• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օմար Խայամ, բանաստեղծ և մաթեմատիկոս

Լիլիթ Սարգսյան, 10-3 դասարան

Ղեկավար` Կարինե Բախշյան


Քնել էի՝ մի իմաստուն ինձ ասաց.

- Քնից ոչ ոք երջանկություն  չի տեսած,

Ինչ ես քնել, քունը մահ է, վե՛ր, խմի՛ր,

Կգա օրը, երբ կմնաս դու քնած:
 

Մարդիկ, որոնք կյանքում հլու ապրեցին.

Մինչև կյանքի վերջը թշվառ մնացին,

Մահին անվերջ «թշվա՜ռ, թշվա՜ռ» ասելով՝

Ստրկության ճամփով անցան, գնացին:
 

Թեև խելքի կարծիքով փողն անպիտան մի բան է,

Բայց անփողի համար էլ աշխարհը մի զնդան է:


Օմար Խայամ. պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ: Ծնվել է 1048 թվականի մայիսի 18- ին Նեյշաբուրում։ Պատմաբանների հավաստմամբ` մահացել է 1131 թվականի դեկտեմբերի 4 -ին։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակներով` «ռուբայիներով»: Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր կատարելության գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ` որպես քառյակի անգերազանցելի վարպետ: Օմար Խայամն աշխարհում ճանաչված է որպես տաղանդավոր պոետ, սակայն նա ամենից առաջ տաղանդավոր աստղագետ էր և մաթեմատիկոս` իր ժամանակի մեծագույն գիտնականերից մեկը: Նա կարողանում էր մարդկության խնդիրներն ու դժվարությունները ճշմարիտ և դիպուկ արտահայտել իր ստեղծագործություններում:  Տարօրինակ և զարմանալի ճակատագրի տեր Խայամն ապրեց որպես գիտնական աստղագետ և  տոմարագետ. ժամանակակիցները բոլորովին ծանոթ չէին նրա  բանաստեղծական շնորհներին: Ուստի այսօր առաջին հերթին նրան պետք է ներկայացնել որպես գիտության բնագավառի ներկայացուցիչ և կրկին քննարկել  և խոսել մաթեմատիկայի, երկրաչափության և աստղագիտության մեջ նրա կատարած նորարարությունների մասին: Խայամը նոր և ճշգրիտ տոմարի հեղինակն է, որն Իրանում օգտագործվում է մինչև այսօր: Գիտական ճշգրտություն, լուսավոր միտք, նորարարություն և ինքնուրույնություն՝ ահա Խայամի ստեղծագործության յուրահատուկ կողմերը, որոնցով օժտված է նաև Իրանի ժողովուրդը։ Խայամն իր կյանքի 50-60  տարիների ընթացքում գրել է տարին մի քառյակ և գրել է մեծ վարպետությամբ և խորիմաստությամբ, այն էլ այնպիսի ստեղծագործություններ, որոնք ստիպել են մարդկանց մտածել աշխարհի անսահմանության, սկիզբի ու վերջի և մարդու կյանքի մասին։ Մեծարել Խայամին` նշանակում է մեծարել այն արժեքները, որոնք ստեղծել ու տարածել են աշխարհի մեծերը և  հենց ինքը՝ Խայամը։