• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտակարգ սեպտեմբերով նոր ուսումնական տարի

Սեբաստացի կրթական համայնք, համայնքի ընտանեկան դպրոցներ, գործընկերներ, սիրելի սովորողներ՝ բոլոր տարիքների

2020-2021 ուսումնական տարին, ահա, շեմին է։ Կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատում ենք, որ ուսումնական տարվա առաջին օրը սեպտեմբերի 1-ն է, ինչպես որոշված է Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (հոդված 15.1)։

Կրթահամալիրի 1-12-րդ դասարանցիները, քոլեջի ուսանողները, ուսումնական կենտրոնների լրացուցիչ կրթության խմբերի սովորողները ուսումնական տարվա առաջին շրջանը սկսում են սեպտեմբերի 1-12-ի ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցներով։ Կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի ղեկավարները, երաժշտության և պարի, մարզադպրոց, ուսումնական ագարակ, խաղողի և գինու դպրոց, շախմատի, Արատեսի դպրոց բնության գրկում, «Տիգրան Հայրապետյան» գրադարան ուսումնական կենտրոնների ղեկավարները կազմակերպում և համակարգում են ուսումնական ընթացքը։ Մինչև սեպտեմբերի 1-ը դպրոցի, քոլեջի ենթակայքում, սովորողների, մանկավարժական աշխատողների բլոգներում սահմանված կարգով հրապարակվում են առցանց պարապմունքների ժամանակացույցը, անհատական, խմբային, ընտանեկան ուսումնական նախագծերը, աշխատակարգերը, սովորողների անհատական պլանները։ Ուսումնական աշխատանքը սահմանված կարգով արտացոլվում է սովորողներիև մանկավարժական աշխատողների բլոգներում։ Հեռավար ուսումնառության կազմակերպումը երևում է նաև հեռավար ուսուցման լաբորատորիայի բլոգում, ընտանեկան դպրոցների աշխատանքը՝ նաև դրանց խորհրդատուների բլոգներում։ Նախագծային փոքր խմբերը, այդ թվում՝ քանդակագործության և շրջակա միջավայրի շարունակվող փառատոնի նախագծերով, կարող են կարգապահ գործունեություն ծավալել նաև ֆիզիկական միջավայրում՝ օգտագործելով ոչ միայն կրթահամալիրի, կրթական պարտեզի բացօթյա հարթակները, այլ նաև շրջակա միջավայրի, քաղաքի։ Մանկավարժական աշխատողների հետ սովորողների աշխատանքային փոքր խմբերը պատրաստում են շենք-շինությունները՝ ներսով, դրսով, ֆիզիկական միջավայրում ուսումնական պարապմունքները սկսելուն, ուսումնական պարապմունքների կազմակերպման սեպտեմբերյան ուղեցույցով։

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, սեբաստացիներն ընտանիքով, նախագծային խմբով գրոհում են հայրենի բարձունքները, անցնում են քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժարան վայրերով, իսկական գիտելիքի ֆլեշմոբ անում՝ որպես կարգապահ ուսումնական աշխատանք։

2014թ. ծնված 6 տարեկան առաջին դասարանցիները նույնպես իրենց ծնողների, իրենց դասվարի հետ Գիտելիքի օրն անցկացնում են երևանյան, երևանամերձ ճամփորդությամբ, թափառումով, քայլքով, բարձունքի նվաճումով։ Սա ճամփորդությամբ ուսուցման պատրաստության առաջին ստուգատեսն է նրանց համար՝ մարզական, ուսապարկով, անվտանգ կենցաղի համար անհրաժեշտ նյութերով, բրդուճներով, տեսնելու, քննարկելու, պատմելու-ներկայանալ-ներկայացնելու։

Սեպտեմբերի մեկին նաև սեբաստացի կրթական բաց համայնքի հերթական հանդիպումն է, այս անգամ՝ խմբային կազմակերպմամբ։

Արատես ճամփորդական լուսանկարները՝ Սեդա Թևանյանի։

Սեպտեմբերի 4-ը տոնական է իր կրթական շքերթով։ Այս արտակարգ 2020-ին շքերթի առանցքում «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնի ընթացքի ներկայացումն է՝ Սասնա ծուռ հերոսների քանդակների նորամուտով Սասնալանջին, փառատոնի փառատոնի աշնանային նախագծերով։ Դրան զուգահեռ տոնական պլեներ է բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին… մարզական ստուգատես՝ հեծանվաերթով, երաժշտական-պարային բացօթյա ստուգատես, փոքր, կարգապահ խմբերով, անցումներով կրթահամալիրի ֆիզիկական բաց միջավայրով՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք։

Արատեսի բնության գրկի դպրոցում ուսումնական-նախագծային ճամբարները շարունակում են, փոխարինելով իրար՝ ինչպես ողջ ամառը, Արատեսը դարձնելով հարմար հարթակ հայրենաճանաչումի, քայլքի, վերելքի… Իսկ սեպտեմբերի 5-ից Արատեսում քանդակագործության անընդհատ փառատոնի «Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» փուլն է։

Կրթահամալիրի նախակրթարանների 2-4, 5 տարեկանները շարունակում են իրենց ամառային գործունեությունը հակաբացիլ միջավայրում՝ լողափով, բաց-բացօթյա, ծիսական խոհանոցով, քնով, կամ յուրաքանչյուրը իր ընտանեկան-հեռավար-առցանց պարտեզում։

Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում շարունակում են գործել 6-11 տարեկանների լողափնյա-բաց-բացօթյա ճամբարները։

Հետևենք սեբաստացիների՝ սեպտեմբերի մեկի, չորսի, հինգի ուղիղ եթերներին, ողջույններին, ուսումնական գործունեության, նախագծերի լուսաբանմանը իրենց ուսումնական բլոգներում, mskh-ում, սոցցանցում։

Սեպտեմբերի 14-ից պատրաստ ենք սկսելու ընդհանուր հանրակրթական, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ կրթության ուսումնական պարապմունքները կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին, ավագ դպրոցում, քոլեջում, ուսումնական կենտրոններում, ամբողջ ծավալով, կրթահամալիրի լաբորատորիայի մշակած ուղեցույցով։ Սովորողները իրենց ազատ ընտրությամբ կարող են շարունակել ուսումը հեռավար կամ ընտանեկան (ինքնակրթության) դպրոցներում։

Հերթական քանդակների տեղադրումը Սարալանջ-Սասնալանջում։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար
Սուսան Մարկոսյան, մանկավարժության կենտրոնի ղեկավար