• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համակարգչային դասարանն՝ անիվների վրա

 
Երեկ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ԿԳ նախարարության պատվերով իրականացվող «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի «Դասարան անիվների վրա» նախագծի մասնակից սովորողները եւ ուսուցիչները սկսեցին իրենց ճամփորդությունը Երեւան—Եղեգնաձոր—Գորիս–Շուշի–Ստեփանակերտ—Ամարաս—Գանձասար երթուղով՝ սովորելով եւ սովորեցնելով, ճանաչելով եւ ներկայանալով։
Անցած տարեվերջին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՆ—ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Յունիքոմփ» ընկերությունը՝ մի կողմից, եւ համակարգչային տեխնիկա արտադրող «Ինթել», «Հյուլեթ—Պակարդ» ընկերությունները՝ մյուս կողմից, ստորագրեցին պայմանագրեր՝ անհատական համակարգիչները եւ համացանցը (ինտերնետը) Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար հասանելի դարձնելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ։ Մասնավորապես, դրանցից երկուսը՝ «Մեկ աշակերտ՝ մեկ համակարգիչ»—ը եւ «Համակարգիչ ուսուցիչների համար»—ը, նպատակ ունեն խթանելու ուսումնական գործընթացը միջնակարգ դպրոցում։ Ըստ ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի անդամ, «Յունիքոմփ» ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Բալդրյանի, դրա դրական փորձն արդեն կա՝ մասնավորապես, «Մխիթար Սեբաստացի» եւ «Անանիա Շիրակացի» կրթահամալիրներում, որտեղ աշակերտները շնորհիվ «Ինթել»—ի, «Հյուլեթ — Պակարդ»—ի եւ այդ «հսկաների» հայաստանյան ներկայացուցիչ «Յունիքոմփ»—ի կողմից անհատույց տրամադրված 60 հատուկ՝ դպրոցական), նաեւ՝ HP շարժական համակարգիչների՝ նոութբուքերի, հաճույքով են կատարում իրենց տրված առաջադրանքները։ «Դասարան անիվների վրա» նախագիծը որոշվել է տարածել նաեւ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ—ում։
Եւ ահա ԿԳՆ—ի եւ «Յունիքոմփ» ընկերության աջակցությամբ, համակարգիչներով, անլար ինտերնետի հասանելիությունը ապահովող, թվային այլ միջոցներով հագեցած ավտոբուս—դասարանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 14 աշակերտներով՝ 8 ուսուցիչների ուղեկցությամբ, Երեւանի Հանրապետության հրապարակից սկսեց իր ուղեւորությունը։ Մինչ մեկնելը, չնայած անձրեւին, աշակերտները հենց տեղում ցուցադրական դաս անցկացրեցին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց. «Հաճույքով կփոխանցենք մեր կուտակած փորձը Հայաստանի եւ Արցախի կրթական հաստատություններին»։ Նրա խոսքերով՝ արցախցի ամեն մի աշակերտ եւ ուսուցիչ պիտի լավ տիրապետեն համակարգչին, ինտերնետին եւ անգլերենին, քանի որ դրանց միջոցով համացանցում հնարավորություն կստանան աշխարհին պատմելու ճշմարտությունը Արցախի մասին։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով. «Եթե 2009թ. մեկ համակարգչին ընկնող աշակերտների թիվը 36 էր, ապա այսօր ունենք հարաբերակցություն, որը շատ մոտ է ԵՄ—ի անդամ երկրների ցուցանիշին՝ 22 երեխա— 1 համակարգիչ։ Դա հնարավոր է դարձել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հովանավորված «Համակարգիչ դպրոցների համար» ծրագրի շնորհիվ, որի շրջանակներում 2400 գերժամանակակից համակարգիչներ մատակարարվել են Հայաստանի դպրոցներին, իսկ 100 համակարգիչ՝ ԼՂՀ դպրոցներին։ Ինչ վերաբերում է ինտերնետ—կապին, ապա մինչեւ տարեվերջ ներկայումս 65 տոկոսանոց դպրոցների ծածկույթը պետք է հասցնենք 98 տոկոսի»։ Այս տարի եւս 1400 համակարգիչներ կմատակարարվեն դպրոցներին՝ վարչական կարիքների համար։ Ինչ վերաբերում է ԼՂՀ—ին, ապա այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ—ում, տարածվում են նաեւ հայկական երկրորդ պետության վրա՝այդպիսով փորձելով Արցախը ներգրավել հայկական ընդհանուր կրթական միջավայրի ստեղծման մեջ։
Հանրապետության հրապարակում երեկ տոնական տրամադրություն ունեին թե՛ կազմակերպիչները, թե՛ աշակերտներն ու ուսուցիչները, եւ թե՛ դպրոցականների ծնողները։
Կ.Պ.