• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրկնուսուցումը մարդու իրավունքների խախտում

«Կրկնուսուցում» երևույթի հիմնական առարկայական պատճառներն են կրթական իրականությունը (ընդունելության քննությունների բովանդակության  անհամապատասխանությունը  պետականորեն հաստատված չափորոշիչներին ու ծրագրերի, ինչպես նաև դասագրքերին) և հասարակական մտածողության իներցիան: Մեր խնդիրն է ցույց տալ այդ երևույթի հակաիրավական ու հակաօրինական  բնույթը և  ներկայացնել իրատեսական առաջարկներ կրթահամալիրում, իսկ հեռանկարում`ողջ հանրապետությունում, կրկնուսուցման բացասական հետևանքները մեղմելու համար:

  ՀՀ Սահմանադրություն հոդված 3.«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: …..Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով`որպես անմիջականորեն գործող իրավունք»: Հոդված 6.«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:….»: Հոդված 14. «Մարդու արժանապատվությունը`որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»: Հոդված 14.1. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:…..»: Հոդված 39. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:….»: Հոդված 42.«Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ:….»: Ելնելով այն իրողությունից, որ կրկնուսուցումն ընգծում և խորացնում է սոցիալական բևեռացումը, իսկ վերջին սոցիալ-հոգեբանական հուժկու հարված է անհատի արժանապատվությանը, հետևաբար խախտվում են Սահմանադրության վերը մեջբերված  հոդվածները:

ՀՀ պետական կրթակարգում սահմանված է, որ ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է: Կրկնուսուցումը երրորդացնում է կրթակարգով սահմանված հիմնական նպատակը , որովհետև իր գլխավոր և միակ նպատակը ընդունելության քննություններին նախապատրաստելն է, որը ոչ մի կապ չունի խորացված ուսուցման հետ և մասնակի կապ ունի գիտելիքների, կարողությունների և հմտությունների կենսական համակարգի հետ:

ՀՀ օրենքը «Կրթության մասին» հոդված 5. «Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`1)… անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը…(Նաև «Հանրակրթության մասին» ՀՀ  օրենքի հոդված 5).2) կրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին…..պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ….»: Հոդված 6, կետ 2. «Պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթության համակարգի բնական գործառնությամբ և կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ»: Հոդված 9. «Հայաստանի Հանրապետությունում սահմանվում և հրապարակվում են պետական կրթական չափորոշիչներ, որոնք շրջանավարտների կրթության մակարդակի և որակավորման գնահատման հիմքն են…..»: Հոդված 10 կետ 2. «Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության և յուրացման համար հիմքերի ստեղծմանը……..»: Հոդված 11, կետ 1. «Կրթության բովանդակությունը ……նպատակաուղղված է…..անձի համակողմանի և ներդաշնակ զարգացման….ինքնորոշման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը…..»: Կրկնուսուցումը վերոշարադրյալ հոդվածների լույսի ներքո բացորոշվում է որպես կրթության անտառում լոկ մի արահետ`անգիրի արահետը, թողած հրեշ: Իսկ, եթե գեղարվեստական ոճից անցնենք հրապարակախոսականին, կասենք.«Կրկնուսուցման ջատագովներ, ո՞վ է Ձեզ իրավունք տվել արգելակել անհատի ազատ, համակողմանի և ներդաշնակ զարգացումը, դաշնակցելով ընդունելության քննությունների պահանջների ու դասագրքերի հակաչափորոշիչայնության հետ»: Իրավական տեսակետից միանշանակ է. կրկնուսուցման գործընթացում խախտվում են կրթության բնագավառում պետության հռչակած սկզբունքները  և կրթության բովանդակությանը ներկայացվող պահանջները, իսկ արդյունքում այնպիսի արժեքային համակարգով անձեր են ձևավորվում, որոնք ներառվում են քաղքենիա-լյումպենական զանգվածի մեջ և քաղաքացիական հասարակության կայացումը դարձնում ոչ թե նպատակ, այլ հոմերական ծիծաղի օբյեկտ:

 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ներքոմեջբերյալ հատվածները ևս մի անգամ հաստատում են մեր պնդումները և իրավահիմն մտահոգությունները:

ՀՀ օրենքը «Հանրակրթության մասին». հոդված 5. «Հանրակրթությունը նպատակաուղղված է սովորողի մտավոր, հոգևոր,ֆիզիկական և սոցիալական զարգացմանը……»: Հոդված 20 կետ  2. «Սովորողն իրավունք ունի`1) ստանալու հանրակրթության  պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն……»; կետ 3. «Սովորողը պարտավոր է`1.կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները. 2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները…..»:

ՀՀ օրենքը «Երեխայի իրավունքների մասին», հոդված 11.«Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար….»:  Դե´երեխա, փորձիր անհատականություն դրսևորել և տաղանդ զարգացնել այն պայմաններում, երբ քեզ սոսկ վարժեցվողի դերում են տեսնում ծնողդ ու կրկնուսույցը: Փորձիր մտավոր ունակություններդ զարգացնել, երբ քեզ օրը N անգամ ասում են. «Մտապահի´ր ու վե~րջ»: Փորձիր ֆիզիկական ունակություններդ զարգացնել, երբ չես կարող նստատեղդ զատել նստամիջոցից:

   Չնայած մերն ուրիշ է, բայց մի փոքր թերթենք նաև միջազգային իրավունքի էջերը:

  Երեխայի իրավունքների Ժնևյան հռչակագիր . 1924թ, 5-րդ սկզբունք.«Երեխան պետք է դաստիարակվի այն գիտակցությամբ, որ իր լավագույն որակները պետք է ծառայեն հօգուտ այլ մարդկանց»:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր. Հոդված 26. Յուրաքանչյուր  ոք ունի կրթության իրավունք:….Տեխնիկական ու մասնագիտական կրթությունը լինելու է ընդհանուրի համար մատչելի, իսկ բարձրագույն կրթությունը`բոլորի համար հավասարապես մատչելի, հիմնված ընդունակությունների վրա:

Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնվենցիա. «Հոդված 1.1 Սույն կոնվենցիայում «խտրականություն» արտահայտությունը ներառում է ցանկացած տարբերություն, բացառում, սահմանափակում կամ գերադասում……որը նպատակ ունի կամ հետևանք է կրթության ոլորտում հարաբերությունների հավասարության ոչնչացման կամ խախտման…1.2. Սույն կոնվենցիայում «կրթություն» բառը վերաբերվում է կրթության բոլոր տիպերին ու աստիճաններին և ներառում է կրթություն ստանալու հնարավորությունը, ուսուցման մակարդակը և որակը, ինչպես նաև այն իրականացնելու պայմանները, հոդված 3. Խտրականության վերացման կամ կանխման նպատակով …..կողմերը ….պարտավորվում են b) .օրենսդրական կարգով միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության ժամանակ ցանկացած խտրականություն վերացնելու համար; հոդված 5. …..Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների էլ ավելի հարգմանը; Հոդված 9.  Սույն կոնվենցիայի նկատմամբ ոչ մի վերապահում չի թույլատրվում»:

Երեխայի իրավունքների հռչակագիր. Սկզբունք 7. «….Նրան (երեխային-Ա.Տ.) պետք է տրվի կրթություն, որը կնպաստի նրա ընդհանուր մշակութային զարգացմանը և որի շնորհիվ նա կկարողանա հնարավորությունների հավասարության հիման վրա զարգացնել իր ընդունակությունները և անձնական կարծիքը, ինչպես նաև բարոյական և սոցիալական պատասխանատվության գիտակցությունը ու դառնալ հասարակության օգտակար անդամ: Երեխայի շահերի լավագույն ապահովումը պետք է լինի առաջնորդող սկզբունք բոլոր նրանց համար, ում վրա ընկած է նրանց կրթության ու ուսուցման պատասխանատվությունը……»:

ՄԱԿ-ի կոնվենցիան երեխաների իրավունքների մասին. հոդված 29. «Մասնակից պետությունները համաձայն են, որ երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի a) երեխայի անհատականության, տաղանդների, մտավոր ու ֆիզիկական ընդունակությունների զարգացմանն ամբողջ ծավալով; b) մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունում հռչակված սկզբունքների  նկատմամբ հարգանքի դաստիարակմանը;  d) երեխայի նախապատրաստությանը գիտակից կյանքի ազատ հասարակությունում…»:  

  Բավարարվենք այսքանով ու արձանագրենք, որ առանց լրացուցիչ մեկնաբանությունների էլ ակնհայտ է մարդու իրավունքների և կրկնուսուցմանն անհամատեղելիությունը: Իսկ արտասահմանյան փորձին հղում անողներին հիշեցնենք, որ մենք սահմանափակվում ենք  «կրկնուսուցում» հասկացության  «ընդունելության քննություններին նախապատրաստելու գործընթաց» ծավալով:

Միջնորդություններ դատարանին. 1. Հանձնարարել «Ավագ դպրոց-վարժարան» ծրագրի ղեկավարին ապահովել անհատական  դասացուցակի անցման հնարավորությունը բոլոր 11-րդ դասարանցիների համար; 2. Հանձնարարել աշխատանքային խմբին կրթահամալիրի խորհրդի հաստատմանը ներկայացնել ավագ դպրոցի 2+1 համակարգը (երկու տարի խորացված ուսուցում, մեկ տարի նախապատրաստություն ընդունելության քննություններին); 3. Որոշում կայացնել  խորացված ուսուցման որևէ  առարկայից կիսամյակային անբավարար առաջադիմություն արձանագրած սովորողի ծնողի հետ ուսումնառության պայմանագրի լուծման մասին; 4. Հանձնարարել կրթահամալիրի վարչական աշխատողներին բարոյական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն դասավանդողներին ու սովորողներին, ովքեր հանրապետության մասշտաբով քարոզչական և կազմակերպչական գործունեություն կծավալեն ընդունելության քննությունների բովանդակությունը,ինչպես նաև դասագրքերի բովանդակությունն ու առաջադրանքային համակարգը ,ՀՀ պետական կրթակարգին ու հանրակրթության պետական չափորոշիչներին ներդաշնակեցնելու նպատակադրմամբ; 5. Հանձնարարել կրթահամալիրի մասնաժողովին կազմակերպել հանրապետական կլոր սեղան «Խորացված ուսուցման հիմնախնդիրները և նրանց լուծման ուղիները» թեմայով:

                                                                                                        Աշոտ Տիգրանյան