• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքային այց Վայոց ձոր. հաշվետվություն

Այցի խնդիրը Վայոց ձորում՝ Եղեգիսի կիրճում, կրթության կազմակերպման պատասխանատուներին հեղինակային կրթական ծրագրով նախագիծը ներկայացնել էր։ Կրթահամալիրի 14 հոգիանոց աշխատանքային խումբը ճանապարհ ընկավ ճիշտ ժամը 7-ին, ինչպես նախատեսված էր։

Ճանապարհին Արարատյան դաշտի, Վայոց ձորի խնդիրների, պատմական դրվագների, բնակավայրերի ու մարդկանց մասին կարճ անդրադարձներ արեց կրթահամալիրի տնօրենը։ Կանգառները հայրենագիտական-հայրենադիտական էին, բնապատկերներ գրանցելու ու դրանց ֆոնին լուսանկարվելու վայելքով։ Ճանապարհին երկու նախագիծ նշեցինք՝

  • «Երգ Երգոց. կարդում են դասավանդողները» նախագիծը Զանգակատուն-Չանախչիում
  • Ուսումնական-հայրենագիտական ճամփորդություն Գնիշիկ

Ինչպես նախատեսված էր այցի ծրագրով, Վայոց ձոր մարզպետարանում հավաքվածներին՝ մարզպետի՝ կրթության գծով պատասխանատու տեղակալ Նանե Ասատրյանի, մարզպետարանի կրթության վարչության մասնագետների, Եղեգիսի համայնքապետի, դպրոցների ղեկավար ներկայացուցիչների խմբին ներկայացրինք կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող-իրականացվող-տարածվող հեղինակային կրթական 2018թ. ծրագրով Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի խոշորացված համայնքում, կրթական գործի կազմակերպման նոր մոդելի տարրերի մշակման, փորձարկման մեկնարկի աշխատանքային նախագիծը, կրթահամալիրի տնօրենը պատասխանեց հարցերին։ Պայմանավորվածություններ.

  • Եղեգիսի կիրճում «Արատես» համատեղ բաց ճամբար-ուսումնական կենտրոնի՝
    – նախապատրաստման աշխատանքներ՝ հուլիսի 30-ից
    – բլոգի գործարկում օգոստոսի 1-ից
  • Եղեգիսի կիրճում համատեղ բաց ճամբարում մշակութային-հայրենագիտական մի արշավը՝ «Քարե ժապավեն» (ղեկավար՝ Նանե Ասատրյան)
  • 2018թ. հոկտեմբերին Եղեգնաձորում հարսանիք-համայնքային ծես
  • Մանկավարժական աշխատողների օգոստոսյան վերապատրաստումների մասին տեղեկությունը փոխանցել մարզպետարանի միջոցով
  • Համատեղ նախագծերը սկսել այն դպրոցի հետ, որ կնախաձեռնի։

Հանդիպման տեսանյութը՝ Արմինե Թոփչյանի ՖԲ էջում

Հավաքից հետո Եղեգնաձորի երիտասարդական կենտրնում կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպում էր իրենց նախաձեռնությամբ, իսկ Համլետ Խաչատրյանի հայրական տանը՝ Քնարիկ Ներսիսյանի «Զրույցներ Համլետ Խաչատրյանի հետ և նրա մասին» նախագծով հանդիպում Համլետի եղբոր՝ Խաչիկի հետ։ Եղեգնաձորյան օրն ամփոփեցինք միասին՝ Խաչիկ Խաչատրյանի հյուրընկալ հարկի տակ (Տեսանյութերը՝ Արմինե Թոփչյանի ՖԲ էջում)։ Եղեգնաձորում հազար տարի չէի եղել, հին ծանոթներին հանդիպումը անցած սիրուն օրերի ջերմ հիշողություններ արթնացին…

Եղեգիսի համայնքի գյուղեր մեր այցելությունն ընդհատվեց համայնքի կենտրոն Շատինում միջադեպով, որտեղ մի խումբ մարդիկ, իրենց կարծիքով, իրենց համայնքային խնդիրն էին «լուծում»։ Ճանաչողական, մարդուն ու մարդկայինը գնահատելու, իրավունքի, բարոյագիտության լուրջ պարապմունք էր։ Կրթահամալիրի տնօրենի ամփոփումը։

Խումբը այցելեց Զորաց եկեղեցի, Արատեսի վանք (Սիդոնյա Վիրաբյանի անդրադարձը)։ Վայոց ձորից վերադարձանք Սելիմի հայտնի, ձմռանը անընդհատ փակվող լեռնանցքով, Մարտունիով, Սևանով. կանգառները՝ լեռնանցքի տարբեր հատվածներում, Օրբելյանների 14-րդ դարի իջևանատանը, Գեղհովիտի հին գերեզմանատանը, Սևանի ափին՝ Անուշ Համբարյանի Սևանի ալիքների հետ խաղ-լողով։

Սուրբ Երրորդության մոտ վերջին կանգառն արեցինք երեկոյան ժամը 10-ին մոտ։

Շնորհակալություն միասին ապրած օրվա, ստացած դրական լիցքերի, բացահայտումների համար ճամփի ընկեր սեբաստացիներին, կիրթ, հոգատար ուղեկցության համար՝ վարորդ Գագիկ Հարությունյանին, աջակցության համար՝ կրթահամալիրի արհմիությանական կազմակերպությանը, Վայոց ձորի մարզպետարանին, Եղեգիսի համայնքապետարանին։ Վայոց ձորի դեղձը, Արարատի ձմերուկ-սեխն անմահական էին՝ Սելիմի աղբուրների ջրով լվացված-սառեցված։

Նյութեր

Ֆոտոշարքեր

Հաշվետվության համակարգումը՝ Սուսան Մարկոսյանի