• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարությունը կփրկի աշխարհը

Վաղ առավոտյան դպրոց էինք եկել մի տեսակ շփոթված ու հուզված. գնալու էինք մանկատուն: Հարկավոր էր տեսնել, թե ինչ ոգևորությամբ, պատրաստակամությամբ էինք պատրաստվում, հավաքում, փաթեթավորում նվերները:

Ինչ-որ պատասխանատու բան կար, որին հիմա անուն տալ չենք կարող: Ընտրել էինք «Ջերմիկ անկյուն» մանկատունը, որտեղ ապրում են հիվանդ երեխաներ: Մեզ թվում էր` մանկատուն միայն մանուկների տուն է նշանակում: Երբ մեր ձմեռ պապի` Տիգրանի հետևից մտանք շենքի մուտքից ներս, մի պահ զարմացանք: Սպասում էինք, որ կտեսնենք մանուկների, բայց… Տեսե՞լ եք մեծացած, բայց երեխա մնացած երեխաներ: Ճիշտն ասած` մենք շփոթվել էինք, խառնվել իրար, բայց այդ մեծ երեխաները առանց վարանելու դիմավորեցին, ուղեկցեցին ներս, ցույց տվեցին ամեն ինչ` սենյակները, արհեստանոցները, իրենց ձեռքի աշխատանքները: Երգեցին ու պարեցին, արտասանեցին ու հյուրասիրեցին: Փոքրիկ երեխայի նման ուրախացան` մեր տարած նվերները տեսնելով, ու իրենք էլ իրենց ձեռքի աշխատանքներից նվիրեցին մեզ: Ժամանակը շատ արագ անցավ: Այնուհետև շրջեցինք մանկատան տարածքով և ծանոթացանք նրանց պայմաններին: Մենք բոլորս շատ տպավորված էինք նրանց ջերմ ընդունելությունից: Այցելությունը մանկատուն շարունակությունն էր դեռ անցյալ տարի մեր սկսած «Բարությունը կփրկի աշխարհը» նախագծի: Սկսել էինք ծերանոցի մասին նյութ պատրաստելով, որը ներկայացրինք 2009-2010 ուս. տարվա ձմեռային ստուգատեսի ժամանակ: Այս տարի էլ մեր նյութը նվիրված կլինի մանկատան երեխաներին: Հենց տեղում մի լավ  աշխատանք էլ ձեռնարկեցինք. շատ-շատ նկարեցինք երեխաներին ու խոստացանք, որ լուսանկարների շարքը և պատրաստված աշխատանքը կնվիրենք իրենց: Ա՛յ, իսկական ուրախությունը այդտեղ սկսվեց: Մենք մեր խոստման տերն ենք, մեր աշխատանքներն արդեն սկսված են: Այդ օրը դաս էր մեզ համար, բարության, շրջապատի մարդկանց նկատմամբ կարեկից լինելու, հոգատար ու ուշադիր լինելու դաս, որը աշխարհի ոչ մի դասագրքում գրված չէ:

Մանվելյան Հասմիկ,Հայրումյան Քրիստինե