• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վանաձորի ռոբոտաշինության երկու խմբակների աշակերտների այցը Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Այսօր մենք՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի և Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջի Արմաթ լաբորատորիայի աշակերտներս, այցելել ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիր՝ մասնակցելու ամենամյա 4-րդ բնագիտա-տեխնիկական ստուգատեսին:

Մեզնից մի քանիսն արդեն երկրորդ անգամ էին գալիս այս հյուրընկալ կրթօջախ, որտեղ անծանոթ աշակերտներն ու ուսուցիչներն անգամ շատ ջերմ մոտեցում էին ցույց տալիս:

Նախ առավոտյան մեզ դիմավորեցին ընկ. Հասմիկն ու ընկ. Արմանը, ովքեր ամբողջ օրը մեզ ծանոթացրեցին կրթահամալիրի դպրոցների հետ: Նրանք շատ բարեհամբույր էին և համբերատար պատասխանում էին մեզ հետաքրքրող բոլոր հարցերին:

Շատ տպավորված էինք բրուտագործական խմբակով. այնտեղ շատ մանրամասն մեզ պատմեցին կավի մշակման փուլերի մասին, ցույց տվեցին պատրաստի և կիսատ աշխատանքներ, ինչպես նաև ծանոթացրեցին թրծման վառարանների առանձնահատկությունների հետ:

Մեզ շատ  հետաքրքրեց նաև հրաձգարանը, տարբեր մարզասրահները, ընթերցասրահը: Իսկ ամենաշատը՝ ընկեր Գնելի ռոբոտաշինության լաբորատորիան, որտեղ ուսումնասիրեցինք նրա նոր ստեղծած եռաչափ տպիչը և Երկիր մոլորակի մոդելը:

Ժամը երեքին մենք ճաշեցինք ճաշարանում, որտեղ կրթահամալիրի խոհարարարուհին իր գերող ժպիտով սպասում էր մեզ: Անցյալ տարի եկած մեր ընկերներն ուրախացան, երբ նրան տեսան: Իրոք, որ շատ համեղ սալաթներ և կերակրատեսակներ էր պատրաստել նա մեզ համար:

Օրվա վերջում գնացինք զբոսնելու երեկոյան Երևանում:

Երբ վերադարձանք, դարձյալ մեզ էր սպասում համեղ ընթրիքը: 

Հիմա խաղեր ենք խաղում և ուզում մեր ստացած տպավորությունները կիսել բոլորի հետ: Իսկ այս հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին ուզում ենք ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Արաքսյա Բալյան