներում նրանց համապիտանի օգտագործման շնորհիվ:

    Նախագծային գործունեության ընթացքում ձևավորվում են հետևյալ հմտություններն ու կարողությունները`

1.    Վերլուծական

2.    Որոնողական (հետազոտական)

3.    Համագործակցային

4.    Մենեջերական

5.    Հաղորդակցական (ճարտասանական)

6.    Բանավոր և գրավոր խոսքի ներդաշնակ զարգացման ու կիրառման

7.    Շնորհանդեսային

8.    Լեզուների գործնական յուրացման

   Նախագծային ուսուցումը քիչ արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե բացակայի դասավանդողների, սովորողների և ծնողների մոտիվացիան, ինչպես նաև աշխատանքի գնահատման չափանիշները հասկանալի ու ճշգրիտ սահմանված չլինեն:

     Մեր` աշակերտներիս և իմ, ոչ մեծ փորձը վկայում է, որ տարատարիք խմբով հետազոտական, երկարաժամկետ նախագծի իրականացումն իրատեսական է: «Բռնադատվածներ» նախագիծը, որն իր արխիվային փաստաթղթերի ուսումնասիրում, բանավոր հիշողությունների գրառում, հետազոտության օբյեկտների գործնեության հայրենագիտական միջավայրի դիտարկում բաղկացուցիչներին շուտով կհավելի ժամանակի մամուլի ըներցում և վերլուծություն, բռնադատվածների ժառանգների որոնում բաղկացուցիչները, հավակնում է դառնալ հանրապետական նախագիծ և գիտական համագործակցության հարթակ:

    Մենք համոզված ենք, որ իրատեսական է նաև համալիր` հետազոտա – գեղարվեստական – հայրենագիտական, նախագիծը, այլ կերպ` պատմության վերակառուցումը (http://www.mskh.am/am/32811):

    «Դիցաբանություն» և «Երեխաների համաշխարհային պատմություն» դասընթացների նյութն ուսումնասիրելիս արդյունավետ կլինեն գեղարվեստական նախագծերի` բեմականացումներ (նաև դասավանդողների և սովորողների հեղինակած տեքստերով), ֆոտոշարքեր, տեսաֆիլմեր, աուդիոզրույցներ, թեմատիկ նկարաշարեր, սովորողների արձակ և չափածո ստեղծագործությունների համադրումներ, իրականացումը:

     Մեր կարծիքով, շատ աշխատատար և ծայրահեղ ներվատար կլինեն տարբեր տիպի, հատկապես` հետազոտական և դերային, նախագծերի իրականացումը 7-9 դասարաններում: Այստեղ հնարավոր են հետևյալ տարբերակները` 1. Դասարանի բոլոր սովորողներն իրականացնում են բոլոր նախագծերը; 2. Դասարանն ըստ նախագծերի քանակի բաժանվում է խմբերի և ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր խումբ աշխատում է մի նախագծի վրա, իսկ մյուս նախագծերի նյութին տեղեկանում են հիմնականում փոխուսուցման միջոցով; 3. Նախագծերն իրականացվում են միջդասարանային կայուն կամ փոփոխվող խմբերով: Բոլոր դեպքերում առանցքային նշանակություն ունեն դասավանդողի ակնարկային ներածականներն ու ամփոփումները:

       Մենք համոզված ենք, որ իրականության որևէ երևույթի, օբյեկտի կամ գործընթացի, օր.` «Հանճար», «Լեռ» կամ «Հեղափոխություն», համալիր հետազոտումը տարբեր գիտությունների տեսանկյունից, կարող է դառնալ նախագծային համատեղ գործունեության հիմք դասավանդողների ու սովորողների մեծաքանակ խմբի համար, կնպաստի կրթահամալիրի հավաքանու գործնական միասնականության ամրակայմանը, անկախ մասնագիտությունից կամ մասնագիտական կողմնորոշումից` բոլորին անհրաժեշտ  սիստեմոլոգիական (համակարգաբանական)1 գիտելիքների յուրացմանը և հմտությունների ձևավորմանը:

       «Իրականություն» մեգանախագծի իրականացման առաջին փուլի ձախողումը և «Ճանաչենք Նժդեհին» մեգանախագծի ժամանակավոր սահմանափակումը «Բռնադատվածներ» նախագծով համառորեն հուշում են մեզ, որ հնարավորությունների, այդ թվում` հնարավորությունների զարգացման հնարավորությունների, ճշգրիտ հաշվառումը ռազմավարական նշանակություն ունեն հաջողությունը երաշխավորելու գործում:

       Չնայենք իրականությանը սև կամ վարդագույն ակնոցներով, թե չէ մենք էլ կժառանգենք նետահարված Սասունցի Դավթի հայացքը:

 

   19 – 20.07.2013                  ©                                 Աշոտ Տիգրանյան

   1.Սիստեմոլոգիա (համակարգաբանություն)  — գիտա – պրակտիկ գործնեության ոլորտ, որն ուսումնասիրում և օգտագործում է բնության, գիտության, տեխնիկայի, հասարակության և անհատի հոգեբանության օբյեկտների, գործընթացների և երևույթների համակարգայնությունը, կազմակերպումը և ինքնակազմակերպումը: