Համաներումն, ըստ Աշոտ Բլեյանի, «շատ ուշացած» քայլ էր

Ի հեճուկս ԱԺ նախագահի, ում կարծիքով՝ համաներումը «ճիշտ ժամանակին» արված քայլ էր, ԳԽ նախկին պատգամավոր Աշոտ Բլեյանը կարծում է, որ նախագահի հայտարարած համաներումը նույնիսկ «շատ ուշացած» քայլ էր: Ամեն դեպքում, «Առավոտի» հետ զրույցում Բլեյանը երեկ «լավ» համարեց, որ այդ քայլը վերջապես արվեց, ու հավելեց. «Դա արդեն արդյունք է: Անարդարությունը, անազատությունը Հայաստանում մի փոքր պակասեց, եւ դա չի կարող հասարակության վրա ազդեցություն չգործել: Ակնհայտ ապօրինի դատապարտված մարդիկ ազատության մեջ կլինեն, մեզ հետ, իրենց ընտանիքների հետ: Ապրելու մեր մեղքը վերացավ»: Թե քաղաքական իմաստով այս քայլին մոտ ապագայում ինչ զարգացումներ կհաջորդեն, ինչ հնարավոր քաղաքական ինտրիգներ ու վայրիվերումներ կլինեն, մեր զրուցակցին այնքան էլ չի հուզում: Նա մնում է իր համոզմանը, որ Հայաստանի առջեւ կանգնած են խնդիրներ, որոնց լուծումն անհնար է անգամ յուրաքանչյուրիս, որպես քաղաքացու, ներդրման. «Եթե չկա մի իրավիճակ, որ ես իմ տաղանդով պետք է մասնակցություն ունենամ այդ խնդիրների լուծմանը, ապա անիմաստ է»: Քաղաքական իշխանության եւ ընդդիմության երկխոսության թեման էլ նրան չի զարմացնում կամ զայրացնում, այն պարագայում, երբ այդ ուժերն ապրում են նույն հասարակության մեջ, նույն խնդիրների պայմաններում. «Ո՞նց կարող ենք ապրել նույն ժամանակում ու իրար հետ չհամագործակցել, մեկուսացված ապրելը ո՞րն էր: Դա էր ինձ համար նոնսենս»: Ավելին, այն, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունն ունեն ընդունված, կազմակերպված լիդերներ, Աշոտ Բլեյանի համոզմամբ՝ առավել հեշտացնում է իրավիճակը եւ խոսելու հնարավորությունները. «Եվ չօգտվել այս իրավիճակից, կներեք, լուրջ չէր: Այլ հարց է, թե սա ինչի կբերի հետո: Ենթադրում եմ, որ յուրաքանչյուրն էլ ունի պահանջ, խնդիր, բայց, միեւնույն է, սա էր ճանապարհը իրենց պահանջները, հավակնություններն իրացնելու եւ իրականացնելու: Մենք ուզում էինք տարածաշրջանում թուրքերի, ադրբեջանցիների հետ գտնել համագործակցության բանաձեւը՝ առանց ներհասարակական համաձայնությա՞ն, ունենալով տարբեր պահանջնե՞ր»: Բլեյանի համար մի բան պարզ է, կամ ավելի շուտ նա ուզում է հավատալ, որ այսուհետ բռնությունները, մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների ոտնահարումը, արհամարհումը այլեւս անցյալ են: Հենց սրա շուրջ է, որ, ըստ մեր զրուցակցի, պետք է պայմանավորվածության գալ, որպեսզի հնարավոր լինի խնդիրներ դնել ու լուծել. «Դա չի նշանակում հրաժարվել խնդիրներից: Լուծման մեթոդն է փոխվում, որը քաղաքական իշխանությունը եւ ընդդիմությունն իրենց օրինակով կպարտադրեն հասարակությանը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ այս անպատասխանատու, անմեղսունակ վիճակը հասարակությունն ու անհատը, հասարակությունն՝ իր բոլոր ինստիտուտներով, կհաղթահարի: Կհաղթահարվի այս անապագա ներկան»:
«Առավոտի» դիտարկմանը՝ որ ՀԱԿ-ն ԱԺ-ում մեկ կամ երկու տասնյակ պատգամավորական մանդատ կունենա, դրանից մեր հասարակության խնդիրները կսկսեն լուծո՞ւմ ստանալ, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ես ընդհանրապես չմեկնաբանեցի, չվերլուծեցի, որեւիցե բան չասացի: Ես ասացի մեթոդը: Որ իմ ու ձեր կյանքը արմատական փոխելու հրաշագործ եղանակներ են միանգամից երկնքից ընկնում՝ ես չգիտեմ: Դրանք մանկամիտ երազներ են: Ուզում եմ հասկանալ՝ մեր գիտակցության մեջ բեկում կատարվե՞լ է, թե՞ մնացել ենք հին մակարդակում, հին հարթության վրա, ու այդ մակարդակում լուծել նոր խնդիրները: Ես կարծում եմ՝ մեզ պարտադրված է հարթության փոփոխություն, եւ վստահ եմ, որ այդ հարթությունը կոչվում է համագործակցություն, գործընկերություն, որտեղ բոլոր լուծումներն ու հարաբերություններն անպայման իրավական են»: Հետաքրքրվեցինք՝ այս նոր հարթությունում Աշոտ Բլեյանը ՀՀ երկրորդ նախագահի համար տեղ տեսնո՞ւմ է: «Հայաստանում գործող մարդ չէ՞, իհարկե՝ կա, այլ հարց, թե ի՞նչ տեղ է, ի՞նչ դեր է իրեն վերապահված: Դա էլ կերեւա»,- եղավ պատասխանը: Իսկ ինչպե՞ս է մեր զրուցակիցը վերաբերվում մարտի 1-ը բացահայտելուն ուղղված Սերժ Սարգսյանի հանձնարարականներին եւ այդ համատեքստում Ռոբերտ Քոչարյանի ակտիվացում-անհանգստություններին: Բլեյանը պատասխանեց. «Չեմ ուզում առանձին մարդկանց գործողությունները մեկնաբանել: Ինձ համար կարեւոր է մոտեցումը. մարտի 1-ի, ընդհանրապես՝ քաղաքական ու տնտեսական այլ հանցագործությունների բացահայտված լինելու պահանջն օրակարգից որեւիցե մեկը կարո՞ղ է հանել: Եթե այսօր հայտարարեն կամ չհայտարարեն, վաղն անպայման դրանք դառնալու են օրակարգային հարց: Դա հո հայտարարելով, ասելով չի: Ես կարծում եմ, որ այս հարցերը չեն, որոնց շուրջ այսօր պետք է լինի խոսակցությունը, այլ համագործակցության սկզբունքների ու բանաձեւի շուրջ, ու այդտեղ պետք է լինել մինչեւ վերջ հետեւողական: Կան սկզբունքներ, որոնք պետք է հարգվեն, ու դրանք իրավական են: Եթե ես ինքս ինձ վրա վստահ եմ, գիտեմ, որ չեմ ծախվում, իմ սկզբունքներին չեմ դավաճանում, ապա ինչի՞ց եմ վախենում ու անհանգստանում: Բայց եթե գիտեմ, որ հենց հիմա հրաշքով չեղավ, ուրեմն վաղը ծախվելու եմ՝ իհարկե, վտանգավոր իրավիճակ է, ու ոչինչ չի փոխվի: Ամեն մարդ անհրաժեշտ չափով պետք է ինքն իրեն ճանաչի եւ ինքն իրեն հարց տա»: Իսկ հայ իրականության ողբերգությունը մեր զրուցակիցը համարում է այն, որ գաղափարների մարդիկ գաղափարին չեն ծառայում. «Հիմա եկել է ժամանակը, որ դիմություն թե ընդդիմություն, յուրաքանչյուրս, որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է գաղափարին ծառայենք, ոչ թե լինենք սովորական հացակեր, առեւտրական, խանութպան, փող աշխատենք, տուն պահենք եւ այլն: Իսկ գաղափարները հրապարակված են»: