• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կյանքն անսահմանորեն կատարյալ է

Կոնստանտին Շերեմետև

Կենցաղային ունայնության մեջ հաճախ չենք նկատում, որ ապրում ենք զարմանալի ու հրաշալի մի աշխարհում։ Դա հեշտ է նկատել. հարկավոր է միայն կանգ առնել ու շուրջը նայել։ Մենք կտեսնենք՝ ինչպես է ծառից տերևն ընկնում։ Հետաքրքիր է. եթե մենք ընկնեինք ծառից, կընկներինք իբրև կարտոֆիլի պարկ։  Բայց տերևի համար օդը, որ մենք չենք տեսնում, խիտ է հեղուկի չափ։ Տերևը լողում է օդում, սահում։ Սա տեսնողը գիտակցում է, որ մենք ապրում ենք օդի օվկիանոսում։ Սկսում ես զգալ օդային հոսանքները, ականջ ես դնում քո շնչառությանը։ Եվ հենց այդ պահին զարմանալիորեն լավ ես զգում քեզ, որովհետև սկսում ես քեզ զգալ որպես կատարյալ աշխարհի կատարյալ մասնիկը։

Ներդաշնակության օրենքը

Միայն մեղուն է ծաղկի մեջ ճանաչում
Թաքնված քաղցրությունը,
Միայն նկարիչն է ամեն բանում
Հոյակերտի հետքը տեսնում
Աֆանասի ֆետ

Ի ծնե մենք աշխարհ ենք գալիս ու ենթարկվում դրա օրենքներին։ Մեզ ղեկավարում են.

  • Ձգողականության օրենքը
  • Էներգիայի պահպանման օրենքը
  • Պատճառահետևանքային օրենքը
  • այլ ու այլ օրենքներ…

Բայց տիեզերքի բոլոր օրենքները հանգում են մի օրենքի։ Արևելյան փիլիսոփաները դրան ԴԱՈ են ասում, բայց եվրոպացու համար ավելի հասկանալի է «ներդաշնակության օրենք» արտահայտությունը։
Դու երջանիկ ես, եթե ներդաշնակ ես աշխարհի հետ և դժբախտ՝ եթե հակադրվում ես դրան։
Հենց սկսում ենք կյանքին մեր պահանջները ներկայացնել, դադարում ենք ապրելուց։ Սկսում ենք մտածել, որ ահա, հետո՝ ինչ-որ ժամանակ, մի առանձնահատուկ կյանք է լինելու։ Բայց դա ճիշտ չէ։ Այն, ինչ մենք պատկերացնում ենք, հորինած ու կեղծ կյանք է։ Իսկ այն կյանքը, որ հիմա շրջապատում է մեզ, կենդանի է ու իրական։
Զարմանալի զգացողությունները միշտ մոտերքում են։ Եթե երկար ու ոչ հարմար նստես, ոտքդ կթմրի։ Դադարում է դեպի ոտքը հոսել սնուցող հեղուկը, և ոտքը կորցնում է զգայնությունը։
Ճիշտ այդպես էլ, եթե երկար սխալ ուղղությամբ՝ տանջալից, լարված ենք մտածում, կարող ենք թմրեցնել մեր հոգին, և նա կդառնա անզգա։ Եվ մենք կկորցնենք այն զգացումը, որ Կյանքը խորհրդավոր է։
Երջանկությունն այդ խորհրդավորությունն ամեն րոպե, ամեն վայրկյան զգալն է։ Կյանքի գլխավոր վայլեումը հենց մտնելն է խորհրավորության ամենախոր էությունը։
Եթե շատ եք սուզվում մանր բաների, ունայնության ու առօրյա հոգսերի մեջ, բաց եք թողնում գլխավորը, ինչի համար այս աշխարհ եք եկել՝ ճանաչել ու կայացնել ինքդ քեզ։ Դառնալ նկարիչ, պոետ, երաժիշտ, ճարտարապետ, գործարար. արարող դառնալ և շոշափել հավերժականի ներդաշնակությունը։
Ամեն օր մենք արթնանում ենք ուրիշ աշխարհում։ Ինչ-որ անհասկանալի բան փոխվել է։ Ուրիշ գույներ, ներկեր, հոտեր։ Եթե պնդենք կյանքից մեր պահանջները, թե ինչպիսին նա, ըստ մեզ, պիտի լինի, հնարավոր է՝ բաց թողնենք այդ հրաշալիքը։

Կյանքի ճանաչումը
Ճանաչողությունն սկսվում է զարմանքից։
Արիստոտել

Շատ հաճախ ենք խոսում, թե կյանքն ինչպիսին պիտի լինի։ Փորձեք, հապա, հակառակն անել։ Զարմացեք նրանով, թե ինչպիսին է կյանքը։ Փորձեք հանել կյանքի առաջ դրած ձեր պահանջները։ Ոչ մի ժխտում, ոչ մի բողոք, ոչ մի սպասելիք։ Պարզապես ներկա եղեք։
Ձեզ ընդամենը երկու բան է պետք՝ լռություն և ուշադրություն. լռությունը՝ ներսում, իսկ ուշադրությունը՝ շրջապատի նկատմամբ։
Հիշեք ցանկացած զգացողություն՝ ցնցուղի՝ ձեր մարմնով վազող շիթերը, խաղողի հատիկի համը ձեր բերանում կամ զով քամու բույրը։ Ընկղմվեք դրանում այնքան, որքան դա հնարավոր է, սուզվեք այդ զգացողության ամենախորքերը, և կապշեք, թե որքան աստվածային բան կա կյանքի ամեն մի փշուրի մեջ։

Կյանքն անսահմանորեն կատարյալ է, և այդ կատարելության ճանաչողությունն անսահման երջանկություն է պարգևում։