• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաճախ տրվող հարցեր ընդունելության մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողների ընդունելությունը շուրջտարյա է: Հեղինակային կրթական ծրագիրն ընտրած ծնողի համար կրթահամալիրի բոլոր դռները բաց են՝ արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, տարվա բոլոր եղանակներին, օրերին, ժամերին, համացանցում, թե Երևանի հարավարևմտյան զանգվածում՝ կրթահամալիրի բանգլադեշում, հայտնի հասցեներով…

Որպես դպրոցի ղեկավար՝ ինձ համար ամենահետաքրքիր աշխատանքներից է ընդունելությունը, քանի որ համարում եմ հանրային աշխատանք, հեղինակային կրթական ծրագիրը ներկայացնելու պատասխանատվություն…
2020թ. Գարնան արտակարգ իրավիճակի պատճառով ունենք արտակարգ ընդունելություն, որի ընթացքում առցանց հնչած հիմանական հարցերը հավաքել եմ ու պատասխանում եմ դրանց։ Կարծում եմ՝ օգտակար կլինի արտակարգ իրավիճակում դպրոց փնտրող, կրթահամալիրին ծանոթանալ ցանկացող ընտանիքների  համար, ընդունելություն կազմակերպող սեբաստացի ընտանեկան դպրոցների համար:

Հարցերը ուղղել են իրենց երեխաների հետ սեբաստացիական մեծ ընտանիքին միանալ ցանկացող մայրիկ-հայրիկներ…

- Ինչո՞ւ է դպրոցը կոչվում Արևելյան…
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7 ուսումնական հաստատությունները Երևանի Հարավարևմտյան զանգվածում են: Բաբաջանյան 25 հասցեում կրթահամալիրի Մայր դպրոցն է, որտեղ գործում են կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցները, մարզադպրոցը, երաժշտության և պարի դպրոցը, ծեսերի լաբորատորիան, մեր հանրահայտ Մարմարյա սրահը։ Կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզների անունները ցույց են տալիս, թե նրանցից յուրաքանչյուրը Մայր դպրոցից դեպի աշխարհի ո՛ր կողմն է ընկած. Մայր դպրոցից արևելք են Արևելյան դպրոց-պարտեզը, Քոլեջը, Ուսումնական հնձանը, հյուսիս`Հյուսիսային դպրոց-պարտեզը, քանդակի դպրոցը, մեդիակենտրոնը, արևմուտք՝ Արևմտյան դպրոց-պարտեզը, ծածկած լողավազանը, ուսումնական ագարակը, հարավ`Հարավային դպրոց-պարտեզը, հարավ-արևմուտք՝ խաղողի նոր այգին: Աշխարհագրական խաղ է, որով սովորողները սովորում են աշխարհի չորս կողմերը։ Կրթահամալիրի հիմնն էլ, խոսք՝ Դ. Վարուժանի («Անդաստանը»), երաժշտություն՝ Մ. Խորենացու, օրհնություն է առ արևելյան, արևմտյան, հյուսիսային, հարավային կողմերն աշխարհի: 

- Իսկ ինչո՞ւ դպրոց-պարտեզ…
- Ուսումնական հաստատության նոր տեսակ է, որի հեղինակը կրթահամալիրն է: Դպրոց-պարտեզի պայմանները՝ շենքն ու բակ-պարտեզը, գույքը, ուսուցման ընտանեկան միջավայրը, համապատասխանում են 2-10 տարեկանների պահանջներին: Իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի սաներն ու սովորողները՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերը, «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-3-րդ դասարանները, ավագ 4-5-րդ դասարանները, իրար հետ ապրում և գործում են որպես ավագների ու կրտսերների սովորող-սովորողեցնող համայնք… Ծնողին էլ հարմար է այս մոդելը՝ դպրոց-պարտեզ, որտեղ իր դպրոցական երեխան կարողանում է կրտսեր քրոջ կամ եղբոր նկատմամբ ուշադրություն դրսևորել։

— Ինչո՞վ  են տարբերվում կրթահամալիրի դպրոց-պարտեզները իրարից…
— Դիրքով, շենքով, մարդկանցով։ Եվ նույնական են իրականացվող ծրագրերով, ծրագրի կազմակերպման պայմաններով, բաց, խնամված միջավայրով…

