• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կադրեր վերջին դասից

Մայիսի 24-ին առավոտյան միասնական պարապմունքի երգ ու պարից հետո 12-րդցիները խմբերով այցելեցին կրթահամալիրի կրտսեր դպրոցներ, փոքրիկներին նվիրեցին հեծանիվներ, սքեյթներ: Մանկության գիրկն ընկնելուց հետո վերդառնալով Մայր դպրոց ժամը12:00-ին սկսվեց վերջին դասը:
Ավագ դպրոցի ընթերցասրահում դասը վարում էին Հասմիկ Ղազարյանն ու Արմինե Բաբայանը: Ընթերցասրահում ուրախ մթնոլորտ էր տիրում, բոլորը դեռ մանկության հուշերի մեջ էին, փուչիկները կախելուց հետո տեղավորվեցին ու սկսվեց դասը:
Հենց սկզբից բոլորը տեղափոխվեցին հիշողությունների գիրկը: Պատմեցին թաքուն մնացած դրվագներ ճամփորդություններից, դասերից ու դպրոցական տարիներից:
Ներկա էին նաև սովորողների առաջին ուսուցիչները, դասվարները:
Հետաքրքիր էր լսել մի քանիսի կատարած առաջին քայլերի մասին:
Իրար հերթ չտալով շատերը պատմեցին սրտի խորքում պահածը:
Ընկեր Հասմիկն ու ընկեր Արմինեն անընդհատ հարցեր էին ուղղում, բացահայտումներ կատարելու համար:
Դասի ավարտին դեռ ժամանակ կար: Ընկեր Հասմիկը տուփի մեջ լցրեց ծալված թերթիկներ ու  բաժանեց սովորողներին: Պահանջն այսպիսին էր. Յուրաքանչյուրը թղթի մի կողմում պիտի գրեր կրթահամալիրից այն լավը, որի մասին ինքը հիշելու է, և այն վատը, որը չի հիշելու: Թղթերը ծալեցին ու հավաքեցին, խառնեցին ու արդեն պատահականորեն յուրաքանչյուրն ընտրեց մեկ թուղթ ու սկսեցին ընթերցել: Գրվածը ճանաչում էին ձեռագրից կամ էլ մտքից, գործածված բառերից, մտքերից: Հենց այստեղ էլ երևաց, թե ինչքան լավ ու մանրակրկիտ են ճանաչում միմյանց:
Մի լավ ծիծաղելուց հետո անցանք բարեմաղթանքներին ու ջերմ խոսքերին, ինչն էլ համեմվեց շրջանավարտների արցունքներով, գրկախառնություններով:
Կոչված էր վերջին դաս, սակայն դեռ շատ անելիքներ ունեն, դեռ երկար ճանապարհ ունեն միասին անցնելու...