• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոն. գիտե՞նք՝ դա ինչ է

Աստիճանաբար թեթևացող սեղաններն արդեն հոգնեցնում են, զարմանում ես՝ քանի օրվա ուտելիք ես պատրաստել (ազգովի), հորանջում ես, որովհետև ամբողջ գիշեր, չգիտես ինչու, չես կարողացել քնել։ Հերթական հյուրին սպասում ես մի փոքր վախով (էլի պիտի ուտես)։ Ինքդ հյուր չես ուզում գնալ՝ էլի պիտի ուտես…
Սա տո՞ն է, թե պարտադրված ինքնասպանություն։

Տատս, հիշում եմ, Ամանորի սեղանին երբեք մսեղեն չէր ունենում, ինչպես չէին ունենում նաև հարևան տատիկները։ Արևով չորացրած բազմազան չիրն ու չամիչը, աշնանը խնամքով ընտրած-պահած ընկույզը, փոխինդն ու աղանձն էին զարդարում նրանց սեղանները, և անպայման պասուց տոլմա ունեին, որովհետև պաս էր։
Ասում են՝ ժամանակները չեն ազդել պահքի վրա. Սուրբ Ծնունդից առաջ 5-օրյա պահք է։ Բայց որտե՞ղ եք տեսել պահք՝ մսեղենի, խմորեղենի այս առատության մեջ։ Փորձությո՞ւն է…
Ամեն տարի բողոքում ենք, ու, միևնույն է, նախատոնական տանջանքին հաջորդում է տոնական տանջանքը։
Ահա, ամանորն ավարտեցինք, բայց Սուրբ ծնունդին գերկուշտ մեր որկորներն էլ տոնի ո՛չ խորհուրդ են զգում, ոչ ուրախություն։ Ըստ էության՝ նշում ենք տարեմուտը, որ ավելին չէ, քան հերթական մի օր։ Ամեն օրն էր տարեմուտ է՝ հենց այդ պահից հաշված։ Այնինչ Սուրբ ծնունդը, որ հույսի, հավատի ու անսահման սիրո մղում ու խորհրդանիշ է, մեծավ մասամբ մնում է ստվերում, և անապատում է հնչում «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ…» ավետիսը։
Շատերս նույնիսկ եկեղեցի չենք գնալու. ալարելու ենք, չէ՞։

Հասմիկ Ղազարյան