• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպում

Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 2009թ. փետրվարի 24-ի նիստում

 

Իրավիճակի համառոտ նկարագրություն

ՀՀ ԿԳ նախարարի 28.07.2004 թ. 566-Ա/Ք հրամանով Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (այսուհետ` կրթահամալիր) սկսել է իրականացվել նախակրթարանների հանրապետական ծրագիրը, որը 2005 թվականից ստացել է պետական դրամական աջակցություն և ներառվել ՀՀ պետական բյուջեի տարեկան ծրագրերում: Ծրագրի իրականացման համար ՀՀ ԿԳ նախարարության (այսուհետ` նախարարություն) և կրթահամալիրի միջև տարվա համար կնքվել է պետական աջակցության պայմանագիր, որի հավելվածով որոշվել են տվյալ տարվա աշխատանքների բովանդակությունը 2-6 տարեկան երեխաների համար: Ծրագրի բովանդակությանը և պետական աջակցության պայմանագրի պահանջների համապատասխան կրթահամալիրում մշակվել և իրականացվել են 2-6 տարեկան երեխաների զարգացման ենթածրագրեր և նյութեր, կրթահամալիրի կրտսեր դպրոցների կազմում ստեղծվել են նախակրթարաններ, դրանց կազմում` նաև դպրոցին նախապատրաստական ուսուցման խմբեր, իրականացվել են նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ: Ծրագրի զարգացման, Զարգացման ծրագրով 1-4-րդ դասարանում իրականացվող «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի և կրտսեր դպրոցի ամբողջացման ընթացքում 5-6 տարեկանների համար սկսեցին գործել 2 ծրագրեր. տարրական ուսուցման «Իմացումի հրճվանք» ծրագիրը ընտրող ծնողների պահանջով յուրաքանչյուր կրտսեր դպրոց-պարտեզում առաջացան 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպման 15-25 երեխայով մեկական խմբեր կամ դասարաններ (այսուհետ` նախապատրաստական դասարան), 5-6 տարեկան մյուս երեխաները ընդգրկվեցին ընդհանուր զարգացման խմբերում, որով ապահովվեց նաև Կրթության մասին ՀՀ օրենքի պահանջը (հոդված 5, կետ 2): Ըստ ծրագրերի տարբեր են եղել նաև ֆինանսավորման աղբյուրները. ընդհանուր զարգացման նախադպրոցական խմբերը ֆինանսավորվել են պետական աջակցության ծրագրով (պահպանման ծախսեր) և ծնողական միջոցներով (սննդի ծախսեր), իսկ նախապատրաստական դասարանների սովորողները արտացոլվել են դպրոց-պարտեզի տարեկան կոմպլեկտավորման մեջ և ստացել սովորողի թվով ֆիանսավորում (պահպանման ծախսեր) և սննդի ծախսերը կատարվել են ծնողական միջոցներով: Կրտսեր դպրոցներում 2007-2008, 2008-2009 ուսումնական տարվա նախապատրաստական դասարանների ծրագրային ուսումնական աշխատանքները նախատեսվել և իրականացվել են նախարարության հետ 2007 և 2008 թթ կնքված պետական աջակցության պայմանագրերով, իսկ արդյունքներն արտացոլվել են սահմանված կարգով նախարարություն ներկայացված տարեկան հաշվետվություններում, պետական ՄԺԾ ծրագրերի հայտերում, ներկայացվել կրթահամալիրում իրականացվող վերապատրաստումների ժամանակ, պետական այլընտրանքային մանկավարժության մայիսյան և հոկտեմբերյան հավաքներում, «Դպիր» մանկավարժական ամսագրում:  
Նախարարության ընդունած` կրթահամալիրի 2004-2008 թթ զարգացման ծրագրի իրագործմամբ կրթահամալիրի կրտսեր դպրոցները վերածվել են ինքնուրույն կրտսեր դպրոց-պարտեզների` Բ-4թ. դպրոց-պարտեզը, Նոր դպրոց-պարտեզը, Գեղարվեստի դպրոց-պարտեզը` որպես պետական այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացող հանրակրթական հաստատության նոր տեսակ: Նախակրթարան գործում է նաև կրթահամալիրի «Մայքլ Գանյան» հիմնական դպրոցի կազմում: Դպրոց-պարտեզում իրականացվում են հետևյալ ծրագրերը`
·        2-3 տարեկանների խնամքի խմբեր
·        3-6 տարեկանների զարգացման խմբեր
·        «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի նախապատրաստական դասարաններ
·        «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով օտար լեզուների և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցման 1-4-րդ դասարաններ
·        Սովորողների բազային հմտությունների յուրացման և նախասիրությունների զարգացման 5-6-րդ դասարաններ
·        Սովորողների լրացուցիչ ուսուցման դասընթացներ:
 