— Կրթահամալիրի մասին միջին կարծիք չկա։ Կան մարդիկ, որ բացառիկ լավ են վերաբերվում, կան մարդիկ՝ շատ վատ…
 Կնեղվեի, թե միջինը լիներ։ Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրեր: Այստեղից էլ`Ձեր նշած ծայրահեղությունը. մեկը ընտրում է պետական կրթական մի ծրագիրը, մյուսը՝ դրա այլընտրանքը։ Ու լավ է, որ խոսում են, լավ է, որ կա պատվիրատու-ծնողը, որ անձամբ է գալիս, մտնում կրթահամալիրի ցանկացած դռնից ու ստանում իր հարցերի պատասխանները: Ես պարզապես երկու ցուցանիշ կնշեմ, որ կրթահամալիրում սովորողների թիվը 2016թվականից անընդհատ աճում է։ Մեր դպրոցներից ոչ մեկը թաղի, վարչական տարածքի, որևէ կոնկրետ համայնքի դպրոց չէ. գալով կրթահամալիր՝ ծնողը, սովորողը ընտրում են կրթական ծրագիրը, ձևավորում նոր՝ կրթական համայնք։ Դա է պատճառը, որ կրթահամալիր դիմում են ամբողջ Երևանից, մարզերից՝ որտեղից հնարավոր է ամեն օր հասնել ու հետ գնալ։ Մենք մեզ ընտրող սովորողների և ծնողների հետ գործընկեր ենք։

 Կրթահամալիրը մասնավո՞ր դպրոց է:
— «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական ուսումնական հաստատությունների՝ դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող քոլեջի, լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական կենտրոնների միավորում է՝ պետական հետազոտական-փորձարարական  կազմակերպություն։ Կրթահամալիրի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Կրթահամալիրն իրականացնում է ՀՀ հանրակրթությամբ սահմանված պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրեր։  
Իրականացվող հեղինակային կրթական ծրագրով որոշված են կրթական ծառայություններ, որոնք աշակերտների թվով պետական հատկացումների մեջ նախատեսված չեն։ Դրանք ձևավորում են անհատի (ընտանիքի) կրթական պատվերը, ներառվում են դպրոցի և սովորողի, նրա օրինական ներկայացուցչի միջև կնքվող ուսումնառության պայմանագրում, և ծնողը վճարում է այդ լրացուցիչ կրթական ծառայությունների համար։ Վճարումները սահմանված կարգով փոխանցվում են կրթահամալիրի հաշվեհամարին:

 Կներկայացնե՞ք առաջին դասարանի վճարման պայմանները:
— Ուսումնառության պայմանագրով սահմանված է տարեկան ուսումնական վճարը՝ 150000 ՀՀ դրամ։ Դա ներառում է նաև հեղինակային կրթական ծրագրով առաջին դասարանցու համար պարտադիր տրիաթլոնը՝ քայլք-լող-հեծանիվ: 2-րդ դասարանից սկսած՝ լողի, հեծանիվի ուսուցումը դառնում լրացուցիչ կրթություն, որն իրականացվում է ծնողի անհատական պատվերով, պայմանները որոշվում են ուսումնառության պայմանագրի լրացումով, իսկ հիմնական պայմանագրով որոշված գումարը դառնում է 130000 դրամ։
Տրանսպորտային փոխադրումների ծառայությունն արժե ամսական 13000 դրամ, երկարացված օրվա ճամբարը՝ 10000 դրամ (երկու անգամյա սնունդով)։ Կրթահամալիրի ուսումնական կենտրոններում կազմակերպվում են լրացուցիչ կրթության դասընթացներ, որոնք ծնողի պատվերով, սովորողի անհատական պլանով կարող են կազմակերպվել երկարացված օրվա ընթացքում: Կրթահամալիրի ուսումնական կենտրոններից օգտվում են նաև քաղաքի, քաղաքամերձ բնակավայրերի այլ դպրոցների սովորողները:
 

 Առաջին դասարանում նախատեսված բոլո՞ր առարկաներն եք անցնում:
— Կա պետական փաստաթուղթ, որը սահմանում է ուսումնական ծանրաբեռնվածությունը, հենքային ուսումնական պլանը, առարկայացանկը։ Դա ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված  հանրակրթության պետական չափորոշիչն է, որն ընդհանուր է բոլոր տեսակի կրթական ծրագրերի համար։ Այն թույլ է տալիս ստեղծել, մշակել  հեղինակային ուսումնական պլաններ, ծրագրեր: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար նոր մշակում են անցնում կրթահամալիրի ուսումնական պլանները, կարգերը:
1-3-րդ դասարանցիների համար ծրագիրը կոչվում է «Իմացումի հրճվանք »։ Ծրագիրը ղեկավարում է դասվարը: Առաջին դասարանից ծրագիրը ներառում է ռուսերենի ու անգլերենի բանավոր ամենօրյա 15-20 րոպեանոց պարապմունքներ, որոնց ծրագրմանը և կազմակերպմանը դասվարը մասնակցում է: Ուսումնական պլանով որոշված մյուս պարապմունքները վարում է դասվարը։ Ուսումնական պարապմունքերի ծրագրերը մշակվում ու ստեղծվում են կրթահամալիրի դասվարների լաբորատորիայում։ Ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը, շրջանները, կրթական ծրագրի բաղկացուցիչ տոները, ծեսերը, ստուգատեսները, կրթահամալիրային-ցանցային բաց այլ նախագծեր որոշվում են  կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով

— Կարծիք կա, որ  սեբաստացի սովորողները ձեռագիր գրել չգիտեն, այդպե՞ս է:
— Կրթահամալիրում թվային գործիքներով, էլեկտրոնային փոստով, ուսումնական բլոգներով աշխատանքը անշրջելի իրողություն է։ Դրանք կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների, ծնողների աշխատանքային գործիքներ են, ու արտակարգ իրավիճակը, որով կրթական համակարգը պարտադրված եղավ թվային գործիքները հանրակրթություն բերել, հաստատեց դրանց արդիականությունը: Մի բան հայտնի է, որ այս դարի  մարդու ստեղծած  գործիքներն են ու այս դարի մարդու համար են։ Հնարավոր է, որ մի օր էլ արթնանանք, ու պարզվի, որ էլ չեն արտադրվում գրիչ, թուղթ… Այսօր չկա մարդ, չէ՞, որ մագաղաթի վրա գրի… Յուրաքանրյուր ժամանակ ստեղծել է իր գործիքը… Իսկ կարևորը,  ինձ թվում  է, գրավոր խոսքի բովանդակությունն է…

— 6 տարեկանից համակարգչով աշխատանքը վնասակար չէ՞ սովորողների առողջությանը:
— Նախորդ պատասխանում նշեցի՝ յուրաքանչյուր ժամանակն ստեղծել է իր գործիքները՝ համարատասխան դրանք գործածող մարդուն: Թուղթ ու գրիչով գրելիս էլ լարվում են, տագնապում գեղեցիկ, կոկիկ, մաքուր գրելու համար. վնաս չէ՞։ Համակարգչով գրելիս կարելի է ավելի հեշտ կենտրոնանալ իմաստի վրա. սխալվեցիր՝ հոգ չէ, տառատեսակը փոխիր՝  ինչպես քեզ է հարմար, տեքստի համար համապատասխան էջ ընտրիր, ձևավորիր… Իսկ առողջությունն ու անվտանգությունը առաջին տեղում են… Հեղինակային կրթական միջավայրը, ամենօրյա քայլքն ու մարմնամարզությունը սովորողների առօրյայում  են և՛ դպրոցում, և՛ տանը…

— Կներկայացնե՞ք առաջին դասարանցու մեկ օրը՝ երկարօրյայով…
— Սիրով։ 6 տարեկանի ուսումնական ծրագիրը սկսվում է  դպրոցական կանգառից (եթե ընտանիքի պատվերով կազմակերպվում է սովորողի տեղափոխումը), հետո ուրախ, տարատարիք սովորողների հետ անցնում է ճանապարհը ու հասնում կրթահամալիրի կանգառներից մեկը: Ուսուցչի, ընկերների հետ քայլքով հասնում է իր դպրոց-պարտեզը, 09:00-09:20 մասնակցում է դպրոցի ընդհանուր պարապմունքին, որին մասնակցում ենք բոլորս…

Մինչև ժամը 13:30 ուսումնական պարապմունքներն են դասացուցակով ու ուսումնական պլանով նախատեսված: 13:30-ից հետո սկսվում երկարացված օրվա ծրագիրը: 17:00 կրթահամալիրի կայանատեղից տրանսպորտը տեղավոխում է սովորողին տուն:

 Ի՞նչ ասել է ընդհանուր պարապմունք…
— Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական պարապմունքի ձև է՝ ներառված ուսումնական օրացույցում, ուսումնական պլանում, յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածության մեջ: Ամեն առավոտ 09:00 ընդհանուր պարապմունքը սկսվում է կրթահամալիրի բոլոր դպրոցներում, քոլեջում։ Ե՛վ սովորողները, և՛ ուսուցիչները մասնակից են այս պարապմունքին. դրան սիրով մասնակցում են նաև աշխատանքի շտապող ծնողները: Սա միավորող հարթակ է սեբաստացիների համար, որտեղ միասին մարզվում, երգում, պարում, կարդում ենք 15ր ու անցնում փոքր խմբերով աշխատանքի (դասարաններով): Ավելի մարնամասն կարող եք կարդալ…այս հղումով:

— Ձեր հայտարարության տեքստում կարդացինք «Մուտք կրթահամալիր» ճամբարներ… Ի՞նչ է նշանակում սա…
— Սովորողների, ծնողների համար լավ հնարավորություն է ճամբարային գործունեությամբ մոտիկից  ծանոթանալու կրթական միջավայրին, ծրագրի կազմակերպման պայմաններին, գործիքներին, ընտրությունը հաստատելու, ներառվելու համար։ 2020թ. արտակարգ իրավիճակը բերեց նաև մուտքի ճամբարի առցանց կազմակերպման:

 

Հարցաշարը բաց է, սիրելի ծնող, կարող եք ավելացնել Ձեր հարցը, իսկ պատասխանը չի ուշանա…
Իսկ սա՝ որպես լրացում այս հացազրույցին… Առցանց ճամփորդություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցով

հեռախոս`010. 74.43.80, +37494208440
Էլ. հասցե. [email protected]