• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վիգեն Ավետիսը՝ Հիսուս Քրիստոսի քանդակի հեղինակ

Հիսուս Քրիստոսի արձանի մասին գաղափարը ընդհանրապես չի համապատասխանում մեր ազգային մշակույթի էությանը, և մտածում էի ինչ էլ արվի, լինելու է եվրոպական մշակույթի նմանակումը, ասենք՝ տարածած ձեռքեր, բազմաշերտ ծալքերով հագուստ, կիրթ, համեստ ու գեղեցիկ եվրոպական դեմք, բայց «էստի համեցեք» հրավերով: Եվ որքան էլ վարպետորեն արված լինի, միևնույն է հակասելու է մեր մշակութային ոճին, մտածողությանը, ինչպես հայերեն բառերով, բայց օտար մեղեդիով պետական հիմնը: Եվ վստահ էի՝ եթե արձան է պետք, ուրեմն պետք է լինի ինչ-որ մի սիմվոլիկ բան, ոչ կոնկրետ մարդու պատկեր, մի բան որ կարտահայտի մեր բոլոր ժամանակների հազարմյակների մշակույթը, ինչպես օրինակ մեր խաչքարն է, որի սիմվոլները և՛ քրիստոնեական են, և՛ նախաքրիստոնեական շրջանն են ներկայացնում, այդ զարդանախշերն ու խաչը հանդիպում են դեռևս հնագույն ժայռապատկերներից սկսած, և դա հարության, լույսի կյանքի ծաղկած խաչն է, կյանք պարգևող Կենաց Ծառն է և այլն: Նախաքրիստոնեական արդարության, սիրո, կենսաբեր Արեգակը փոխարինվեց նոր արդարության ու սիրո Արեգակով՝ Հիսուսով. այդպես էլ կոչվում է Հիսուսը մեր եկեղեցական երգերում՝ Արեգակն արդարության, իսկ հայկական խաչը ծաղկած խաչն է, ոչ թե մահվան, այլ կյանքի խորհրդանիշը: Մի խոսքով՝ չէի պատկերացնում այս բարդ խնդրի մի լուծում. այդ ի՞նչ կերպ արձան պետք է լինի, որ արտահայտի թե՛ մեր հին մշակույթը, թե՛ քրիստոնեական ազգային մշակույթը, թե՛ Արդարության Արեգակը, թե՛ Կենաց Ծառի պատկերը, թե՛ մեր անշփոթելի և բուն ազգային ոգին, էությունը, տեսակը, մի բան որ կլինի բոլոր հայերի համար հոգեհարազատ, նույնիսկ կընդունվի հեթանոսների կողմից, ինչպես որ ընդունվում են մեր եկեղեցական շարականները, քանզի դրանց մեղեդիները հայոց լեզվի նման մեզ են փոխանցվել նախաքրիստոնեական շրջանից, և նույնքան հին են, որքան հին է մեր լեզուն:
Եվ ահա՛ զարմանքով տեսա մրցույթին ներկայացված մի քանդակ, որն իր մեջ է ամփոփում ասածս բոլոր պայմանները: Դա Վիգեն Ավետիսի քանդակն է: Այն և՛ Արեգակն է, և՛ Մարդն է, և՛ Կենաց Ծառն է, և՛ աշխարհի չորս կողմերը խորհրդանշող կյանքի խաչն է, և՛ Մարդ-Արդարության Արեգակի արևաշող-շողարձակող ձեռքերն են՝ ամենքիս դեպի իրեն կանչող… Միաժամանակ տեսնում ես այս ամենի միացումը մի պարզ ու հանճարեղ ձևի մեջ, որտեղ հստակորեն թևածում է մեր տեսակը, ոգին, մեր մտածողությունը, կոմիտասյան երգի տեսակը…
Մեր էպոսը, մեր պարը, գորգի նախշերը, մեր ճարտարապետությունը, կոմիտասյան երգը (այսինքն մեր ժողովրդական երգը) նույն բանն են, պարզապես արտահայտված տարբեր լեզուներով՝ պարի լեզվով, նախշի լեզվով և այլն: Եվ եթե Հռիփսիմեի տաճարի տակ փռեք հայկական գորգը, և այդ գորգի վրա մեկը նստի ու պատմի մեր էպոսը, իսկ դիմացը շուրջպար պարեն, կտեսնեք, որ ոչ մի ոճական հակասություն չի լինի, քանի որ նույն ոգին ու նույն էությունն է…
Գլխավոր հարցը այս է՝ արդյոք նախատեսվող արձանը համապատասխանում է այս չափանիշներին, կարո՞ղ է «ընկերակցել» հիշյալ արժեքներին, կարո՞ղ է դառնալ ընտանիքի անդամ: Երբ Կոմիտասն ուզում էր ցույց տալ մի երգի ցածրարժեքությունը, ասում էր՝ այդտեղ բացակայում է համայնքի ոգին:
Աղբյուրը ՝ ֆեյսբուքում: