• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հակամարտության փուլը անցել ենք...

Չեմ սպասում հրաժարականին․ Փաշինյանի կառավարությունն ու ԱԺ-ն հենց հիմա պիտի համաձայնություն հաստատենԱշոտ Բլեյան 

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հրաժարականին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ չի համարում, որ «հրաժարականի ինստիտուտն է ամենալավը» և չի սպասում Փաշինյանի հրաժարականին:

«Արդեն կա հասարակության որոշումը, որը չի կարող չպարտադրել նաև հանրային համաձայնություն արդեն ԱԺ-ում։ Հակամարտության փուլն անցել ենք, ես վստահ եմ։ Վստահ եմ, որ այսօր ԱԺ-ում ներկայացված ուժերը այս կամ այն չափով հասարակություն են ներկայացնում։ Նրանք չեն կարող հասարակություն չներկայացնել, հակառակ դեպքում, ԱԺ-ն ո՞վ է, ի՞նչ է»,- ասաց Բլեյանը։

Ըստ նրա՝ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու ԱԺ-ում ներկայացված ուժերը պետք է կարողանան իրավական դաշտում, լրիվ բաց, տեսանելի, հասկանալի համաձայնության հասնել։ «Պիտի էդ համաձայնությունը հենց հիմա հաստատվի, որովհետև մենք ամեն ինչ անում ենք նոր որակի ԱԺ-ի ձևավորման համար»,- շեշտեց Բլեյանը։

Անգամ քիչ ժամանակի պարագայում, ըստ Բլեյանի, քաղաքական ու հասարակական ուժերը այսօր պետք է կոնսոլիդացվեն ու պատրաստվեն հանրային քննարկումների, նոր քաղաքական դաշտի ու Հայաստանի նոր կառավարման ձևավորմանը։ «Սկզբունքային չէ՝ երբ կլինի ԱԺ-ն։ Սկզբունքային է էն համատեղ աշխատանքը, որ որպես նոր հասարակություն մենք մեր բոլոր ինստիտուտներով, անհատներով, բոլորս միասին պիտի անենք, բոլորը պիտի մասնակցեն, որովհետև մենք ուզում ենք այլ որակի պետական կառավարում»,- ասաց Բլեյանը։

Ըստ Բլեյանի՝ Երևանի ավագանու ընտրությունը լավ փորձ է արդեն. «Էդքան էլ գոհ չեմ, ունենալով էդ փորձը, մենք չպիտի նույնը կրկնենք։ Դրա համար տրված ժամանակով պետք է գործենք, և էն մարդիկ, որոնք մտածում էին՝ առանց իրենց էդ խնդիրը հնարավոր է լուծվի, իրենք ակտիվանան, մտնեն նոր քաղաքական ուժեր, նոր նախաձեռնություններ, առավելագույնը պետք է անեն»։

Աշոտ Բլեյանը շեշտում է, որ փնթփնթալու ժամանակ այսօր ուղղակի չունենք։ «Երկու բան կա՝ կոլեկտիվ խորհրդատվություն կամ կոլեկտիվ անեծք, որով շատերը զբաղված են։ Ինչ-որ խմբեր կամ Նիկոլին սովորեցնում են՝ ինչ անել կամ անիծում-փնովում են։ Երկուսն էլ անտեղի են, որովհետև շատ ավելի կարևոր է, որ քո գործողությունները, քո խոսքը ավելի հասցեական լինեն, դառնան կոնկրետ գործողություն, տեղից ինչ-որ բան շարժեն»,- ասաց Բլեյանը՝ հավելելով․ «Հո սրանով չավարտվե՞ց, վերջին ընտրությո՞ւնն է, իհարկե կարևոր է, բայց որ ամեն ինչ սրանից է կախված, ես դրան, կներեք, չեմ հավատում»։

Ինչ վերաբերում է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի այսօրվա նշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնում, Բլեյանն ասաց․ «Ինչո՞ւ ոչ»՝ հավելելով, որ մենք չենք կարող պետական համակարգի շնորհիվ տարիներով պրոֆեսիոնալ դարձած կադրերին չօգտագործել։ 

Կրթահամալիրի տնօրենի հետ հարցազրույցը՝ Մարինե Խառատյանի։
Մանրամասները տեսանյութում։ 

Աղբյուրը՝ factor.am