• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աննախադեպ ուսումնական հունիս... մայիսի 25-ից

Շնորհակալ եմ, սեբաստացի կրթական համայնք, համայնքի ընտանեկան դպրոցներ, գործընկերներ։ Ընտանեկան-հեռավար-առցանցով ավարտվում է մեր ուսումնական երրորդ շրջանը, ընդունված է ասել՝ նախադեպը չունեցող շրջան։ Դրա գնահատմամբ զբաղված եք հիմա՝ տարատարիք սովորողներով, ուսուցիչ դարձած ծնողներով, խորհրդատու դարձած ձեր ուսուցիչներով, կազմակերպիչներով, դպրոցների ղեկավարներով, գրասենյակներով։ Դրան կանդրադառնանք դեռ հունիսի մեր մանկավարժական ակումբում, ինչպես պայմանավորվել ենք։  Կարևոր է, որ գնահատման մեջ օգտագործած լինեն սովորողի ինքնագնահատումը, սովորողի ուսումնական գործունեության գնահատումը ծնողի, ընտանեկան դպրոցի մյուս մասնակիցների կողմից։ Ուսումնական բլոգների զարդը կլինի ընտանեկան դպրոցի այս շրջանի ամբողջական գնահատումը, դրա զարգացումը, դրա հեռանկարը յուրաքանչյուրիս կյանքում։

Հրապարակում եմ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված մեր 2019-2020-ի 4-րդ շրջանի բովանդակության, կազմակերպման պարզաբանումներ։

Շրջանը բաց է, հավասար հնարավորություն է տալիս նաև ձեր ընտանեկան դպրոցներում ներառվող ոչ սեբաստացի սովորողներին՝ ձեր հարազատներին, ընկերներին, ձևավորելու նոր ընտանեկան դպրոցներ, հունիս-օգոստոսը դարձնել ուսումնական՝ գործելով որպես Բլեյան բաց ցանցի հանգույց։

Միասին պիտի աշխատենք, որ չորրորդ շրջանի առաջին երկու շաբաթը՝ մայիսի 25-ից հունիսի 5-ը այնքան գրավիչ-ուսումնական-ստեղծագործական լինի, որ հունիսի 8-ից սկսվող պլեներային շրջանը ձեր՝ սովորողի, ընտանեկան դպրոցի ընտրությունը լինի։ Մեզ համար ավանդական՝ արդեն 5-րդ Բանգլադեշյան հունիսյան պլեների առանձնահատկությունն է, որ այս անգամ միայն բանգլադեշում չէ...

Փաստ է, որ տևական ժամանակ ապրելու ենք համառորեն նոր կոչվող թագավարակի հետ, անընդհատ արտակարգ համարվող իրավիճակում։ Այս պայմաններում ապրելու կարգերը սահմանում է ՀՀ պարետը, որի  N 74 որոշմանը, դրա լրացումներին ու փոփոխություններին պետք է անդրադառնալ պարբերաբար։ Յուրաքանչյուրիս ու մեր ընտանեկան դպրոցների համար կարևորը կարգապահ հիգիենիկ կենցաղի, վարքի հաստատումն է և մեր ստեղծած, մեր իմացած հակաբացիլների ամենօրյա օգտագործումը՝ հակաբացիլ մարզանք, ամենօրյա զբոսանք մաքուր օդում, հակաբացիլ երկրագործություն, աշխատանք մաքուր օդում, հակաբացիլ երաժշտություն, հակաբացիլ ճաշակ, համերաշխություն ու սեր։

Շրջանի բովանդակությունը հրապարակված է՝

    • սովորողի ընտրությամբ գործունեություն, լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն
    • սովորողների ուսումնական կարողությունների ստուգատես
    • սովորողի երրորդ շրջանի գործունեության գնահատման հրապարակում
    • ընտանեկան գործեր (նախագծեր)
    • քոլեջի ուսանողների հեռավար-առցանց ճամբարային նախագծեր
    • քոլեջի շրջանավարտների դիպլոմային նախագծեր
    • 2-6 տարեկանների պարտեզ կրթահամալիրում, ընտանիքում
    • 2020-2021 ուսումնական տարվա սովորողների ընդունելություն
    • Բանգլադեշյան պլեների պատրաստություն
    • Քանդակագործների ստեղծագործական հավաքի պատրաստություն
    • «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր
    • Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հակաբացիլ-հակավարակի ընտանեկան ֆլեշմոբ
    • Շրջակա միջավայրի միջազգային օր. հակաբացիլ-հակավարակ շրջակա միջավայր։

Կարևորում ենք ընտանեկան այն գործերը, որ բարձունքի նվաճման, ճամփորդական- հայրենագիտական բաղադրիչ ունեն։ Ընտրեք մեկօրյա ճամփորդության երթուղիներ, որոնց ընտրության հարցում կարող եք վստահել կրթահամալիրի հայրենագետ-ճամփորդ մանկավարժական աշխատողներին։

Ինչ կարող եք անել պլեներային շրջանի ընտանեկան պատրաստության համար։ Պետք է ծանոթանաք պլեներային գործունեության ուղղություններին, ընտրեք դրանցից ձեր կամքով, կազմեք ուղղությանը համապատասխան ստեղծագործական խումբ ընտանիքով-հարազատներով, կամ որպես անհատ՝ միանաք այլ խմբի։ Ըստ ձեր կարողությունների և ստեղծական հակումների ընտրեք կրթահամալիրային հարթակներում իրականացվող նախագիծ ու դրա հեղինակ-համակարգող ուսուցչի հետ պատրաստվեք դրան։ Ընտանիքով որոշեք սեփական տան, բակի լուծում պահանջող խնդիրները, նախագծեք փոփոխությունը, ստեղծումը։ Ստեղծեք, զարգացրեք ձեր ընտանեկան բենդը, թատրոնը, TV-ն, որոշեք՝ ինչ ծրագրով եք հանդես գալու։ Կազմեք թարգմանական, ուսումնասիրության ձեր անհատական նախագծերը։ Քննարկեք ձեր անհատական, ընտանեկան նախագիծը խորհրդատուների՝ նախագծի համակարգող-կազմակերպիչ մանկավարժական աշխատողների, ստուգատեսի ղեկավարների, մասնագետների հետ։

Եվ «Սասնա ծռերից» չբաժանվենք այս փուլում. մեր բոլոր նախագծերին նրանք կարող են լիցք տալ, ոգի փոխանցել։

Հիշեցնում եմ, որ այսօր-վաղը, մինչև կիրակի, սահմանված կարգով հրապարակել մայիսի 25-հունիսի 5-ի անհատական պլանները՝ մանկավարժական աշխատողի, սովորողի, ընտանեկան դպրոցի երկշաբաթյա գործունեության ծրագրերը։

Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան, կրթահամալիրի փոխտնօրեն
Սուսան Մարկոսյան, մանկավարժության կենտրոնի ղեկավար

Ֆոտոձևավորումը՝ Արմինե Թոփչյանի