• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի բնակարանային հոգսերը

Տեղեկություն

Կրթահամալիրի ուսուցիչների անունից Արհեստակցական կազմակերպություն նախագահը դիմել էր ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական ճյուղային կազմակերպությունների հանրապետական միությանը (նախագահ` Կառլեն Հարությունյան) նամակով հետևյալ բովանդակությամբ.

«Մեր կրթահամալիրի աշխատակիցներից շատերը ապրում են խորհրդային տարիներից ստացած բնակարաններում, որոնց` սերունդների հերթափոխության շնորհիվ, բնակելի տարածքը խիստ փոքրացել է և  շատ դժվարացել է նրանց համատեղ կյանքը:

Կրթահամալիրում անցկացված սոցիալոգիական հարցման արդյունքում պարզվեց, որ դասավանդողների մեծ մասը ունի բնակարանի կարիք:

Դպրոցում աշխատող ուսուցիչը իր ստացած աշխատավարձով չի կարող սեփական միջոցներով լուծել բնակարանային հարցերը:

Խնդրում ենք Ձեզ  գտնել հնարավորություններ և միջոցներ դասավանդողների և կրթահամալիրի մյուս  աշխատակիցների բնակարանային հարցերը կարգավորելու  համար`  նրանց  ազատելով մշտական սոցիալական  լարվածություններից: »

 

Ի պատասխան  2011թ. ապրիլի 28-ին տեղի ունեցավ Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի  Տուրիզմի, առողջ ապրելակերպի, կուրորտների ենթահանձնաժողովի  նիստ:

Նիստին մասնակցելու համար հրավիրվեցին «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Արհեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Նալբանդյանը:

Օրակարգում քննարկվեց կրթահամալիրի դասավանդողների դիմումը`նրանց սոցիալական բնակարաններով ապահովելու խնդիրների մասին:

Շնորհակալություն հայտնելով ենթաժողովին հարցի հասարակական  քննարկման համար,  «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նկարագրեց իրավիճակը` հայտնելով, որ բնակարանային խնդիր ունեցող աշխատողները բաժանվում են երկու խմբի`վաստակաշատ ուսուցիչներ, ովքեր ապրում են խորհրդային տարիներին ստացած բնակարաններում և սերունդների հերթափոխության շնորհիվ նրանց տարածքը խիստ փոքրացել է և դժվարացել է համատեղ կյանքը, և երկրորդ խումբը երիտասարդ ուսուցիչներն են, ովքեր պետք է ամուսնանան կամ արդեն ամուսնացել են և բնակարանի խնդիր ունեն:

Նա առաջարկեց օգտագործել բոլոր հնարավորությունները և համապատասխան օղակների օրակարգային հարց դարձնել ուսուցիչներին սոցիալական բնակարանով ապահովելու խնդիրը:

Նա նաև  առաջարկեց կառուցել թաղամասեր Երևանամերձ տարածքներում`  երաշխավորելով նախաձեռնող կողմ հանդիսանալ  և կայքի միջոցով հարցը հրապարակայնացնել:

Ամփոփելով հարցը,  ենթաժողովի նախագահ Վ. Սաֆարյանը առաջարկեց հանդիպում կազմակերպել Երևանի քաղաքապետի հետ, ով միջոցներ կգտնի հողատարածք տրամադրելու հարցում, ինչպես նաև նամակ ուղարկել ՀՀ Կառավարություն և ՀՀ  ԿԳ նախարարություն:

 

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի

 Արհեստակցական կազմակերպության նախագահ`            Հասմիկ Նալբանդյան