• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միայնակ ածխիկը

Մեր 8-րդցի Մարիամ Փաշինյանի գրածը շատ հավանեցի: Կեցցե'ս Մարիամ ջան: Ամբողջ օրը մտածում էի, թե ինչպես արժանիորեն արձագանքեմ: Վերջապես որոշեցի Պաուլո Կոելոյի այս փոքրիկ պատմվածքը թարգմանել ու նվիրել Մարիամին ու իր ընկերներին:

Խուանը միշտ մասնակցում էր կիրակնօրյա ժամերգություններին, բայց մի անգամ մտածեց, որ պաստորը (բողոքական քահանա) իր քարոզներում սկսել է կրկնվել, և որոշեց այլևս եկեղեցի չգնալ:
Երկու ամիս անց, ձմռան մի ցուրտ երեկո, պաստորը այցելեց նրան:
«Երևում է` եկել է ինձ համոզի, որ վերադառնամ եկեղեցի», - ինքն իրեն ասաց Խուանը և անմիջապես զգաց` համարձակությունը չի հերիքի պաստորին ասելու, որ եկեղեցի չհաճախելու պատճառը քարոզների միօրինակությունն է: Եվ Խուանը, մինչ աթոռները հարմարեցնում էր բուխարու առաջ, փորձում էր մի ուրիշ պատճառ գտնել:
Պաստորը լուռ էր:
Խուանը, այդպես էլ չկարողանալով խոսակցությունը սկսել, նույնպես լռում էր:
Կես ժամի չափ նրանք լուռ նստել ու կրակին էին նայում:
Վերջապես պաստորը վեր կացավ և բուխարու կողքին դրված փայտերից մեկով բուխարու կրակից մի ածխիկ դուրս գլորեց:
Ծխացող ածխիկը, օջախից դուրս հայտնվելով, շուտով սկսեց հանգչել:
Հանկարծ Խուանը կտրուկ շարժումով վեր թռավ և ածխիկը ետ գլորեց կրակի մեջ:
-Բարի գիշեր,- ասաց պաստորը` գնալու պատրաստվելով:
-Բարի գիշեր և շատ շնորհակալություն,-պատասխանեց Խուանը: -Ինչքան էլ պայծառ վառվի ածխիկը, այն շատ արագ կհանգչի առանց օջախի: Այդպես է և մարդը. ինչքան էլ խելացի նա լինի, չի կարող պահպանել իր կրակի ջերմությունը, եթե առանձնանա մյուսներից:
Հաջորդ կիրակի ես նորից կգամ եկեղեցի: