• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորից սեպտեմբեր, բարև...

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից։

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 30-ին։
Այդ օրը փորձարկվում-ճշտվում են կրթահամալիր բերող երթուղիները՝ իրենց պատասխանատուներով, ուղևորներով, կանգառներով-ժամանակացույցներով։ Ճշգրտումներ են արվում նաև ուսումնական տարվա մեկնարկին անհրաժեշտ ծրագրերի, նախագծերի, աշխատակարգերի, անհատական պլանների մեջ. դրանք հրապարակվում են սահմանված կարգով։

Սեպտեմբերի 1-ը՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով Գիտելիքի և դպրության օրը, կրթահամալիրում ճամփորդությամբ ուսուցման ստուգատես է՝ հայրենագիտական-բնապահպանական-բարձունքների նվաճման նախագծերի մեկնարկ։ Կրթահամալիրի տարատարիք սովորողների, ծնողների, ուսուցիչների համար տոնը դուրս կգա ուսումնական հաստատության առօրյա միջավայրից, կանցնի քաղաքով ու հանրապետությունով՝ սրանով դառնալով ընտանեկան, հասարակական, օգտագործելով մայրաքաղաքի, քաղաքամերձ հարթակները-հաստատությունները։
Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը հայտարարել է ավագ դպրոցի նոր սովորողների, կրթահամալիր ընդունվող ուսուցիչների հետ տոնը Արագածի հարավային գագաթին նշելու իր վճռականությունը, որ ավանդույթի ուժ ունի։ Այս օրերին հրապարակվում են սեպտեմբերմեկյան ճամփորդական մյուս նախագծերը։ Կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ավարտվում են թարմացման, «Լողափնյա աշնան»  միջավայրի ձևավորման-ամբողջացման աշխատանքները՝ էլի որպես ուսումնական նախագիծ։
Սեպտեմբերի 1-ին դպրոցների ղեկավարները, գրասենյակները աշխատում են, 2018-2019-ի ընդունելությունը շարունակվում է սահմանված կարգով. գործում են կրթահամալիրի ուսումնական կենտրոնները, ծառայությունները՝ սեպտեմբերի 3-ը պատշաճ սկսելուն ուղղված իրենց աշխատանքներով։

2018-2019 ուսումնական տարին, ուսումնական առաջին շրջանը կրթահամալիրով մեկ նախագծային ուսուցման՝ սեպտեմբերի 3-7-ի շաբաթով են սկսվում։ Սեպտեմբերի 3-ին՝ օրվա առաջին կեսին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ենք ընդունում կրթահամալիրում, իր նախաձեռնությամբ։ Մենք նախագահին կներկայացնենք կրթահամալիրի Բանգլադեշը, մեր ջանքերով ստեղծվող «Կրթական պարտեզ» նախագիծը, կրթահամալիրի ուսումնական ագարակը,  Արատեսի դպրական կենտրոն-բնության գրկում դպրոցը՝ իր շուրջտարյա ճամբար-ուսումնական հավաքներով, հեղինակային կրթական ծրագրով իրականացվող հանրակրթական կամուրջները՝ որպես հանրակրթության միջավայր։

Նույն օրը՝ կեսօրից հետո մեզ այցելում է ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ մեզ հետ դիմավորելու ստամբուլցի մեր գործընկերներին, «Երևան-Ստամբուլ» հերթական ճամբարի մասնակիցների հետ զրուցելու, քննարկելու հանրակրթական կամուրջների զարգացման-տարածման հնարավորությունները, խնդիրները։

Սեպտեմբերի 4-ին կրթահամալիրի 6 տարեկանների կրթական շքերթն է, 5-ին՝ 5 տարեկաններինը։ Իրենց ծրագրերով-աշխատակարգերով շքերթով կանցնեն նոր ընդունված 2-12-րդ դասարանցիները, քոլեջի ուսանողները, աշխատողները, որ կրթահամալիրի Բանգլադեշի քարտեզը յուրացնեն քայլքով, ու բոլորինը դառնան ուսումնական մեր բոլոր հարթակները։

Բարի մեկնարկ։

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի