• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարելի է բարձր գնահատական ստանալ առանց ռեպետիտորի. ինքնահարցազրույց

Ավագ դպրոց վարժարանի շրջանավարտ Անի Թոփուզյանը պատրաստվում է ընդունվել ԵՊՀ հոգեբանության ու փիլիսոփայության ֆակուլտետը: Ձեզ ենք ներկայացնում նրա ինքնահարցազրույցը: Զրույցի թեման ընդունելության քննություններ են:

Անին ընդունելության քննություններից բավական բարձր գնահատականներ է ստացել: Օրինակ՝ հայոց լեզվի քննությունից ստացել է 18.5 միավոր: Սա մեր օրերում, գուցե, օրինաչափ կամ սովորական մի բան լիներ, եթե Անին «ռեպետիտորի» մոտ պարապած լիներ: Հենց բան էլ այն է, որ Անին որոշել է ինքնակրթությամբ հասնել արդյունքի:

Այս պարագայում մեծ է նաև ուսուցչի աշխատանքը: Հայոց լեզվի դասավանդող Հասմիկ Ղազարյանն ասում է, որ Անին դասերից գրեթե չի բացակայել ծրագիրը հասցրել է յուրացնել: Հ. Ղազարյանի համար «անսպասելի» չէր այն իրողությունը, որ դպրոցի դասերը բավական կարող են լինել ընդունելության քննությունների համար:  

Անին միայն հաջորդ շաբաթ կիմանա՝ ընդունվել է արդյոք, թե՝ ոչ: Բայց գրեթե վստահ է, որ կընդունվի, քանի որ բալերը բավական բարձր են:

 

Ինչքա˜ն համեղ է այն պտուղը, որը դու քո ձեռքով ես քաղել

-Ի՞նչ մասնագիտություն ենք ընտրել և ո՞ր բուհ եք դիմել:

-Դիմելեմ Երևանի պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը:

-Ի՞նչ քննություններ եք հանձնել ձեր ընտրած բաժնում սովորելու համար:

-Ընդունվելու համար հանձնել եմ կենսաբանություն, օտար լեզու, հայոց լեզու, հայ գրականություն:

-Ի՞նչ արդյունքներ ունեք:  

-Բոլոր քննություններն էլ հանձնել եմ: Արդյունքներից գոհ եմ, իմ սպասածից ավելին էր: Հայող լեզվից ստացել եմ 18.5 միավոր: 

-Ինչպե՞ս եք նախապատրաստվել: 

-Պարապել եմ դասագրքերով և շտեմարաններով:

-Որքա՞ն էին բարդ քննությունները:

-Իմ հանձնած բոլոր քննություններն էլ այնքանով էին բարդ, որ գերակշռում էին «անգիր անելու» հարցերը:

-Կայի՞ն թեմաներ, հարցեր, որոնք դպրոցական ծրագրից դուրս էին կամ որոնց հայոց լեզվի դասերին չեք հասցրել անդրադառնալ: 

-Ո՛չ, բոլոր հարցերն էլ դպրոցական ծրագրի թեմաներից էին:

-Շա՞տ եք բացակայել Ավագ դպրոց-վարժարանի դասերից: 

-Հազվադեպ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

-Մեր հասարակությունում շատ-շատերը կարծում են, որ մեր օրերում առանց ռեպետիտորի մոտ պարապելու, անհնար է բուհի ընդունելության քննությունները հանձնել: Ինչպե՞ս եք կարողացել առանց հավելյալ պարապելու բարձր գնահատական ստանալ:

-Ուղղակի վստահեցի իմ ուժերին և մտածեցի՝ արդյո՞ք արժե այդքան գումար տալ ռեպետիտորներին, վազել այս պարապմունքից այն պարապմունք, զուր տեղը փչացնել նյարդային համակարգս, եթե կարող եմ դա ինքս էլ անել, իհարկե, իմ ուսուցիչների օգնությամբ: Ճիշտ է,  դա այդքան էլ հեշտ գործ չէ, բայց միշտ ամեն ինչի սկիզբն է դժվար:  Ուղղակի պետք է վստահես քեզ, քո ուժերին ու միշտ իմանաս, որ դու կարող ես անել ավելին, քան կարծում ես: Իմ դեպքում այդպես եղավ:

-Արդյո՞ք բոլոր ձեր տարեկիցները կարող են դպրոցական ծրագրով պարապելով ստանալ բարձր գնահատական: 

-Նախ ասեմ, որ քննություն հանձնելը այնքան էլ բարդ չէ, ինչպես սկզբից է թվում: Խորհուրդ կտամ թեթև նայե՛լ, զուր տեղը չփչացնել նյարդային համակարգը և զբաղվել ինքնակրթությամբ: Իհարկե չեմ կարող երաշխավորել ինչ-որ մեկին, բայց կարծում եմ, որ կամքի ուժ և մեծ ցանկություն ունենալու դեպքում կստացվի:  Ի վերջո, բոլորն էլ կարող են գնալ ռեպետիտորի մոտ ու ստանալ իրենց ուզած գնահատականները, բայց քչերը կարող են ռիսկի դիմել, զբաղվել ինքնակրթությամբ ու հասնել իրենց ուզածին, եղե՛ք այդ քչերի շարքում:

Հ.Գ Ամեն վատ բանից էլ պետք է լավ բան քաղես: Քննություններից քաղեցի այն, որ հասկացա, թե ինչքան թանկ է ժամանակը և ինչքա՜ն համեղ է այն պտուղը, որը դու քո ձեռքով ես քաղել:

Հարցազրույցը վարեց ու հարցերին պատասխանեց Անի Թոփուզյանը

Օգնեց info.mskh ակումբը