• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Արորդիների ուխտ»-ը կարևորում է դպրոցը

Մտորումային ռեպորտաժը` Աշոտ Տիգրանյանի

«Ազգային լեզուն ազգային խորհուրդների համակարգ է և գենետիկական կոդ»:

Հայաստանի Գերագույն Քրմապետ Սլակ Կակոսյան

Միհրի ծննդին մնացել էր 4 դժվարին գիշեր: Արեգակն արդեն հրաժեշտ էր տալիս կիզակետին, երբ սկսվեց 20-ամյա «Արորդիների ուխտ»-ի առաջին վեհաժողովը:
Տպավորությունս հակասական է և ծագող մտքերս` իրարմերժ:

Այլ կերպ լինել չէր կարող:
Երկրային աշխարհը ֆիզիկապես լքած իմաստուն քրմապետ Սլակի հատու և համոզիչ դատողությունների կողքին` Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանի տեղ-տեղ իրականությանը համապատասխանող, վատ չգրված, բայց վատ ընթերցված տեքստը:
«Հայ արիների» ճոռոմաբանության (հիշեցնում էր պիոներական ողջույնները համայնավարական համագումարներին) կողքին նույն «Հայ արիների» գեներալ-խմբապետ Լևոն Մխիթարյանի հիմնավոր մտահոգություններով, ցավոք նաև տեսական և փաստական բացթողումներով, խոսքը: Քրմական խորհրդի նախագահ Զոհրապ Պետրոսյանի վատ քողարկված հակաքրիստոնեության («Սակայն պատմական մի պահի թուլացանք և թուլանալով թուլացրեցինք մարդկությանը») կողքին օծյալ արորդի, նաև «Իրավունք» իշխանա-ընդդիմադիր պարբերականի գլխավոր խմբագիր, Հովհաննես Գալաջյանի` գաղափարական պայքարից հրաժարվելու բացահայտ կոչը: Համլետ Նահատակյանի` ինքնագովքին և Վահագնի զորությանը նույնական ժամանակ նվիրած ելույթի կողքին Արսեն Համբարյանի ոգեղեն ձոնը Հայոց Զորություններին:
Եվ այսպես շարունակ մինչև համաժողովի փակումը;
Ինձ` ուսուցչիս համար կարևորագույնն այն է, որ այս Հոգևոր Ուժը` «Արորդիների ուխտ»-ը, վերջապես ոչ միայն տեսականորեն կարևորեց դպրոցը և կոչերից ու հայտարարություններից անդին գործնական հայացք նետեց Աստվածամարդու ինքնաճանաչման հանրային օջախի վրա:
«Երեխան բնական կենդանի օրգանիզմ է, որը ապրում է: Հենց ապրելով է նա սովորում, ապրելով է նա ձևավորվում: Եվ դպրոցը երեխայի կյանքի մի մասն է:Ուստի երեխաները դպրոցական ամբողջ դասավանդման ընթացքում նույնպես պիտի ապրեն» (Ուխտագիրք արորդյաց):