• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ազգային օպերա՝ Համբարձում» նախագծով ներկայացում

Ազգային ծեսերից յուրաքանչյուրը մի երաժշտաթատերական ներկայացում է, որը սկսվում է եկեղեցուց և ավարտվում համայնքային տոնախմբությամբ, որտեղ ծավալվում են հետաքրքիր գործողություններ, դրանցից ոմանք զարգանում, որոշակի ընթացք են ստանում, երբեմն էլ՝ հանգուցալուծվում ու հետաքրքիր լուծում գտնում: Էլ չենք ասում, որ գործողություններից, հարաբերություններից շատերն էլ ուղեկցվում են երաժշտական նյութի կատարմամբ: Ինչո՞վ օպերա չի…
Առաջինը, որ անմիջապես որոշվեց, նյութն էր՝ օպերայի հիմքում  
Համբարձման ծեսն  է լինելու: Ինչու՞… դուք պատկերացրեք՝ ինչ սրտատրոփ սպասում կա մասնակիցներից յուրաքանչյուրի սրտում բախտագուշակության խաղիկները լսելիս կամ հատուկ այդ օրվա համար կազմված ապագան կանխատեսող գրքից ընտրած որոշող հատվածը կարդալիս: Իսկ ինչ բարեխղճությամբ ու սիրով են պատրաստվում երիտասարդ աղջիկներն այս ծեսին՝ յոթ աղբյուրից ջուր, յոթ քար, յոթ տարբեր ծաղիկներ են հավաքում, Վիճակի կամ Արուսի (հարսի) տիկնիկ, ծաղկեպսակներ, ծաղկեփնջեր պատրաստում: Նրանցից հետ չեն մնում տղաները, որոնք ծաղիկներով զարդարում են եզին կամ ղոչին (արու ոչխար)․․․