• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրակ

         Նոր դպրոց-պարտեզ, 4-5 տարեկաններ

   Խաղ. Ինչպիսին է լինում կրակը 
Երեխաներով շրջանաձև նստեցինք և կախարդական փայտիկը միմյանց փոխանցելով ասում էինք, թե ինչպիսին կարող է լինել կրակը: 
-Տաք (Բ. Մարիամ), գազով ( Թ. Մերի), ուժեղ( Խ.Նարե), բարձր (Գ.Արման), կարմիր (Գ. Լիլիթ), լուսավոր (Ս.Սերժ): 
-Ինչով ենք վառում կրակը: 
-Լուցկիով,- միանգամից ասացին երեխաները: 
-Էլ ինչ կարող ենք վառել լուցկիով: 
-Ծննդյան տորթի մոմերը,-ասաց Մ. Անին: 
-Գազօջախը,-ասաց Մ. Էլենը: -Կրակ,-ասաց Բ. Մարիամը: -Տրնդեզի հավաքած փայտերը,-ավելացրեց Սերժը: Մարիամը շարունակեց. -Ընկեր Աննա, կրակով կարող ենք թուղթն էլ վառել, կրակը կրակով էլ է վառվում, այդ ժամանակ լուցկի պետք չէ: Իմ տատիկն ասում է, որ լուցկիով չի կարելի խաղալ, որովհետև մեր մատները կվառվեն, հրդեհ կլինի: 
-Լուցկիով ամեն ինչ էլ կարող ենք վառել,-ասաց Բ. Գարիկը,-երբ ուզենք ամեն ինչ կորի , զրո դառնա, կվառենք: 
-Ընկեր Աննա, կրակը լույս էլ է տալիս: Երբ մութն ընկնում է, աստղերը կրակի նման լուսավորում են: Վիկան էլ ասաց. -Լուսնի սենյակում միշտ լույս է վառվում: Հենց աստղերը քնից արթնանում են, գիշերը նրանց համար առավոտ է դառնում: 
-Գիշերն աստղերը լապտերներ են միացնում, որպեսզի մենք նրանց տեսնենք,-ասաց Սյուզին: 

Երեխաներով շրջանաձև կանգնեցինք: Երբ ասում էի երկինք, երեխաները ձեռքերը (ափերը վեր) բարձրացնում էին, երբ ասում էի հող, ձեռքերը (ափերը ներքև) իջեցնում էին, երբ ասում էի կրակ, նրանք ձեռքերը արագ հետ էին տանում, կարծես հրդեհից էին զգուշանում:Երբ ասացի վառվող փայտ, երեխաներն արագ խմբերի բաժանվեցին: Մի խումբը վառվող փայտի ձայն էր հանում`ճը~տ-Ճը~տ, մյուս`շրխկաներն էր շրխկացնում: 
Ես նկարել եմ... 
-Ես նկարել եմ կարմիր կրակ, ամպեր, սև ծուխ:Երբ կրակ է լինում ծուխը բարձրանում է վերև և ամպ է դառնում (5 տարեկան Գ. Բիատրիս): - Ես նկարել եմ պարող կրակ, որովհետև անձրև ու ձյուն չի գալիս (5տարեկան Խաչատրյան Նարե): -Ես նկարել եմ ծաղիկներ և կրակ: Ծաղիկները կրակի շուրջ տաքանում են 
(5տարեկան Թոռունյան Մերի): -Ես նկարել եմ ծառ, խոտ, փայտ , հարսիկ, կրակ:Հարսիկ նկարել եմ, որպեսզի թռնի կրակի վրայով (5տարեկան Մամիկոնյան Անի): 
5տարեկան Գասպարյան Վահագնը թուղթն ամբողջությամբ սևով էր ներկել:Նա էլ կրակի ծուխն է նկարել: 
 

Նոր դպրոցի դաստիարակ`Աննա Հայրոյան