• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա հեքիաթ՝ ստեղծված դպրոցի ճանապարհին

Ամեն օր դպրոց եմ գալիս կրթահամալիրի երթուղայինով: Պատկերացրեք` Էրեբունուց հասնում եմ «Բանգլադեշ» մի երթուղայինով, որի մեջ լիքը երեխաներ կան:

Քանի որ ճանապարհը երկար է, իսկ երեխաները` չարաճճի, որոշեցի ամեն օր նրանց հետ ինչ-որ խաղ խաղալ: Մի անգամ էլ որոշեցինք հեքիաթ գրել: Չորս երեխաների հետ  միասին սկսեցինք գրել: Հեքիաթը սկսեց Բ-4-ի առաջին դասարանի սովորող Թադևոսյան Նինան: Հետո շարունակեցին Նոր դպոցի սովորողներ Գևորգյան Նարեկը, Սահակյան Զոյան ու Բ-4 դպրոց-պարտեզի սովորողՎարդանյան Սարգիսը:
Միմյանց շարունակելով` յուրաքանչյուրն ասացին մի քանի նախադասություն, ու ստացվեց այսպիսի արտասովոր ու տարօրիանկ հեքիաթ. Եկեք կարդանք:

Անկուշտ խոզուկը, որին տանըԴաժան էին ասում

Լինում է, չի լինում, մի դեղձ է լինում: Այդ դեղձի անունը Գազար է լինում, իսկ ազգանունը` Ելակ:
Դրա համար էլ նրան ոչ ոք չէր ուտում։
Մի օր այդ դեղձը գնաց Ձնեմարդու մոտ ու ասաց.
 -Բա ինձ ե՞րբ են ուտելու:
 Ձնեմարդը սուս ու փուս ուսերը վեր քաշեց ու էդպես մնաց։
Հետո Գազար դեղձը գնաց խոզուկի մոտ: Խոզուկը, որ էդ ժամանակ շրջապատի ամեն ինչը ուտում էր, փորձեց ուտել նաև դեղձին, բայց նա փախավ: Խոզուկը վազեց դեղի հետևից ու ճանապարհին, որովհետև արդեն շատ էր սովածացել, հանդիպեց մի տանձի: Կերավ տանձին ու մեկ է՝ սոված մնաց: Մտածեց՝ գնա ձնեմարդու մոտ` ուտելու մի բան գտնելու համար: Ճանապարհին սկսեց երգել:

Գնամ անտառ առյուծ ուտեմ,
 Չկշտանամ՝ արջ էլ կուտեմ,
 Թե կշտանամ, մեկա՝ կուտեմ
Mary Christmas` էլի կուտեմ:

Հենց հասավ Ձնեմարդուն, դրեց ափսեի մեջ ու դանակ-պատառաքաղով կերավ նրան:
Մենք էլ ստիպված նոր Ձնեմարդ պատրաստեցինք:
Խոզուկը դուրս եկավ տանից ու հենց տեսավ Ձնեմարդուն, հետ գնաց ու կերավ դանակը, պատառաքաղը, սեղանն ու ափսեն: Բայց էլի սոված մնաց: Որոշեց՝ կտրի ոտքը, որ ուտի։Ցավից արթնացավ: Հասկացավ, որ երազ էր, իսկ դեղձն էլ, ըհն` դիմացը կանգնած: Տեսավ ու ձեռքը մեկնեց դեղձին: Բայց դեղձը նորից փախավ: Դեղձը չէր ուզում, որ իրեն ամեն ինչի պես ուտեն։ Խոզուկը վազեց, ոտքը դիպավ ծառի արմատին ու վայր ընկավ: Այնպես ընկավ, որ արթնացավ, պարզվեց երազ էր: Փորձեց կանգնել, չկարողացավ: Տեսավ դեղձը սեղանի վրայից նայում է իրեն ու ծիծաղում: Ուժ հավաքեց, շունչ քաշեց ու բարձր բղավեց: Այնքան բարձր բղավեց, որ իր ձայնից արթնացավ. վա՜յ, էլի երազ էր:
Վերջապես արթնացավ ու մոտեցավ սեղանին, որի վրա դրված էր դեղձը: Դեղձն ուրախացավ, որ  վերջապես ծառայեց իր նպատակին` իրեն հիմա կուտեն:

Մշակեցին Մանեն և Վալենտինան` 11-5 դաս.
Ղեկավար` Հասմիկ Ղազարյան