• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երաժշտությունը կրտսեր դպրոցում և նախակրթարանում

 

Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որին մասնակցում էին կրտսեր դպրոցի սաներն ու դասավանդողները: Կրթահամալիր հիմնը և հոգևոր շարականը երգելուց հետո, կատարեցին նախավարժանք: Թումանյանական օրեր են, միասին արտասանեցին նրա ստեղծագործությունները, երգեցին նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը, դիտեցին կայքում տեղադրված որոշ նյութեր: Պարապմունքն ավարտվեց օրվա հոբելյարին շնորհավորելով և ավանդական «Բոբիկ ջուր մի էրա» պարը կատարելով: Տիրում էր բարձր և ուրախ տրամադրություն: Այդ տրամադրությանբ էլ սկսվեց երաժշտության առաջին  դասաժամը 1-ին և 2-րդ դասարաններում: Դասը վարում էր երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանը:

Դասը սկսվեց հայկական ավանդական պարին բնորոշ պարային քայլեր կատարելով, որի ընթացքում աշխատանք էր տարվում յուրաքանչյուրի հետ՝ ցուցադրելով կամ ուղղելով ձեռքերի, ոտքերի դիրքը, ծնկախաղի զսպանակաձև շարժման ճիշտ կատարումը և այլն:

Պարից անցում կատարվեց «Անու՜շ, անու՜շ» երգի ուսուցմանը: Բառերը նախ ուսուցանվում էին երգի ռիթմիկ կառույցին համապատասխան, ապա կատարվում երաժշտության հետ, որն էլ հեշտացնում էր  երգի ուսուցումը: Երգելուն զուգահեռ սովորողները  կատարեցին ձայնային նմանակումներ՝ կռունկի կռկռոց, կաքավի կղկղոց, առվակի գլգլոց, քչքչոց և այլն: Սովորողները կրկնեցին «Արև, արև, ե՛կ, ե՛կ» խաղերգը, որը կատարեցին մեծ բավականությամբ: Տիկին Մարինեն ձեռքերով ա, օ, ի, ու ձայնավորները  կատարելու համար համապատասխան շարժումներ ցույց տվեց, որոնք սովորողները կատարեցին մեղմ, մեղմից հետզհետե  ուժեղացնելով, ուժեղից՝ մեղմացնելով,  հետևելով նրա ձեռքերի շարժումներին: Այս աշխատանքը պահանջում է խմբավարական հմտություն:

Երկրորդ պարապմունքը մանկապարտեզում էր` 2-3 տարեկանների մոտ, ուր մանուկները հիմնականում խաղալով կատարում էին փոքրիկ խաղիկներ, խաղերգեր:  Այս խմբում բացակայում էր բուն երգեցողությունը, քանի ու նրանց մոտ դեռ պետք է զարգացնել հնչյունները ճիշտ ընկալելու, դրանք վերարտադրելու ունակությունը, նաև  ռիթմի զգացողությունը:
Վեցերորդ դասարանում սովորողները վարժ պարում էին ավանդական ազգային պարեր, երգերը կատարում էին ճիշտ հնչերանգով (ընթացքում կրկնեցին՝ ինչ է ինտոնացիան):
Երաժշտության չորրորդ դասը 3-րդ և 4-րդ դասարաններում էր:  Ուսուցանվեց Կոմիտասի «Եղնիկ» երգը, որը յուրացրեցին բավական արագ: 

Երաժշտության ուսուցման այս կազմակերպումը շատ արդյունավետ էր՝ թե՛ դասապրոցեսի  ժամանակի խնայողության, թե՛ սովորողի կողմից նյութը հեշտ ու արագ յուրացնելու առումով:
Դասերի ավարտին ես ծանոթացա դպրոցում առկա  երաժշտական նվագարանների հետ, դրանք հիմնականում շրխկաններ և հարվածայիններ էին, որոնցով երեխաների մի խումբ մասնակցում էր  երաժշտության ընտրությամբ գործունեությանը: