• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նամակ ՀՀ ամենաազատ քաղաքացուն

Բա՛րև, իմ անծանո՛թ, բայց և շատ ծանոթ ու հարազատ բարեկամ: Ավելորդ է հարցնել` ինչպես ես, բայց կարծում եմ, որ այս տողերը կարդալիս քեզ լավ կզգաս:

Լավ կզգաս, որովհետև եթե այսօր քեզ գրում է 16-ամյա մի աղջիկ, ուրեմն քո «1+1+...» աշխատում է: 2 օր առաջ լրացավ իմ 16-ը, ու ես դարձա ՀՀ քաղաքացի:

Ցավալի է գիտակցել, որ ապրում ես մի երկրում, որտեղ քաղաքացի լինել նշանակում է հալածվել, նշանակում է հայտնվել անազատության մեջ այնպես, ինչպես դու և քո ընկերները… Ձեզ ազատությունից զրկողները չհասկացան, որ հնարավոր չէ «արևը բանտել…»: Մարտիմեկյան գարունը միայն «արյան» գարուն չէր, այն նաև հազարավոր ազատատենչ «բողբոջներ» բերեց, վկան` ես և իմ ընկերները, որ ուզում ենք ապրել որպես ՀՀ ազատ քաղաքացիներ: ՀՀ ապագան կախված է 1 մարդուց, և այդ 1 մարդը դու ես, նաև ես եմ… Այո՛, սիրելի՛ Նիկոլ, ես եմ այդ 1 մարդը ու պատրաստ եմ պայքարելու իմ ազատության համար: Այնպես որ քո «1+1+…»-ին  ավելացրու  ևս 1-ը: Ուրեմն մոտենում է օրը, երբ մենք կունենանք քաղաքացիական հասարակարգ և հպարտորեն կասենք. «Ես ՀՀ քաղաքացի եմ»:

Շնորհավո՛ր գալիք տարիդ, բարեկա՛մ… Կարծում եմ` մեր հանդիպումը շատ չի ուշանա: Կհանդիպենք մենք Ազատության հրապարակում, ու կհնչի բոլորիս համար հարազատ դարձած քո խոսքը. «Այս երկրում դավաճան չկա, այս երկրում կասկածյալ չկա, այս երկրի տերը  ՀՀ ազատ քաղաքացին է…»:

Ավետիսյան Անուշիկ