• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը զեկուցում-դասախոսությամբ հանդես է եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Տնօրենի փոստից

Հարգելի պարոն Բլեյան
Պատիվ ունեմ առաջարկելու Ձեզ ծանոթանալ Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց կատարած այցի վերաբերյալ մեր հաղորդագրությանը՝ ՊԱՀՀ-ի «Ռազմավարագետ» կայքի հետևյալ հղումով.
https://razmavaraget.wordpress.com/2018/02/02/dr-prof-ltg-hayk-kotanjian-visit-to-mskh/

Հարգանքով՝ Առլեն Շահվերդյան 

 

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից հանրահռչակված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի ներկայացման նպատակով, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ-ի ԳՇ բարձրագույն սպայական կազմի կողմից անցկացվող հանդիպումների շրջանակում, ս.թ. փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն այցելել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց: Նրան ուղեկցում էին ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Սարուխանյանը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փոխգնդապետ Տիգրան Քոչարյանը և ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը:

Գեներալ-լեյտենանտ Քոթանջյանին ընդունել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, և նրա ուղեկցությամբ հյուրերը ճանաչողական շրջայց են կատարել կրթահամալիրի Ավագ դպրոցում՝ ծանոթանալով հաստատության շենքային պայմաններին, իրականացվող կրթական ուրույն ծրագրերին և նորարարական մոտեցումներին:

Շրջայցից հետո Ավագ դպրոցի «Սեբաստիա» դահլիճում, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի, կրթահամալիրի սաների ու դասախոսների մասնակցությամբ կազմակերպված հանդիպմանը, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը և փոխգնդապետ Տիգրան Քոչարյանը հանդես են եկել զեկուցում-դասախոսություններով՝ ներկայացնելով «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում:

Գեներալ-լեյտենանտ Քոթանջյանն իր խոսքում ներկայացրել է նաև ՊԱՀՀ-ի կրթական գործընթացի մեկնարկը և հիմնական ձեռքբերումները Համալսարանի բացման արարողությունից հետո: Նա նշել է ՊԱՀՀ-ի միջազգային համագործակցային շրջանակը, Համալսարանի կողմից կիբեռռեսուրսների կառավարման համակարգի երկու անկյունաքարային փաստաթղթերի՝ «ՀՀ Կիբեռանվտանգության ազգային ռազմավարության» և «ՀՀ Կիբեռռեսուրսների կառավարման ազգային համակարգի» նախագծերի մշակման գործընթացը, «Ազգ-բանակ» հայեցակարգի գիտական իմաստավորմանն ուղղված ՊԱՀՀ-ի հրատարակությունները, գիտահետազոտական գործունեությունը: Պրոֆեսոր Քոթանջյանն անդրադարձել է Համալսարանի կրթական բաղադրիչի զարգացմանը՝ ի դեմս Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի: Նա նշել է, որ ՊԱՀՀ-ի կրթական ծրագրի մեկնարկը տրվել է ՀՀ Նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 24-ին ՊԱՀՀ-ում արված դասախոսությամբ, որի ընթացքում նա ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» վերապատրաստման դասընթացի շրջանակում հանրությանը ներկայացրել է «ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման 2018-2024 թթ. ծրագրի» ռազմավարական ուղենիշները:

Փոխգնդապետ Տիգրան Քոչարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ պաշտպանության ոլորտի օրենսդրության վերանայման նպատակը և բովանդակությունը, պաշտպանության ոլորտի օրենսդրական վերակարգավորումները՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցման պայմաններում, ինչպես նաև դրանց նորմատիվ իրավական ապահովման գործընթացը: Բանախոսի կողմից «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի ներկայացումն անցել է ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով, քանի որ ներկաներին հետաքրքրում էին երկու նոր ծրագրերի մանրամասները, ավելին՝ շատերն ունեին զորակոչային տարիքի հարազատներ, զավակներ և նրանց շահագրգռվածությունը ծրագրերին մանրամասնորեն ծանոթանալու և տեղեկացված լինելու հարցում զգալի էր:

Հանդիպման վերջում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր խոսքում բարձր է գնահատել բանախոսների զեկուցումներն ու լսարանի հետ շփումները: Իր եզրափակիչ խոսքում պրոֆեսոր Քոթանջյանը հատուկ կերպով նշել է Աշոտ Բլեյանի հայրենանպաստ գործունեոթյունը 1988 թվականի աղետաբեր երկրաշարժի հետևանքների հաղթահարման Շտաբի ներքո և Ղարաբաղ կոմիետեին սատարման հարցում, ինչպես նաև նրա նվիրումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայացման և զարգացման գործում:

Հյուրերը տպավորված էին կրթահամալիրի ղեկավարության կողմից կազմակերպված բարձր ընդունելությունից: Հատկանշական է, որ հանդիպումն անցել է ինտերակտիվ մթնոլորտում, կրթահամալիրի սաները հնարավորություն ունեին ոչ միայն ուղիղ և ազատ կերպով հյուրերին ուղղելու իրենց հուզող հարցերը, այլև քննարկելու դրանք նրանց հետ:

 

 ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյան

Աղբյուրը՝ https://razmavaraget.wordpress.com