• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների բաց ժողովի հայտարարությունը

2020թ. սեպտեմբերի 11
Քաղաք Երևան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հարգելի վարչապետ

Ձեր աշխատակազմի ղեկավարի 2020-09-01 № 02/11.7/41001-2020 գրությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին տրված ՀՀ վարչապետի հանձնարարությունը «ներկայացնել Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Ժամկետը՝ 5 օր» կատարված չէ։ Այն դեպքում, որ այդ հանձնարարությամբ սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և կրթահամալիրը միասին պատրաստել են կառավարության որոշման նախագիծը, դրան կցվող փաստաթղթերը։ Առ այսօր կրթահամալիրի կառավարման մարմինների կողմից 2020թ. հունիսի 10-ին ներկայացված առաջարկին՝ կրթահամալիր ՊՈԱԿ-ը պետական հիմնադրամի վերածելու մասին, ՀՀ կառավարությունը լուծում չի տվել, չի ապահովել իրավական-կազմակերպական ձև ընտրելու՝ կրթահամալիր կազմակերպության իրավունքը։ Պնդում ենք, որ դրանով այս փուլում վտանգվում է կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի զարգացման շարունակականությունը։

Պետական այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրեր մշակելու, կազմակերպելու և տարածելու համար 1989թ. ստեղծված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը՝ բլեյան դպրոցը, այսօր նրա հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը չի ղեկավարում։ Ավելին՝ նա զրկված է այդ հնարավորությունից։ Ինչո՞ւ. չի՞ կարող, արժանի չէ՞, թե՞… Այս հարցը արդեն երկար ժամանակ տանջում է սեբաստացի կրթական մեծաքանակ համայնքին, նրա մեծուփոքրին։ Սա միջամտություն է կրթահամալիրի ինքնավարությանը. իր ստեղծման պահից սեբաստացի կրթական համայնքն իր կրթահամալիրի կառավարման խորհրդի միջոցով ինքն է որոշել հեղինակային մանկավարժության, ստեղծագործական հավաքանու, կազմակերպության ղեկավարին։ Այլ կերպ չի կարող լինել։ Հեղինակային մանկավարժությունը անձի, այդ նպատակով ստեղծված հաստատության, նրա հավաքանու ստեղծագործությունն է. չի կարող այդպես չհամարվել։ Ոտնահարված է հեղինակի բացառիկ իրավունքը։ 

Կրթահամալիրի իրավական-կազմակերպական ձևը փոխելու՝ կրթահամալիրի հիմնավորված առաջարկը կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարության իրավասության հարց է։ ԿԳՄՍ նախարարի կարծիքը նպատակահարմարության մասին կարող է օգտագործվել աշխատողի հարց լուծելիս։

Ձեզ ենք ներկայացնում սեբաստացի բաց համայնքում սկսված «հանրաքվեի»՝  համընդհանուր հարցման թերթիկը։ Առաջարկում ենք մասնակցել հարցմանը՝ որպես սեբաստացի սովորողների ծնող, կրթահամալիրի բարեկամ։ Եվ հրավիրում ենք Ձեզ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19։00, սեբաստացի կրթական բաց համայնքի ամենշաբաթյա առցանց, բաց հանդիպմանը. մենք Ձեզ հարցեր ունենք։

Հարգանքով՝

Սեբաստացի կրթական բաց համայնքի, կրթահամալիրի անունից՝

  • կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան
  • կրթահամալիրի աշխատողների բաց ժողովի նախագահ՝ Հերմինե Անտոնյան
  • կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Սուսան Մարկոսյան
  • սեբաստացի կրթական համայնքի նախաձեռնող խմբի անունից՝ Արտյոմ Խաչատրյան