• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ասպետական Հայաստան-Արցախ

Արցախի կրթության նախարարի հրավերով կրթահամալիրի պատանիների խումբը՝ սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանի, ներաձգության մարզիչ Գևորգ Հազարումնյանի հետ պատրաստվում է մասնակցելու Արցախում՝ Նոր Այգեստան գյուղի մոտ, Բալուջայի ափին, «Ասպետ» ռազմամարզական պատանեկան ամենամյա ճամբարին։ Սա կլինի հայաստանյան-արցախյան հինգերորդ համատեղ ճամբարը։ Հրավիրում ենք հայաստանյան ասպետների խմբում ընդգրկվելու Երևանի, մարզերի 10-12-րդ դասարանցի պատանիներին՝ ծնողների համաձայնությամբ։ Եկեք՝ ում հետաքրքիր է Արցախը, ով ուզում է հասակակիցների հետ դաշտային-ճամբարային աշխատանքով նախնական զինվորական պատրաստության հմտություններ ստանալ, իրականացնել հայրենագիտական ուսումնական նախագծեր Արցախում, ծանոթանալ-ընկերանալ... Ճամբարն անվճար է։ Շտապեք. տեղերը սահմանափակ են, իսկ հուլիսի 28-30-ին հայաստանյան խմբի նախապատրաստական հավաքն է Սևանի ափին՝ հայաստանյան ասպետների «Ժայռ» ճամբարում։ Ռազմամարզական ճամբարի մասնակցությունը նաև հայրենագիտական նախագիծ է՝ դեպի Նոր Այգեստան և վերադարձի ճանապարհներին նախատեսվում են կանգառներ Գորիսում, Խնձորեսկում, Դադիվանքում, Դրմբոնում, Սևանի ափին, Հայրավանքում, ճամբարում նախորդ տարիներին կազմակերպել են ճամփորդություն դեպի Տիգրանակերտ, Գանձասար, Շուշի։ Չենք կասկածում, որ ինչպես նախորդ տարիներին, պատանիների անվտանգ տեղաափոխումը կկազմակերպի ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Այսպես՝ միասին։

Հայտ ներկայացնելու համար այցելեք կրթահամալիր՝ ավագ դպրոց (Ա. Բաբաջանյան 25), զանգեք (+37410) 74 00 42, գրեք [email protected] հասցեով։