• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2010-2011 ուստարվա առաջին կիսամյակի հաշվետվություն, Արսենյան Սոնա

 

 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի 10.2-րդ կինոյի և թատրոնի դասարան

Այս կիսամյակը շատ կարևոր էր ինձ համար, որովհետև սա իմ առաջին տարին է կրթահամալիրում: Ես ծանոթացա կրթահամալիրի ավանդույթներին, դասավանդման մեթոդներին և մթնոլորտին: Արդեն մի կիսամյակ է անցել, և ժամանակն է ամփոփել արդյունքները:

Չեմ կարող պարծենալ, որ շատ եմ աշխատել, կամ պարտաճանաչ մասնակցել եմ բոլոր միջոցառումներին: Նաև չեմ կարող խոստանալ, որ շատ նյութեր կներկայացնեմ ձեզ ստուգատեսի ընթացքում: Բայց միևնույն է կներկայացնեմ իմ ամենաառաջին կիսամյանկը կրթահամալիրում` իհարկե ոչ առանց ընդգծելու մեր ուսումնական առօրյայի լավ կողմերը և մեղմացնելու վատերը:

Այս կիսամյակ կրթահամալիրի կայքում տեղադրվել են մի քանի նյութեր, որոնք ստորագրված են իմ անունով: Ես կարող եմ շնորհավորել ինքս ինձ, դրանք իմ լրագրողական առաջին փորձերն են: Ճիշտ է, ես չեմ ընտրել լրագրություն մասնագիտությունը, բայց շատ ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել գոնե մի քանի անգամ հոդված գրել, կամ հարցազրույց վերցնել:

Իսկ ինչ վերաբերում է իմ ընտրած մասնագիտությանը, ես կասեմ, որ այս կիսամյակ ես ինձ փորձել եմ նաև որպես լուսանկարիչ: Չեմ ասի, որ ուսուցիչներս հիացած էին իմ բոլոր աշխատանքներով, բայց միևնույն է, այն ինչ լինում է առաջին անգամ, միշտ էլ լավ է թվում մեզ: Գիտեմ, որ ինձանից պահանջվում են և իմ լուսանկարները, բայց… Բանն այն է, որ կիսամյակի սկզբում ես կորցրեցի իմ կրիչը, իսկ նրա հետ և լուսանկարների մի քանի շարք` իմ և իմ ընկերների: Հիմա կասեք, ինչպե՞ս կարելի է այսքան անփույթ լինել: Գիտեմ, բայց ինչ արած… Հետո, ուսուցիչները ասացին, որ պետք չէ ափսոսալ արդեն արածի համար, այլ պետք է ափսոսալ դեռ չարածի համար: Եվ ես պատրաստեցի ևս երկու ֆոտոշարք, որոնցից մեկի նկարների մի մասը տեղ գտավ իմ առաջին ֆոտոֆիլմում, որն արդեն տեղադրված է կրթահամալիրի կայքում:  

Ստուգատեսի համար ես պատրաստել եմ միայն մի նյութ Գրիգոր Նարեկացու մասին, մինչդեռ այնքա~ն մտահղացումներ ունեմ: Աստված իմ, եթե ինձ մի ցանկության իրավունք տային, ես երևի կցանականայի, որ իմ բոլոր մտահղացումները պատրաստ լինեին առանց աշխատանքի: Հիմա կարող եք ծիծաղել:

Կներեք, որ այսքան շատ է դատարկաբանությունը և շնորհակալություն ուշադրության համար: