• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետադարձ հայացք

Հեղինակ` Թամար Ղահրամանյան

 

Թիֆլիսում վերջին անգամ եղել էի 80-ականների կեսերին, և անցած 25 տարիների ընթացքում, ինչպես ասում են, շատ ջրեր են հոսել: Դեռ երիտասարդ տարիներին կայացած իմ առաջին հանդիպումից արդեն հասկացել էի այս կարևոր միտքը.‹‹Թիֆլիսը տոն է, որ միշտ քեզ հետ է››: Ուստի այժմ անհամբեր էի` ժամ առաջ ճշտելու առաջին տպավորություններս: Այս անգամ էլ չսխալվեցի: Հնօրյա քաղաք, որտեղ հայ մարդու համար հայկականն ու հայերենը այնպես ներդաշնակորեն միահյուսվել են վրացականին, իսկ այսօր արդեն նաև` եվրոպականին: Քաղաքի արտաքին տեսքը, փողոցների մաքրությունը, խնամված պատշգամբները, կտոր-կտոր, դետալ առ դետալ վերականգնվող հին տներն ու շինությունները համադրվում են նորակառույց ‹‹էլիտար›› կոչվող շինությունների հետ, բայց համահունչ, բայց խելացիորեն մտածված, այնպես, որ ակամա նախանձ են շարժում: Չէ՞ որ իմ քաղաքում քաղաքաշինության այդտեսակ մոտեցումը, ավա՜ղ, անտեսվեց. հնի խելացի, մտածված վերականգնման փոխարեն գործ ունեցանք հիմնահատակ ավերման ու ‹‹էլիտար›› կոչվող խառնիճաղանջության հետ: Քաղաքս կորցրեց իր համն ու բույրը, ու ես մի տեսակ օտարված եմ զգում ինձ Երևանում, ինչը չէի ասի Թիֆլիսի համար: Հարազատության ու ջերմության զգացում կա հնօրյա այս քաղաքում, որ ակամա փոխանցվում է ամեն այցելուի: Ճիշտ է, շտկելու, տնտեսական հարաբերությունները կարգավորելու, գործազրկությունը վերացնելու, կյանքն ավելի աշխուժացնելու բազմաթիվ գործեր կան. Համենայն դեպս, այդպես հասկացա տեղացիների հետ մեր զրույցների ու փոխադարձ շփումների ընթացքում: Տարիների վայրիվերումներից, անցյալի անմտածված քաղաքականությունից հոգնած շարքային վրացու շփոթահար դեմքեր տեսա մետրոյում, փողոցներում և ամենուր: Բայց ուզում եմ հավատալ, որ գալու է այն օրը, որ երկու ժողովուրդները, Անդրկովկասի երեք ժողովուրդներն, իրար հետ գիտակցված, իրար լրացնելով, աշխարհի այս խաչմերուկում մի հզոր եռապետություն են ստեղծելու: Տա՛ Աստված: