• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք Կոմիտասին տեսնում ենք լեգենդի մեջ, նրա իրական արևը դեռ մեր մեջ չէ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Երևանի պետական կամերային երգչախմբերը հանդես կգան մեծ համերգներով՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կամերային երաժշտությանազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը նշեց, որ ընդհանուր միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 20-ին:

«Հետաքրքիր ու կարևոր նախաձեռնությամբ ենք հանդես գալիս: Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների շրջանակում Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես է գալիս համերգաշարով: Հայաստանի պետական կամերային երգչախումբը փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգով, ինչով էլ կտրվի ընդհանուր միջոցառումների մեկնարկը»,-ասաց Նորայր Նազարյանը:

Համերգը կրելու է «Կոմիտաս-150» խորագիրը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ համերգին երգչախումբը Կոմիտասին կներկայացնի երեք հիմնական ժանրերում՝ խմբերգեր, դաշնամուրային մանրանվագներ, մեներգեր:

«Մեծ նպատակ կար, որ հնարավորինս բոլոր ժանրերով Կոմիտասին ներկայացնեինք: Մոտ մեկ ու կես ժամ տևողությամբ համերգին ամբողջությամբ կհնչի Կոմիտաս, կլինի 5 մեներգ, մանկական շարքից 4 ստեղծագործություն դաշնամուրի համար, ինչպես նաև երգչախմբային ստեղծագործություններ: Այդ երեկոյի ընթացքում փորձելու ենք տալ Կոմիտասի նկարագիրը»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը:

Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, հանդես կգա մի քանի համերգով: «Կոմիտասը և մենք» խորագրով համերգաշարի մեկնարկը կտրվի փետրվարի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«1997-2000-ական թվականներին ձայնագրվեցին Կոմիտասի աշխարհիկ խմբերգերը։ Մեր խնդիրն է նախատեսված 7 համերգում բեմից հնչեցնել 147 խմբերգ: Նպատակ ունենք հնչեցնել մանր ու մեծ ստեղծագործությունները՝ ուղեկցելով, իհարկե, ըստ Կոմիտասի: Խորագիրը պատահական չէ, «Կոմիտասը և մենք» անվամբ մենք ցանկանում ենք ցույց տալ, թե այսօրվա կոմպոզիտորական միտքն ուր է հասել՝ ունենալով Կոմիտասի նման հիմք»,-ասաց նա:

Համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան երգիչներ Թամարա Մոսինյանը, Սարգիս Մինասյանը, Մաքրուհի Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով Կոմիտասի ստեղծագործությունների հանրահռչակմանը՝ Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ այդ առումով մշտապես կա աշխատանք կատարելու:

«Շատ կցանկանայի, որ հնարավորություն լիներ, և ավելի հաճախ Կոմիտասի ստեղծագործություններով հանդես գայինք արտերկրում, հանդիսատեսը լսեր Կոմիտաս: Նա հայ դասական երաժշտության հիմնադիրն է, երգչախմբային արվեստում հանճարեղ է: Կոմիտասը մի կոմպոզիտոր է, որն անգնահատելի է»,-ավելացրեց Ռոբերտ Մլքեյանը:  

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:

Աղբյուրը