• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բուհերի շահառուներին փաստի առաջ կանգնեցնելը փոփոխությունների ամենավատ տարբերակն է

«Կրթության համակարգում փոփոխությունները պետք է լինեն խորքային, դրանց պետք է մասնակցեն շահառուները: Նրանց փաստի առջև կանգնեցնելը փոփոխությունների ամենավատ եղանակն է. դա կհանգեցնի անվստահության մթնոլորտի ձևավորմանը»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը` անդրադառնալով Վ. Բրյուսովի անվան համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի միավորման նախագծին:

Նա շեշտում է` եթե կառավարությունը դժգոհ է այդ բուհերում տիրող իրավիճակից` պետք է հիշի, որ դրանք կառավարվել են իր լուծումներով, և, միգուցե, այդ մոտեցումներն են սխալ. «Կառավարությունը պետք է պատրաստ լինի քննարկման արդյունքում մոտեցում փոխելուն: Հանրությունը պետք է անուններով իմանա` ովքեր են բուհերի ռեֆորմատորները, ովքեր են պատասխանատուները: Այսօր բուհերն ակադեմիական ազատություն չունեն, այդ պատճառով էլ փաստի առաջ են կանգնել, հակառակ դեպքում ուժ կունենային, և նրանց հետ այս կերպ հնարավոր չէր լինի խոսել»: Աշոտ Բլեյանը խոսում է նաև հանրակրթության խնդիրներից: Նրա համոզմամբ` պետք է բացել ճանապարհը դեպի հանրակրթություն. «Մենք ուսուցիչների արհեստական դեֆիցիտ ենք ստեղծում: Այդ եզրահանգման եմ գալիս ուսումնական պլանները, նորմատիվ ակտերը ուսումնասիրելուց հետո: Օրինակ` կամավոր ատեստավորումը մանկավարժական կրթության անտեսումն է»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրենն անդրադառնում է նաև Հայաստանում ուսուցիչների ցածր աշխատավարձի խնդրին. «Ուսուցիչների աշխատավարձը անթույլատրելի ցածր է: Ինքնահարգանք ունեցող մասնագետը գտնում է այլ բնագավառ, որտեղ ավելի բարձր աշխատավարձով է աշխատում: Մինչդեռ ուսուցչի «աչքը չպետք է դուրս լինի», նա պետք է զբաղված լինի իր աշխարհով»: Մանրամասները` տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/566942.html