Գիտափորձի նպատակները և խնդիրները
1.      Նախադպրոցական ուսուցման և տարրական ուսուցման ծրագրի («Իմացումի հրճվանք» ծրագրի 1-4-րդ դասարաններ) փոխհամաձայնեցման ավելի արդյունավետ (խնայող, հարմար, փոփոխվող հասարակության, անհատի, կյանքի պահանջներին դինամիկ արձագանքող) մակարդակ
2.      Հինգ-վեց տարեկանների համար կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքի` կրթության մատչելիություն, շարունակականություն, հաջորդականություն և համապատասխանություն սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստության աստիճանին` պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ («Կրթության մասին ՀՀ օրենք, հոդված 5) իրագործում
3.      Կրտսեր դպրոց-պարտեզի` որպես ուսումնական հաստատության նոր տեսակի, առավելությունների օգտագործում և նրա զարգացում
Գիտափորձը խնդիր ունի`
·        ստեղծելու համապատասխան միջավայր և բազմակողմանի գործունեության միջոցով հնարավորություն տալու երեխային բնականոն զարգանալու և դրա արդյունքում ձեռք բերելու և´ համապատասխան գիտելիքներ, և´ կարողություններ ու հմտություններ,
·        հաշվի առնելով երեխայի ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները` ապահովելու կրթության շարունակականությունը և հնարավորություն տալու երեխային կրթական մի փուլից հարթ` առանց ցնցումների անցում կատարելու հաջորդ փուլ:
 
Գիտափորձի բովանդակությունը և կազմակերպման սկզբունքները
Ուսումնական տարվա ընթացքում նախապատրաստական դասարանի 5 տարեկան սովորողները անցնում են ուսուցման երկու փուլ` 1-ին դասարանի նախապատրաստական ուսուցման (սեպտեմբեր-դեկտեմբեր) և 1-ին դասարանի. նախապատրաստական ուսուցման ծրագիրը յուրացած երեխաները հունվար ամսին, դառնալով արդեն 6 տարեկան և օրենքով իրավունք  ստանալով սկսելու դպրոցական ուսուցումը, սահմանված կարգով անցնում են առաջին դասարան` սովորելով 1-ին դասարանի ուսումնական պլանով և դրանից բխող կարգերով: Դասարանը համարվում է դպրոցի կառուցվածքային միավորը, որի սովորողների թիվն արտացոլվում է դպրոցի տվյալ ուստարվա կոմպլեկտավորման մեջ: Նախապատրաստական ուսուցման ծրագրի իրագործման ընթացքում ծնողները ազատորեն կարողանում են երեխային տեղափոխել ընդհանուր զարգացման խումբ: Նախապատրաստական ուսուցումը դասարանում չանցած, բայց անհրաժեշտ զարգացում (պատրաստվածություն ունեցող) երեխան սահմանված կարգով ուսումնական տարվա ընթացքում կարող է ընդգրկվել դասարանում: Դասարանի գործունեության հետ կապված մի շարք հարցեր կարգավորվում են սովորողի ծնողի և դպրոցի միջև սահմանված կարգով կնքվող պայմանագրով: Նախապատրաստական դասարանի ղեկավարն ընտրվում է մրցույթով, անցնում համապատասխան վերապատրաստումներ: Դասարանի, դպրոցի, ուսումնական կենտրոնի ղեկավարների գործողությունները նկարագրվում են սահմանված կարգում: Դասարանի ուսումնական գործունեության պլանը, ուսումնական պարապմունքների տեղին և ուսուցման միջոցներին ներկայացվող պահանջները, սովորողի ուսումնական գործունեության գնահատման կարգը, ուսումը 1-ին դասարանում շարունակելու պատրաստության ցուցանիշները որոշվում են այդ կարգով: