• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենտրոնում Դուք եք....

«Վերջին զանգ չէ, Շուշան Բլեյանն ասում է «Հրաժեշտ» էլ չէ, ու հիշել է՝ «Աչքներս լույս»-ը… Իրոք որ. ուսուցիչներով իրար աչքալույս տանք, որ խերով կամ փոքր կորուստներով ձեզանից էլ պրծանք… գոնե առժամանակ, ամիսներ, ասենք, երբ այս հոգսաշատ ամառը կթոթափեք, սեպտեմբեր-հոկտեմբերին կվայելեք ուսանողի-աշխատողի նոր վիճակն ու նոյեմբերին կգաք` միասին տոնելու «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»  ավանդական ծեսն իր այնքան համեղ ու միավորող հարիսայով: Կգա՞ք որ: Բարով գաք: Եկեք: Ձեր դպրոցն է. եթե իհարկե մի քանի տարի հետո մեր կրթահամալիր` նախակրթարանի խնամքի խմբեր եք բերելու Ձեր բալիկներին… Հիշեցի՞ք` լավն է Ձեր դպրոցը, եթե այնտեղ են նաև Ձեր երեխաները՝ Ձեր գիտակից ու ազատ ընտրությամբ:

Մեր եռամյա ավագ դպրոցի 1-ին թողարկումը, մեր շրջանավարտների այս հոծ ու հետաքրքիր խումբը, որ ինձ սիրելի անհատականություններից են կազմված, մենք համարում ենք հաջողված, կայացած: Հիշեցի՞ք՝ մենք ընկերներ ենք, և սկսվում է գուցե միայն ընկերության շրջանը: Ի՞նչը մեզ կշարունակի միավորել… Համատեղ կյանքի հիշողությունները, հավատարմությունը…

Մայիսի 14-ից 27-ի արարողությունը, որտեղ դուք գլխավոր հերոսներն եք, մեր բազմազբաղ կրթահամալիրի առօրյայում, տեսնում եք - կտեսնեք, ամենակարևորն է. շշմելու նախագիծ է, անգամ ինձ ոգևորեց: Դուք ամենա-, ամենա, ամենան եք, իհարկե, բայց վերջինը չեք, և այս բորբ կարոտը վերջինը չէ… Այ, տեսեք. սկսվել են, հայտնվել 2012-2013 ուստարվա մեր 5-6 տարեկանները, մեր նոր 10-րդ դասարանցիները… բարով գան, օգնենք որ գան, բերեք, ուղեկցեք:

Թող գա նա, ով…

Ամենակարևորը հիմա «Հրաժեշտ» ուսումնական նախագծով միասնական փորձերն են, ձեր ընդհանուր պարապմունքները, որ ամեն օր տևելու են 2 դաս: Մարմարյա սրահը, որպես համերգասրահ, հրապարակ, տեսնում եք` ինչպիսի ազգային բրենդ է դառնում: Ձեր բեմելին այդ բարեխիղճ ու ոգևորված պատրաստվեք. կրթական ծրագիրը, որ կրում եք, Ոգին, որ տանում եք, պիտի համակի 1000-ից ավելի հանդիսատեսին՝ սովորողների, շրջանավարտների ծնողների, ուսուցիչների. ակնհայտ պիտի լինի՝ աչքին հայտնի-տեսանելի-շոշափելի, որպես փաստ:

Երախտագետ ու առավել մեծահոգի եղեք. նախագծի այս կամ այն միջոցառման մասին տարաձայնությունը, անհանգստությունը, որ չգիտես ինչու` մտասևեռմամբ կարևորվում է հանկարծ, դատարկ բաներ են, վստահ եմ: Ճաշակ ու խորհուրդ, ինքնատիպ ու ազատ, Ձեր ողջ անհատական տաղանդով, որ կարող է բազմապատկվել հավաքական ուժով… Խիզախեք: Կենտրոնում դուք եք, որպես օրվա, պահի, ամսվա, տարվա Հերոսներ…

Միշտ ձեր` 

Աշոտ  Բլեյան

Կրթահամալիրի տնօրեն