• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջատար ուսուցիչների ընտրության մասին

Կրթահամալիրը հաջողությամբ շարունակում է իրականացնել հեղինակային մանկավարժական ծրագրերի ստեղծումը, իրագործումը, տարածումը:

  • Այս ուսումնական տարում շարունակում է առաջնային մնալ մեդիակրթությունը՝ ուսումնական գործի կազմակերպումը անհատական համակարգիչների կիրառմամբ: Որպես աշխատանքային գործիքներ՝ օգտագործվում են սովորողների և դասավանդողների ուսումնական բլոգները, մեդիագրադարանը, տարբեր համակարգչային ծրագրեր, համացանցը:
  • Կրթական ծրագրի կազմակերպման գլխավոր ուղղություն են նախագծային ուսուցումը, ճամփորդությամբ ուսուցումը, կրթական փոխանակումները, լրացուցիչ կրթությունը՝ իր բազմազան ձևերով:
  • Այս տարի առաջին անգամ կրթահամալիրի դպրոցներում ընդունելություն է կատարվել նաև ուսուցման հեռավար ձևով:

Ուսումնական գործի նման կազմակերպումը միևնույն աշխատանքային խմբում միավորում է ինչպես տարատարիք սովորողների, այնպես էլ տարբեր առարկայական դասավանդողների: Ստեղծվել է իրավիճակ, երբ տարբեր առարկաներ դասավանդողները միմյանց հետ ավելի շատ են համագործակցում (կրթահամալիրում, ճամփորդությունների ընթացքում, ճամբարներում, կրթական փոխանակներում), քան նույն առարկան դասավանդողները: Այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մասնախմբերի ձևավորումը,  մասնախմբերի ղեկավարների ընտրության կազմակերպումը:

Կրթահամալիրի կանոնադրությամբ՝ մասնագիտական խմբերը (մասնախմբեր) կազմակերպում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մեթոդական-հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը: Մասնախմբերը ղեկավարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները՝ գործընկերների ճանաչմամբ հեղինակային կրթական ծրագրի ստեղծման, կազմակերպման և տարածման գործում շարունակական էական ներդրում ունեցողները: Առաջատար ուսուցիչը պետք է ընդունված լինի ոչ միայն որևէ կոնկրետ առարկայի, ուսումնական բնագավառի դասավանդողների կողմից, այլ նաև կրթահամալիրի դասավանդողների մեծամասնության կողմից:

Ստեղծված իրավիճակում առաջնահերթ կարևորություն է ստանում կրթահամալիրի նախ՝ առաջատար ուսուցիչների ընտրությունը:

Առաջատար ուսուցիչն ընտրվում է քվեարկությամբ, որին մասնակցում են կրթահամալիրի բոլոր մանկավարժական աշխատողները, մեկ ուսումնական տարով (2017թ. սեպտեմբերի-2018թ. օգոստոս): Առաջատար ուսուցչի թեկնածուն որոշվում է իր կատարած աշխատանքով՝ ուսումնական բլոգում տեղադրված և կրթահամալիրի կայքում, մեդիագրադարանում հրապարակված մանկավարժական նյութերի հենքի վրա:

Կարևորվում են 2016-2017թ. ուստարվա ընթացքում.

  • ղեկավարած ուսումնական նախագծերը, այդ թվում՝ քաղաքացիական,
  • այլոց ղեկավարած ուսումնական նախագծերին մասնակցությունը,
  • կատարած մենթորական աշխատանքը,
  • ղեկավարած կամ մասնակցած ուսումնական ճամփորդությունները, ճամբարները, կրթական փոխանակումները,
  • լրացուցիչ կրթությունը, այդ թվում՝ վարած վերապատրաստումները,
  • հրապարակված մեթոդական մշակումները, այդ թվում՝ թարգմանությունները, տեսադասերը, փորձի փոխանցման այլ ձևեր,
  • 2017-2018 ուստարվա նախագծերը:

Առաջատար ուսուցչի թեկնածության կարող է հավակնել կրթահամալիրի յուրաքանչյուր մանկավարժական աշխատող: Դրա համար նա հայտ է ներկայացնում: Մանկավարժության կենտրոնը ստուգում է հայտի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին և այն ուղարկում է մանկավարժական աշխատողներին։ 

Մասնախմբերը ձևավորվում են ընտրված առաջատար ուսուցչի շուրջը՝ իրենց կամավոր ընտրությամբ, անկախ դասավանդվող առարկայից: Կրթահամալիրի մանկավարժական աշխատողներից յուրաքանչյուրը պետք է լինի առնվազն մեկ մասնախմբի անդամ:

Մանկավարժության կենտրոն