• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2000 կիլոմետր և 36 ժամ

2000 կիլոմետր և 36 ժամ։ Միանգամից խուճապ է, չէ՞, առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է այդքան երկար ճանապարհ գնալ։ Հավատացեք, որ շատ էլ հավես է։ Ճանապարհը սովորեցնողի դերում է։ Մեկ օրում երեք երկրում ենք եղել՝ Հայաստան- Վրաստան- Թուրքիա։ Լույսն ու մութը իրար են հաջորդում, հետո՝ քաղաքները, և թվում է՝ հասանք սպասվածին՝ վրաց-թուրքական սահման, ու երազանքի քաղաքն արդեն շատ մոտ է։ Ինչքան ուզում ենք շուտ հասնել, այնքան հեռավորությունը մեծանում է։ Սարպիի սահմանի հերթն ու ամբոխը մի պահ հիշեցրեց վերջին օրերի Երևանս. փակած փողոցներ ու մարդկանց ահռելի կուտակում հրապարակում։ Այստեղ մի բան գրանցեցի. մենք՝ հայերս, շատ քաղաքակիրթ ենք, համբերատար ու կարգապահ։ Երկրի սահմանն անցնող վրաց ժողովուրդը նման էր վայրի մի ամբոխի, որ բարձր ձայներով ու մեծ ուժով հրում էր ու առաջ անցնում։ Այսպիսի բան երբևէ չէի տեսել ոչ մի երկրի սահմանն անցնելիս։ Այդ տարածքն ինձ մոտ տպավորված է որպես խաղաղ, կարգապահ,վերահսկվող մաս, որտեղ յուրաքանչյուրս զուսպ ենք, իրար հանդեպ բարյացկամ, համբերատար։ Երկու ժամից ավելի տևած բրդբրդոցը, քաշքշուկն ու լարումն ավարտվեց հիասքանչ տեսարանով. լուսաբաց ու ալեխառն Սև ծով։ Սև ծովը մեզ դեռ երկար պետք է ուղեկցեր։ Քաղաքներ, տներ, ճանապարհներ, մարդիկ։ Ծովի երկայնքով հանգստի ու մարզվելու համար հարմարանքներ են։ Մարդիկ վազում են, մարզվում կամ ուղղակի նստած են փոքրիկ նստարաններին։ Այդպես ճանապարհը շարունակվեց ու լույսին կրկին մութը փոխարինեց, սակայն քաղաքները ողողված են լույսերով։ Ահա աջևում էլ քաղաք տանող երեք կամուրջներից մեկն է։ 24.00 վերջապես Ստամբուլում ենք։ Մեզ դիմավորցին Տատյան վարժարանի տնօրեն տիկին Ալիսն ու հայերենի ուսուցիչ պարոն Արամը։ Դպրոցում անհամբեր սպասում էին մեր երեխաների պոլսահայ ընտանիքները, ովքեր ժպիտներով, սիրով ընդունեցին մեր երեխաներին ու գնացին։